Գործ է հարուցվել. 15 միլիոն դրամի գույքի պակասորդ՝ Ազգային ժողովում

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը Գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրամի գույքի պակասորդի վերաբերյալ։

Աշխատակազմի ղեկավարի հրամանով այս տարվա մայիս ամսին իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ, բացակայում են 22 համակարգիչ, 2 արտաքին կոշտ սկավառակ, ականջակալներ և այլն:

Դատախազությունում փաստի առթիվ գործ է հարուցվել։ Որոշ տեղեկություններով՝ կոնկրետ ականջակալները կորել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը՝ դեռևս անցած տարի։ Դրանք բաժանվել են արտասահմանից եկած լրագրողներին և հյուրերին, որոնցից ոմանք, ըստ ամենայնի, մոռանալով՝ իրենց հետ են տարել ԱԺ-ին պատկանող գույքը։

ԱԺ մեր աղբյուրը փոխանցեց, որ ականջակալներից մեկը, օրինակ, Սերժ Թանկյանն է տարել, որը Փաշինյանի ընտրությանը հետևում էր խորհրդարանի՝ լրագրողների համար նախատեսված օթյակից։ Իսկ համակարգիչները նիստերի դահլիճում պատգամավորների ծառայողական նեթբուքներն են, որոնք նոր իշխանությունների ժամանակ փոխարինվեցին հայրենական արտադրության Արմթաբներով։ Նոր ԱԺ-ն ձևավորվելուց հետո դրանք առանց հանձնում-ընդունման բաժանվել են իրենց աշխատասենյակում համակարգիչ ունենալու խնդրանքով դիմած պատգամավորներին։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդարանում անհետացած գույքի մասին մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ո՞ւմ ժամանակ է եղել։ Եղել է, թե չի եղել գույքի անհետացում, դա կպարզի քննությունը, եկեք սպասենք»»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments