Գագիկ Ծառուկյանին դարձյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր չի ուղարկվել

- in Իրավունք
Gagik Tsarukyan

Գագիկ Ծառուկյանին դարձյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր չի ուղարկվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Աբովյանի ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը երկու անգամ հրավիրվել էր հարցաքննության, սակայն նախ պատռել էր Քննչական կոմիտեի ծանուցագիրը, ապա հայտարարել էր, որ ծանուցագիր ուղարկելով՝ իրեն վիրավորել են։ Ծառուկյանի այս հայտարարությանը ՔԿ-ն արձագանքել էր՝ նշելով, որ ծանուցագիր ուղարկելու մեջ վիրավորական ոչինչ չկա։

Երկրորդ անգամ՝ հունիսի 18-ին հարցաքննության հրավիրվելուց հետո, Ծառուկյանը դարձյալ չէր ներկայացել նախաքննական մարմին՝ փաստաբանի միջոցով իր պատասխանն ուղարկելով վարույթ իրականացնող մարմնին. «Ծանուցագիրը պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքի՞ն… Նախ դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»,-ասել էր նա։

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ հրկիզվել էր ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու շարժառիթը Ազգային ժողովում նրա արած հայտարարություններն են այն մասին, որ գործը սարքած գործ է. «Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց սրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»,- նշել էր նա։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ այս պահին չկա։