Գեներալների բախտի ծանր անիվը. ինչ կատարվեց նրանց հետ

- in Մամուլ

Էդ մի տեղը բախտներս բերեց, որ Մանվելի հետ թողինք եկանք տուն, թե չէ հիմա էդ էլ էին կապել մեր գլխին, հայտարարել է Սերան Սարոյանը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, 2019-ի օգոստոսի 20-ին տված ասուլիսում:

http://lragir.amՏուն գնալու մասին հրահանգ տվել է այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համենայն դեպս թե նա, թե այդ օրերին բարձրաստիճան տարբեր զինվորականներ, ցուցմունք տալով փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցության վերաբերյալ, ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին հորդորել է իր տեղակալ Գրիգորյանին հայտնել, որ գնա տուն եւ սպասի իր վերաբերյալ որոշման:

Մինչ այդ Ազատության հրապարակում հնչել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը Մանվելի մասին, եւ վանկարկումները՝ Մանվել, Մանվել:

Տուն գնալուց հետո Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը հեռացվեցին բանակից, իսկ որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը նրանց դարձրեց պատգամավոր: Իրապես՝ բավականին բախտավոր դասավորություն, ինչպես նկատում է Սեյրան Սարոյանը:

Չբերեց թերեւս 10 զոհերի բախտը: Նրանք սպանվեցին հայտնի իրադարձությունների հետեւանքով, որոնք հասունացան իհարկե ոչ այն պատճառով, որ Մանվելն ու Սեյրանը գնացել էին տուն: Բայց գուցե այն պատճառով, որ Մանվելն ու Սեյրանը կարող էին եւ տուն չգնալ:

Հայ ժողովուրդը, հետհեղափոխական Հայաստանը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել տասնմեկ տարի առաջ Մարտի 1-ին, որը հանգեցրել է աննախադեպ ողբերգության՝ 10 զոհի: Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է՝ իշխանությունը պահելու համար ուժ է կիրառվել ընտրակեղծիքի դեմ բողոքող ընդդիմության եւ համակիր ցուցարարների նկատմամբ, ու կիրառվել է այնպիսի ուժգնությամբ, որ հանգեցրել է տասը զոհի՝ դիտավորյալ, կամ անկառավարելի թոհուբոհի մեջ:

Սա հարցի իրավական կողմն է՝ հայտնաբերել սպանության հրաման տվողին ու կատարողին:

Կա քաղաքական եւ թերեւս հոգեբանական կողմը՝ հասկանալ, թե ինչ է կատարվել, ինչն է ինչին հաջորդել, արդյոք եղել է իրավիճակն այդօրինակ ողբերգական սցենարով հասունացնելու նպատակ, դրա ներքին ու արտաքին շահառուներ, դերակատարների վարքագծի վրա ազդեցության լծակների կիրառումով ողբերգության հասունացում ընդհուպ կրիտիկական աստիճան:

Եվ այստեղ Մանվելի ու Սեյրանի «տուն գնալը» կարող է ստանալ էական նշանակություն, որովհետեւ ընդհանրապես առաջանում է հարց՝ ինչու՞ էին նրանք պատրաստվում «չգնալ տուն», որ հետո պետք է առաջանար տուն գնալու անհրաժեշտություն: Ինչու՞ էին նրանք ծրագրում գործել իշխանությունից, կամ Ռոբերտ Քոչարյանից առանձին, փաստացի դուրս գալ նրա դեմ, ստեղծելով բանակը կիսելու տագնապը եւ առաջացնելով դրանից բխող վտանգավոր մոտիվացիոն հիմքեր:

Սրանք հարցեր են, որոնք գուցե իրավական տիրույթում չեն, սակայն պակաս կարեւոր չեն մարտիմեկյան ողբերգական իրադարձությունները հնարավորինս ամբողջական գնահատելու համար: Որովհետեւ, միայն իրավական պատասխանատվության մեխանիզմի գործածումը, եթե անգամ հաջողվի դա անել ամբողջական ու անթերի, բավարար չի լինելու պետության ապահովագրությունն արձանագրելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան