Gagik Khachatryan

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի անցումային արդարադատությանը վերաբերող բաժնում նշվում է, որ հավաքվելու են 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր:

Անցումային արդարադատության գործիքակազմը նախատեսվում է իրագործել նաև հետևյալ շրջանակում՝ Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ: Դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները, ինչպես նաև հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները տրամադրվելու են իրավապահ մարմիններին:

Այսպիսով Հայաստանում նոր-նոր տրվում է անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրության հանրային, փորձագիտական քննարկումների մեկնարկը: Այս անթույլատրելի հապաղումն իհարկե չունի ռացիոնալ որևէ բացատրություն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անցումային արդարադատության անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ մեկ տարի առաջ՝ 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում:

Սակայն սրան անդրադառնալու պատեհություն դեռ կունենանք, իսկ առայժմ արձանագրենք, որ անցումային արդարադատության մեկնարկը փաստացի տրվել է առանց ինստիտուցիոնալ, օրենսդրական հիմքերի:

Երեկ լայնածավալ խուզարկություններ են կատարվել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց բնակարաններում, տարածքներում: «…Խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Այն, որ Գագիկ Խաչատրյանը քրեաօլիգարխիկ համակարգի նշանային դեմքերից մեկն է, ու նրա պաշտոնավարման շրջանի չարաշահումների վերաբերյալ նույնիսկ մամուլում հայտնվել են տասնյակ նյութեր՝ ակնհայտ է: Մյուսը կողմից՝ մեզ շարունակում է անհանգստացնել այն հանգամանքը, որ նախկինում տեղ գտած չարաշահումները, հանցագործությունները բացահայտվում են հատվածաբար, տարերային, հաճախ՝ շոուի ակնհայտ բաղադրիչներով, ինչը, բնականաբար, որոշակի լարվածության ու շահարկումների տեղիք է տալիս:

Օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի գործը ԱԱԾ-ն քննարկում է ամիսներ շարունակ, ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց կատարել ձերբակալություն, արդյոք իշխանությունները վարկանիշ վերականգնելու խնդի՞ր ունեն Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում: Կամ արդյոք նման բռնոցիների հետևանքն այն է, որ նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ կլորիկ գումա՞ր «մուծվեն» պետությանը, ընդ որում՝ կամայական, սուբյեկտիվ մեխանիզմներով, ու ազատվե՞ն պատասխանատվությունից:

Օրինակ՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կազմակերպելը: Ընդ որում, պարզվեց, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով 800 մլն ՀՀ դրամ վերականգնվել է: Ենթադրվում է, որ Խաչատրյանը «մուծվելու» է նաև այս քրեական գործի շրջանակներում, ու դարձյալ ամեն ինչ իրականացվում է ոչ թափանցիկ եղանակով՝ ծնելով բնական հարցեր:

Գագիկ Խաչատրյանը և մյուսները այս գործընթացներով սահմանափակվելո՞ւ են, թե՞ նրանցով զբաղվելու է նաև անցումային արդարադատությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...