Դավիթ Դավթյան. անուն, որին ավելի քաջատեղյակ են Ադրբեջանում, քան` Հայաստանում

- in Ով ով է ...
Adrbejan

Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանի դեմ մղում է ակտիվ քարոզչական պատերազմ, որի ձեռնարկած գրոհները մեծամասամբ տանուլ ենք տալիս:

Մեր «խրամատում» կռվում են հատ ու կենտ կամավորներ, որոնց մեջ կհանդիպեք տարիներ շարունակ ադրբեջանական կողմի քարոզչական ահաբեկչությունները լռեցնող՝ Դավիթ Դավթյան անունով «միայնակ գայլին»: Այս անվանը քաջատեղյակ են թուրք-ադրբեջանական քարոզչական լոբբինգով զբաղվող կառույցները, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության ջանքերի շնորհիվ հայատյաց քարոզչությանը լծված բազմաթիվ վարձկան լրագրողներ, որոնց անուններն ու նրանց ներկայացնող պարբերականները հիմնականում՝ հրեական ակունքներ ունեն:

Համացանցում Դ. Դավթյանի ամենօրյա հետևողական որոնումները ափ են հանում ադրբեջանական քարոզչական մեքենայի թողարկած բազմաթիվ հակահայ հոդվածներ: Ապակողմնորոշող, ստահոդ այդ շարադրանքների առաջին մեկնաբանողներից է նա՝ հոդվածագրի մասնագիտական անտեղյակությունը մերկացնող իր փաստարկներով, ինչը, հաճախ, արագ արձագանքող հակահոդված է դառնում՝ իր ծավալով և բովանդակությամբ: Շատ դեպքերում ազ-ագիտ-պրոպը Դավթի սևեռուն հետապնդումներից խուսափելու համար հոդված է պատվիրում քոմենթներ չպարունակող կայքերում, կամ էլ՝ հակահայ գործարքը սպասարկող էլեկտրոնային պարբերականն ինքն է արգելափակում  (block) նրա անունն իր մեկնաբանությունների բաժնում, դրանով խախտելով, որպես ԶԼՄ, ազատ խոսքի մասին ստանձնած իր պարտավորությունները:

Այսպես ադրբեջանական շուրջ հինգ հարյուրի հասնող ֆեյքեր է թիրախավորել նա,  որոնք արտահայտել են Լեռնային Ղարաբաղի խնդրի, Խոջալուի, Բաքվի դեպքերի, Ապրիլյան պատերազմի, սահմանային դիվերսիաների, Նախիջևանի, Հայոց ցեղասպանության և շատ այլ թեմաների մասին ադրբեջանական տեսակետները, ու շարունակում է անել այդ գործն ուխտյալի համառությամբ, քանզի սա է իր բաժին կռիվը թուրք-ազերական հայակործան գաղափարի դեմ: Նա հեղինակ է նաև միջազգային տարանուն անգլալեզու տպագիր պարբերականներում և կայքերում լույս տեսած 30 հոդվածների, ուր օտարալեզու ընթերցողին տեղեկացրել է հայության ներկա մարտահրավերները, արցախյան խնդրի էությունը: Փաստորեն, Դավիթ Դավթյանը ինքն-իրենով՝ մի «մարդ-գործակալություն» է, նավթադոլարներով ֆինանսավորվող ադրբեջանական հուժկու հակահայ քարոզչական կորպորացիայի դեմ, և այս մասին, ցավոք, մեզանում քչերը գիտեն:

Հարցիս, թե ինչո՞ւ են հենց հրեաները լծված հայերի դեմ հակաքարոզչություն ծավալելու մեջ, նա պատասխանեց, որ սա դեռ 2015-ի սեպտեմբերին Իսրայելի Քնեսեթի անդամների մեծ պատվիրակության Բաքու կատարած այցի արդյունքն է, ուր նրանք հաստատեցին իրենց պատրաստակամությունը սատարելու Ադրբեջանին և ծավալելու ակտիվ հակահայ դիրքորոշում: Գիտենք, որ Ադրբեջանը մատակարարում է Իսրայելի նավթի և գազի ծավալների գրեթե կեսը, նաև գնում միլիարդների հասնող զենք ու զինամթերք:

«Հակահայ քարոզչության գագաթնակետը 2016-2017-ական թվականներն էին, հիմա համեմատաբար հանգիստ է, շատ հրեա լրագրողների եմ լռեցրել նրանց մասին ոչնչացնող մեկնաբանություններով, սակայն դեռ գործեր կան անելու, մասնավորապես՝ Ջակոբ Կամարաս անունով մի գրչակի և հայատյաց աղբ թողարկող այլոց հետ: Այս պայքարում կամ դու խաղացող ես, կամ՝ պարտվող»,- ասում է նա:

Ցեղասպանությունից մազապուրծ նախնիները, անցյալ դարասկզբին հաստատվել են Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում: 1915-ին՝ 53 հոգու կորցրած, Խարբերդի նահանգի Չմշկածագ-Մամսա բնակավայրից գաղթած մեծ գերդաստանի 3-րդ սերունդն է նա: Ընտանիքն առնչություններ է ունեցել Ավրորա Մարտիկանյանի հետ: Ծնվել է Ուորչեսթերում: Ատոմային ինժեների մասնագիտությամբ՝ երկար տարիներ աշխատել է ԱՄՆ Յանկի ատոմակայանում, հետո զբաղվել է ծրագրավորմամբ: Նա առաջիններից էր, որ 1992թ-ին՝ նոր տեխնոլոգիաների ներդրման վաղ շրջանում, աշխատել է ՀՀ կապի նախարարության հետ և առաջարկել Հայաստանի համար տեղեկատվական ենթակառուցվածքների ծրագիր: Երկու տարի անց՝ նույնը ներկայացրել է Արցախի համար: Հինգ տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, այժմ դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Ադրբեջանի ռասիզմի հասնող հայատյաց քաղաքականության ծավալներն այսօր պետք է դիտարկել Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքի  համատեքստում: Ադրբեջանական լոբբինգի աշխարհագրությունն ընդգրկում է Վրաստանից մինչև Մ. Նահանգներ ընկած գրեթե բոլոր առանցքային երկրները, ներառյալ միջազգային կառույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԽԽՎ, ՖԻՖԱ: Լրատվությունից բացի, կեղծվում, այլափոխվում, յուրացվում է նաև հայոց պատմությունն ու մշակութային արժեքները: Դ. Դավթյանի կարծիքով, անհատական պայքարն անհամաչափ է ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ: Վաղուց ժամանակն է  ստեղծել հայկական շահերը պաշտպանող միջազգային հակաքարոզչական կառույց՝ Արցախի հիմնախնդրի ընկալման, հայոց պատմությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելու մարտավարությամբ: Հանգամանք, ինչը պետք է հաշվի առնել այսօր քննարկման փուլում գտնվող ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում:

Սառա Գասպարյան, Նյու Յորք

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...