Գեղամ Պետրոսյանը հայտնվում է ազատության մեջ, սակայն շարունակո՞ւմ է մեղադրվել սպանության մեջ

- in Կեղտոտ լվացք

Մարտի 1 -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանն այսօր, ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։

Բանն այն է, որ այսօր լրանում է նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցով, ուստի ՀՔԾ-ն ամենայն հավանականությամբ որոշում պետք է կայացնի նրա խափանման միջոցը փոխվելու վերաբերյալ։

ՀՀ ոստիկանությա զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի 1-ի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:

Մարտի 1-ի գործում, ըստ ամենյանի, գործ ունենք հերթական շրջադարձային իրադարձության հետ, այս անգամ՝ ակնհայտորեն բացասական իմաստով։ Հայաստանում չեմ հիշում դեպք, երբ մեղադրյալն ազատության մեջ լինի, երբ նրան առաջադրված է սպանության մեղադրանք։ Առհասարակ՝ նման պրակտիկա չկա նաև աշխարհում, քանի որ սպանությունը համարվում է ծանրագույն հանցագործություն ու դրա մեջ մեղադրվող անձն, որպես կանոն, մեկուսացվում է հասարակությունից։

Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ խոսքը ոչ թե շարքային քրեական հանցագործության, այլ Մարտի 1-ի մասին է, ապա կասկածից վեր է, որ նախաքննության մարմնի այս «հումանիզմը» խիստ տարակուսելի է։ Դեռ շաբաթներ առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՔԾ-ն ավելորդ շտապողականություն է ցուցաբերել ու Գեղամ Պետրոսյանի մեղավորությունն ապացուցող իրական փաստերը, մեղմ ասած, բավարար չեն։ Եթե Պետրոսյանը հայտնվում է ազատության մեջ, այս վարկածն, անշուշտ, ավելի հիմնավոր, առարկայական է դառնում։

Սկզբունքորեն՝ եթե ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան հանցագործություն չի կատարել կամ նախաքննության մարմինը չունի բավարար ապացույցներ, ապա ոչ միայն պետք է փոխվի նրա խափանման միջոցը, այլ նաև հանվի նրան առաջադրված մեղադրանքը։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, սակայն նման «վրիպումներով» ՀՔԾ-ն հարված է հասցնում Մարտի 1-ի գործի նախաքննության օբյեկտիվությանը։

Օրինակ՝ եթե Գեղամ Պետրոսյանը հայտնվում է ազատության մեջ, սակայն շարունակում է մեղադրվել սպանության մեջ, ապա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն աղմուկ է բարձրացնելու, թե ինչու է կալանավորումը պարտադիր համարվում երկրոդ նախագահի պարագայում։

Մյուս կողմից՝ ցավալի կլինի, եթե պարզվի, որ ՀՔԾ-ն մարդուն մեղադրանք է առաջադրել՝ առանց բավարար ապացույցների։ Սա հարված կլինի Մարտի 1-ի գործի լեգիտիմությանը, մանավանդ, որ իշխանության ընդդիմախոսները հաճախ են պնդում, որ նախաքննության մարմինն առաջնորդվում է քաղաքական կոնյուկտուրայով։

Սակայն խնդիրն ավելի սկզբունքային է։ Գեղամ Պետրոսյանի կալանավորումից հետո իշխանությունը պնդում էր, որ Մարտի 1-ի գործը թևակոխել է կարևոր մի հանգրվան, երբ բանը հասել է կոնկրետ սպանությունների բացահայտմանը։ Հիմա փաստորեն ստացվում է՝ իշխանությունը զբաղվել է PR-ով՝ չունենալով իրավական համապատասխան փաստարկներ։

Այս հանգամանքը նույնպես «լեզու» է դնելու Քոչարյանի պաշտպանական թիմի բերանում․ երկրորդ նախագահի մեղադրանքը մնում է, այսպես ասած, օդի մեջ, երբ մի կողմից՝ չեն բացահայտվում տասը սպանությունները, մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործով երկու կարևոր ֆիգուրանտներ պատսպարվում են Ռուսաստանում՝ թույլ չտալով զազրելի այս ոճրագործության համապարփակ բացահայտումը։

Ամեն դեպքում՝ Մարտի 1-ի գործով այսօր սպասվում է նոր շրջադարձ, որի պատասխանատվությունը կրում է իշխանությունը։