«Գողական խրախճանք»՝ քաղմասում. «Օրենքով գող» Պզոյի, նրա ընկերների պահվածքը

- in Կեղտոտ լվացք

Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հնչել են կրակոցներ. կա զոհ, կան նաև վիրավորներ: Հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է հեղինակություն համարվող Համբարձում (Համբիկ) Առաքելյանը, որը կարճ ժամանակով էր Հայաստանում և մշտական բնակություն չուներ:

Ըստ մամուլի՝ վիրավորներից է նաև Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերը։ Նախնական վարկածով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա և Համբարձում Առաքելյանի միջև։

Ավելի վաղ էլ Ռուսաստանից ժամանած քիլլերի կրակոցից սպանվել էր «օրենքով գող» Մասիվցի Անդիկը:

Հայաստանը դարձել է երկիր, որտեղ հանցաշխարհը, քրեական հեղինակություններ կոչվող ոհմակը հանգիստ ինքնադրսևորվում են ոստիկանության հանցավոր անտարբերության, անգործության համատեքստում:

Ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է «ասֆալտին պառկեցնելու» աննպատակ ու ցուցադրական շոուներ, որոնց ստվերում փորձում է քողարկել իր փաստացի չգոյությունը:

Շաբաթ օրը համացանցը ցնցեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի և նրա ընկերների ամենաթող պահվածքը ոստիկանական բաժանմունքում: Այն, ինչ տեղի է ունենում «օրենքով գողի» մասնակցությամբ ոստիկանության բաժանմունքում, առնվազն՝ այս տեսանյութում արձանագրվածի շրջանակներում, ուղղակի սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը, ապացույցն այն բանի, որ Հայաստանում ոստիկանություն գոյություն չունի:

Եթե Պզոն ու նրա հանցախմբի ներկայացուցիչները նման ցուցադրական ու ցինիկ մեթոդներով քաղմասում նվաստացնում են ոստիկաններին, փաստացի՝ վարչապետին, նախագահին, պետական ողջ համակարգը, քաղաքացին հարկադրված է ինքնուրույն ու իր պատկերացումներով դիմել ինքնապաշտպանության: Եթե ոստիկանն օրենքի ուժով չի կարողանում պաշտպանվել հանցավոր բարքերից, ինչպե՞ս է «լավերից», նրանց ոտնձգություններից պաշտպանելու շարքային քաղաքացիներին:

Օսիպյանի ղեկավարած ոստիկանությունը «հերոսաբար» ասֆալտին է «փռում» Ամուլսարի շահագործման դեմ պայքարող կին ակտիվիստի, սակայն խեղճանում է, երբ հայտնի օլիգարխն ինքնիրավչություն է անում՝ փորձելով իր գավառական պատկերացումներով կազմակերպել կրակի բերանում հայտնված իր տարածքի ազատումը հրդեհից, կամ ինչպես էր իր աշխատակիցներին հորդորում մտնել հրդեհվող տարածք և այնտեղից դուրս բերել իրերը՝ թքած ունենալով մարդկանց անվտանգության և կյանքի վրա:

Հեղափոխությունից հետո ոստիկանությունը չի բարեփոխվել ու «արդյունավետ» իրականացնում է միայն ցուցարար ծեծելու «առաքելությունը»:

Իհարկե, պատճառներն ավելի խորքային են ու հանգում են տխուր այն եզրակացությանը, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել արդյունավետ մի համակարգ, առանց որի ոստիկանությունն ընդամենը ռեպրեսիվ գործիք է, սակայն՝ ոչ թե հանցաշխարհի, այլ՝ ցուցարարների դեմ պայքարում:

Բայց նաև փաստ է, որ հետհեղափոխական Հայաստանում ոստիկանությունը չի կարող ղեկավարել մեկը, որը նախորդ տարիներին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից «նկատվել» է ցուցարարներին խոշտանգելու մեջ և ոստիկանությունը կոնսոլիդացնելու համար չունի պրոֆեսիոնալ որակներ, խարիզմա:

Հետևությունները թողնում ենք քաղաքական իշխանությանը, թեև հասարակությունը համոզվել է, որ հեղափոխության թիմը վաղուց դարձել է ոչ թե ռեֆորմների, այլ քաղաքական կոմֆորմիզմի խորհրդանիշ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...