«Եռաբլուր»-ում պղծել են ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերը

Zinvor

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել Ապրիլյան պատերազմի մասնակից Ռազմիկ Գասպարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք նույնպես աշխատանքներ են տանում պարզելու համար դեպքի հանգամանքները:

Սոցցանցերում տեսանյութը վիրուսային տարածում է գտնում: Օգտատերերը պահանջում են հայտնաբերել իրականացնողներին և պատժել խստագույնս:

Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում: