Ռուսաստանում դժգո՞հ են Երևանից Ռոբերտ Քոչարյանի կալանքի և իրավական հետապնդման համար

- in Վերլուծական

Ռուսական պետական և մերձպետական մեդիայով դարձյալ անցնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձերի ալիք: ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերությունն էր անդրադարձել գործին, իսկ հետո Ռոսիա 24 ալիքն էր լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի թեման, անդրադառնալով հարցի քննարկումը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3 տեղափոխելու ՍԴ որոշմանը:

Երկրորդ նախագահի թեմային անդրադարձերի պարբերական ակտիվության ալիքները ռուսական մեդիայում նոր երևույթ չեն: Դրա վերաբերյալ գնահատականները տարբեր են: Հանրության մի մասը համարում է, որ այդպիսով ռուսական լրատվամիջոցները պարզապես փող են աշխատում, մի մասը համարում է, որ անդրադարձերը պաշտոնական մեսիջներ են Երևանին Կրեմլի դժգոհության վերաբերյալ:

Այն, որ Կրեմլը կարող է այսպես ասած՝ արգելել անդրադարձերը, բայց չի անում, թերևս, աներկբա է: Թե ինչո՞ւ, սա այլ հարց է: Բայց արդյո՞ք հենց Կրեմլի հանձնարարությամբ կամ պատվերով են լինում անդրադարձերը, սա էլ իր հերթին է հարց և միարժեք չէ՝ դժգո՞հ են Երևանից Ռոբերտ Քոչարյանի կալանքի և իրավական հետապնդման համար, թե՞ պարզապես օգտագործում են հանգամանքը պաշտոնական Երևանի դեմ: Այս հարցերն ինքնին ունեն մանրամասն դիտարկման կարիք թե՛ ներհայաստանյան, թե՛ նաև ներռուսաստանյան իրողությունների ամենատարբեր անկյունների ներառմամբ: Տվյալ պարագայում հատկանշական է, որ Ռոսիա 24 պետական հեռուստաալիքը անդրադառնում է ՍԴ որոշմանը, որով մի քանի օր հետաձգվել է երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքին առնչվող հարցի քննարկումը: Օգոստոսի 29-ի փոխարեն այն նախատեսվում է սեպտեմբերի 3-ին: Արդյոք ՍԴ որոշումը անհանգստացրե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, կամ Ռուսաստանում որևէ մեկին, ինչի համար փորձ է արվել առնվազն տեղեկատվական մակարդակում որոշակի ճնշում գործադրել կամ թեկուզ իմիտացնել Ռուսաստանից, թե՞ անդրադարձերն ու ՍԴ որոշումը նույն փաթեթում են, իսկ ընդհանուր այդ փաթեթն էլ կազմվում է հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովին ընդառաջ՝ Պուտինի Երևան այցի համատեքստում:

Այդ կապակցությամբ փորձ է արվել դիտարկել, որ ՌԴ նախագահը Երևան այցի պայման է դիտարկում Ռոբերտ Քոչարյանի ազատությունը, այլապես հրաժարվելով մասնակցել երևանյան Վեհաժողովին: Պուտինի մերժումը, իհարկե, քաղաքական առումով անհարմար դրություն կստեղծի վարչապետ Փաշինյանի համար, թեև ավելի լայն իմաստով այդ իրավիճակը, մեծ հաշվով, կարող է ավելի խնդրահարույց լինել ՌԴ նախագահի, քան Հայաստանի վարչապետի համար: Իսկ Հայաստանի վարչապետի համար քաղաքական իմաստով ավելի շոշափելի կարող է լինել ոչ թե Պուտինի չժամանելը, այլ դրան ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը: Սրանք, սակայն, ընդհանուր դիտարկումներ են, որոնք կառուցում ենք տեղեկատվական հոսքերով շոշափվող վարկածների վրա: Իրականում դրանք կարող են լինել ընդամենը քարոզչական մարտավարություն, որ կարող է կիրառել երկրորդ նախագահի թիմը՝ իր հերթին փորձելով օգտագործել Պուտինի մոտալուտ այցը քաղաքական հնարավոր շահեկան ելքեր ստանալու համար:

Մյուս կողմից, եթե Պուտինը ժամանում է Երևան, իսկ Ռոբերտ Քոչարյանը մնում է անազատության մեջ՝ դրանից առաջ և տեսանելիորեն առնվազն երկար ժամանակ հետո, այդ հանգամանքը կազդի «ռուսական դժգոհության» տեղեկատվա-քարոզչական «թեզի» կենսունակության վրա, եթե այդ ազդեցությունն արդեն իսկ առկա չէ, համենայնդեպս՝ դատելով այն հանրային արձագանքների ծավալից, որ ունենում են ռուսական անդրադարձերը Հայաստանում:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...