Գործ ունենք Հայաստանով անզգուշության եւ անտարբերությա՞ն, թե՞ նաեւ որոշակի դիտավորության հետ

- in Սոցիալական
Hrdeh

Հայաստանի այս կամ այն հատվածում բռնկվող հրդեհների մասին տեղեկատվությունը դարձել է վերջին շաբաթների ամենօրյա լրահոս:

Արտակարգ այդ իրավիճակը պայմանավորվում է բնակլիմայական պայմաններով, եղանակի չորությամբ, ինչը առաջացնում է հրդեհի մեծ վտանգ: Այդ մասին եղել են ԱԻՆ մի շարք զգուշացումներ քաղաքացիներին:

Բայց, ինչպես երեւում է, քաղաքացիները շատ անզգույշ են:

Միաժամանակ, հնարավո՞ր է արդյոք, որ այդ անզգուշությունը լինի դիտավորյալ: Եղանակային պայմանների հետեւանքով տեղի ունեցող հրդեհներ տարածված են ամբողջ աշխարհում, հենց այս օրերին այրվում է Ամազոնը, Ռուսաստանում՝ Սիբիրի անտառները, մի քանի տարի առաջ Կալիֆորնիայում էին հսկայածավալ անտառային հրդեհներ: Այդուհանդերձ, Հայաստանի պարագայում կա մի հետաքրքիր հանգամանք, որը առնվազն տալիս է «դիտավորյալ անզգուշության» մասին հարցադրման հիմք:

Հայաստանում բառի բուն իմաստով թեժ ամառ էր նաեւ 2017-ին, երբ մոտ մեկ շաբաթ պայքար էր գնում Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար: Ի վերջո, դա հնարավոր եղավ անել Ռուսաստանից բերված օդանավի միջոցով՝ վերեւից ջուր լցնելով հրդեհի գոտու վրա: Ամիսներ անց,բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ամերիկացի գործընկերները տրամադրել են Խոսրովի արգելոցի հրդեհի արբանյակային լուսանկարներ, ըստ որոնց՝ հրդեհը բռնկվել էր համաժամանակյա երեք օջախներում, որոնք եղել են տարբեր հեռավորության վրա:

Բնապահպանության նախարարի այդ հայտարարությունը թե խորհրդարանում, թե հասարակական-քաղաքական, մեդիամիջավայրում չարժանացավ համարժեք ուշադրության, եղան քիչ անդրադարձեր:

Նորություն չէ, որ ամերիկյան արբանյակային տեխնոլոգիաները տալիս են ավելի մանրամասն պատկերի հնարավորություն: Ըստ այդմ, կարո՞ղ էր ամերիկյան կողմը տիրապետել հրդեհի բռնկման ավելի մանրամասն լուսանկարների, թե ինչը կամ ովքեր են եղել կրակի պատճառ համաժամանակ երեք օջախներում:

Համենայն դեպս, 2018 թվականի մարտին Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարեց Խոսրովի արգելոցի հրդեհի գործը փակելու մասին:

Չկայի՞ն ավելի մանրամասն լուսանկարներ, կամ դիտավորության փաստեր, թե՞ չկար ցանկություն կամ նպատակահարմարություն՝ գնալ ավելի հեռուն եւ ամերիկյան կողմից խնդրել ավելի մանրամասն աջակցություն:

Իսկ կարո՞ղ է Հայաստանի նոր իշխանությունը 2019-ի արտակարգ ամռան առիթով ԱՄՆ-ից արբանյակային լուսանկարներ խնդրել, հասկանալու համար ներկայիս համատարած բռնկումների մանրամասները, որպեսզի հնարավոր լինի գնահատել՝ գործ ունենք Հայաստանով անզգուշության եւ անտարբերությա՞ն, թե՞ նաեւ որոշակի դիտավորության հետ, որի նպատակը կարող է լինել իշխանությանն անընդհատ լարված եւ արտակարգ ռեժիմում պահելը՝ օգտագործելով դրա համար բարենպաստ եղանակը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...