«Ասում են՝ բոլոր մեղեդիներն արդեն գրված են, ես համամիտ չեմ…» – Լուսանկարներ, Տեսանյութեր

- in Մշակույթ

Երիտասարդ կոմպոզիտորի այս խոսքերի ապացույցն իր իսկ երաժշտության մեջ է: Երբ լսում ենք նրա ստեղծած մեղեդիները`վոկալ, թե գործիքային, դրանք թվում են ծանոթ, բայց` նոր, պարզ ու հիշվող, բայց` հագեցած զարգացումներով, հայկական ժողովրդական և էստրադային ելևէջներով համեմված, միաժամանակ`ակադեմիական:

Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի բնակիչներ` շեփորահար հայրն ու մանկավարժ մայրը որոշել էին, որ իրենց առաջնեկը պիտի անպայման երաժիշտ դառնա և ուսանի Մոսկվայի կոնսերվատորիայում: Իրագործվեց երազանքի առաջին հատվածը…

Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արվեստի հետևորդը ծնվեց նրա մահվանից 3 օր անց` 1983-ի նոյեմբերի 14-ին: «Կոմպոզիցիան ամենաշատը կուզենայի սովորել հենց Բաբաջանյանի մոտ, թեկուզ` 2 դաս», ասում է Մհերը, թեև ինքը 6 ամիս առիթ է ունեցել ուսանելու մեկ այլ լեգենդի` Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործական դասարանում…

Երաժշտական կրթությունն սկսվեց Էջմիածնի Մակար Եկմալյանի անվ. թիվ 1 երաժշտական և Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցներում, շարունակվեց Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում։ Պատանին աչքի էր ընկնում երաժշտական ընդգծված տվյալներով, բայց չափից դուրս լռակյաց էր: Դաշնամուրի ուսուցչուհին` Հռիփսիմե Ստեփանյանը պատմում է, որ Մհերը դասերի ժամանակ իր հարցերին պատասխանում էր միայն գլխի շարժումներով: Տարիների ընթացքում նա սովորեց իր ներսում կատարվածն ամբողջությամբ արտահայտել երաժշտության լեզվով` որպես կատարող և կոմպոզիտոր: Եվ հենց ինքն էլ օգնեց բացահայտելու Մհերի երաժշտական ես-ը:
Որպես դաշնակահար Մհեր Սամվելյանը նախընտրում է հզոր էներգետիկայով, ընդգրկուն ակորդներով վիրտուոզ ստեղծագործություններ: Որպես մշտական ոգեշնչման և ուսումնասիրման օրինակներ էլ տան դաշնամուրին դրված են Բաբաջանյանի
«Հերոսական բալլադը» և Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտը:

Ստեղծագործական փորձերն սկսվեցին մանկուց`փոքրիկ պիեսներ դաշնամուրի համար, ապա` լարային կվարտետ` նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին, կոմպոզիցիաներ ջութակի, սաքսոֆոնի համար, Ձմեռ Պապիկի մասին պատմող կարճամետրաժ “The Santa” մուլտֆիլմի սաունդթրեքը (ռեժիսոր` Լևոն Պետրոսյան): Մեծ թիվ են կազմում Մհերի երգերը`տարբեր հեղինակների հայերեն, անգլերեն և ֆրանսերեն խոսքերով: Դրանցում առանձնանում են հոգևոր, հայրենասիրական և սիրո թեմաները: Ապագա կնոջ` Սոնա Մկրտչյանի հետ ծանոթանալուց հետո սկսեց ստեղծագործել նաև քանոնի համար:

Երկու երաժիշտների միությունը լիարժեք դարձրեց և նորովի ուղղորդեց մասնագիտական կայացման ուղին` երկուսի համար էլ: Ծանոթության և միասին ներդաշնակ «համահնչյուն» կազմելու մասին սիրով կիսվում է Սոնան. «Սովորում էի Հայորդաց տանը, Մարինե Միրզոյանի քանոնի դասարանում: Երբ մեր նվագակցողը գնաց, փոխարինելու եկավ Մհերը: Առանց թաքցնելու ասեմ` առաջին վայրկյանից սիրահարվեցի, թեև մենք շատ տարբեր ենք թե° արտաքինով, թե° բնույթով: Մհերն էլ ինձ նայեց փայլող աչքերով, և այդպես սկսվեց ամեն ինչ: Շատ ամուր կապ կա մեր միջև, և իր քանոնի կոմպոզիցիաները կատարելիս էլ կարծես հատուկ էներգիա եմ ստանում:

Մեր կյանքում շատ բան փոխեց ԵՊԿ պրոֆեսոր, ստեղծագործող քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանի հետ ծանոթությունը. նրա շնորհիվ Մհերի գործերն առաջին անգամ կատարվեցին արտերկրում: Բացի այդ, այժմ ես ուսանում եմ կոնսերվատորիայում, հենց տիկին Հովհաննիսյանի քանոնի դասարանում: Մհերի քանոնի 1-ին կոնցերտը ինձ է նվիրված, 2-րդը` Ծ. Հովհաննիսյանին: Մոտ ապագայում նախատեսում ենք տպագրել քանոնի պիեսների ամբողջական ժողովածու, որը կրկին կնվիրվի անվանի քանոնահարուհուն»:

Երբ ծնվեց նրանց առաջնեկը` Դավիթը, Մհերը վազեց դաշնամուրի մոտ և անմիջապես ստեղծեց երկու գործիքային կոմպոզիցիա, խորագիրն էլ գրեց նոտաների վերևում` «Դավիթին»… Այժմ Դավիթն ու «Դավիթ»-ն արդեն 5 տարեկան են…

Սակայն մուսան միշտ այդպես արագորեն չի թակում մտքի դռները, այն երբեմն տանջում է ստեղծագործողին… Այդ զգացողությունը խորթ չէ նաև Մհերին. «Հատկապես արդյունավետ է ստացվում համագործակցությունը Ներսես աբեղա Հարությունյանի հետ, ում հետ նաև մտերիմ են: Բայց երբ նրա «Կտրատված ծառեր» բանաստեղծության հիմքով երգ պիտի գրվեր, մեղեդին ոչ մի կերպ չէր գտնվում. Ուզում էի տանից դուրս գալ, մուտքի մոտ նկատեցի սղոցը. վերցրի այն, մեր բակի ծառն սկսեցի կտրել, և՝ վերջապես ծնվեց երաժշտությունը: Հետագայում կտրված ծառի թեման զարգացավ և անգամ հիմք դարձավ նույն վերնագրով օպերայի համար, որում արտացոլված են արցախյան պատերազմի փուլերը…

Երիտասարդ երաժիշտների գործունեությունը շարունակվում է հայրենի քաղաքում. Մհերինը` որպես երգեհոնահար, նվագակցող և կոմպոզիտոր, Սոնայինը` որպես քանոնի դասատու: «Էջմիածինը չեմ փոխի որևէ այլ վայրի հետ», հավատացնում է Մհերը: «Այն սրտիս մեջ է, ուր էլ որ լինեմ, հենց հասնում եմ Հռիփսիմե եկեղեցու մոտ, ինձ հանգիստ եմ զգում: Մայր տաճարի հետ կապը նույնպես շատ ամուր է, անգամ այստեղի երգեհոնի հնչողությունն ինձ համար յուրահատուկ է»: Սոնան էլ իրենց ապագան պատկերացնում է նաև արտասահմանում համատեղ համերգներով, որ Մհերի երաժշտությունը ճանաչեն և գնահատեն նոր մարդիկ: Իսկ նա կարող է ստեղծագործել ամեն օր` հերթական անգամ ապացուցելով, որ մեղեդիներ դեռ ծնվում են…

Հասմիկ Համբարյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...