«Երբ հերս խմում էր, տան մթնոլորտը շիկանում էր». Սյունիքում 21-ամյա որդին վիճաբանության ժամանակ սպանել է հորը

- in Իրավունք
Danakaharutyun

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Հ.-ի գործի դատական քննությունը:

21-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նարեկը մեղադրվել է հարազատ հորը սպանելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի օրը, ժամը 17-ի սահմաններում հայրական տանը Նարեկը կենցաղային հողի վրա վիճել է հոր՝ Դավիթի հետ: Վիճաբանության ընթացքում նա խոհանոցային դանակով վնասել է հոր պարանոցն ու դեմքը, որից հետո վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է հոր գլխին, այնուհետև մեկ այլ դանակով ևս մի քանի անգամ հարվածել է ծնկի իջած հոր կրծքավանդակի շրջանին: Արդյունքում Դավիթ Հ.-ն պարանոցի, դեմքի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի թափանցող ու չթափանցող վնասվածքներից առաջացած սուր արյունահոսությունից, տրավմատիկ ու հեմոռագիկ շոկից մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Նարեկ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ապրել ու աշխատել է Երևանում, որպես առաքիչ է աշխատել: Ամանորի տոները նշելու համար գնացել էր հայրական տուն:

Դեպքի օրը՝ կեսօրից հետո, պետք է վերադառնար Երևան: Մինչ այդ մի քանի օր մնացել էր տատի տանը: Դեպքի օրը, ըստ Նարեկի, հայրն առիթ էր ման գալիս կռիվ անելու համար: Երբ ինքն ու հայրը հյուրասենյակում էին, իսկ մայրը՝ խոհանոցում, ինքն ասել է, թե գնալու է Երևան:

Հայրն էլ ասել է՝ գնա, այնպես է ասել, որ ինքը հասկացել է՝ կռիվ է լինելու: Հայրն ասել է՝ եթե գնաս, մորդ այլևս ողջ չես տեսնի: Նա գնացել է խոհանոց, երկու դանակ է բերել՝ մեկը լայն շեղբով, մյուսը՝ նեղ: Դրել է սեղանին ու ասել է, թե դանակներից մեկը մոր համար է, մյուսը՝ իր:

Հայրը նաև օղի ու բաժակ է բերել:

Այդ ժամանակ հյուրեր են եկել իրենց տուն: Հայրը նրանց արագ ճանապարհել, նորից բացել է Երևան գնալու թեման:

Նա ապտակել է իրեն, իր ակնոցն ընկել ու ջարդվել է: Դրանից հետո հայրն ապտակել է նաև մորը: Նա վերցրել է շամփուրն ու դանակը, գնացել է դեպի մայրը: Սպառնացել է: Մինչ այդ չէր եղել, որ հայրը դանակով սպառնար: Ինքը վախեցել ու բռնել է դանակը:

Մորն ասել է, որ դուրս գա ու մարդ կանչի: Մայրը դուրս է եկել:

Հայրն իրեն սեղմել է բազկաթոռին: Քաշքշուկի ընթացքում ինքը նկատել է, որ հոր պարանոցը վնասվել է: Ինքը արյուն տեսնելով՝ վախեցել է: Բայց զգացել է, որ հայրը ցանկանում է իր վրա հարձակվել: Վերցրել է վառարանին դրված աղյուսը ու մոտ կես մետրից հարվածել է նրա գլխին:

Առաջին հարվածը թույլ էր: Հայրը դրանից հետո դանակով վնասել է իր աչքի ներքևի մասը: Հետո ինքը աղյուսով երկրորդ անգամ է հարվածել հոր գլխին…

Հայրը շշմել, ծնկի է իջել, դանակը նրա ձեռքից ընկել է: Դա այն դանակն էր, որի շեղբից ինքը բռնել էր, ու այն ծռվել էր:

Նկատելով, որ հայրը շարժում է կատարում դեպի դանակը, ինքը վերցրել է մոտակա մեկ այլ դանակ ու հարվածել է հորը: Չի կարող ասել՝ քանի անգամ է հարվածել: Փորձաքննության եզրակացությունը կարդալու ժամանակ է իմացել, որ 4-5 անգամ հարվածել է:

Երբ հայրն ընկել է, մայրը մտել է սենյակ: Ինքը չի թողել, որ նա մոտենա: Շոր է գցել հոր վրա: Հայրը կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Հետո տատն ու բուժքույրն են եկել…

Նախաքննական ցուցմունքում Նարեկը հայտնել է, թե դեպքի օրը կեսօրին իրենք հաց են կերել, հայրն օղի է խմել: Խոսել են այն մասին, որ Երևանում տան վարձը տալու ժամանակն է: Հայրն ասում էր, թե գումար չունի: Հետո հայրը պառկել է, քիչ անց նա նորից նույն թեմայով խոսակցություն է սկսել, ասել է, թե բոլորը խաբում են իրեն, միայն գումար են ուզում, իսկ ինքն ինչ էլ անի՝ ոչ ոք չի գնահատում…

Նարեկը հայտնել է, թե հայրն իրենց տանը միշտ կռիվներ էր առաջացնում, հակում ուներ ալկոհոլի նկատմամբ, խմած ժամանակ վիճում էր մոր հետ: 2017 թվականին մայրը հորից հեռացել, եկել էր իր մոտ՝ Երևան, բայց հայրը եկել, մորը նորից տարել էր: Ըստ Նարեկի՝ հայրը ֆիզիկապես իրենից ուժեղ էր…

Տուժողի իրավահաջորդը՝ Նարեկի եղբայրը, հայտնել է, թե դեպքի պահին ինքը ժամկետային զինծառայող էր: Դեպքի օրվա երեկոյան ինքը հեռախոսով խոսել է մոր հետ, վերջինս «մի ձևի էր խոսում», ինքը հասկացել է, որ տանը վիճաբանություն է եղել: Հայրը հաճախ էր վիճում, իրեն, մորն ու եղբորը ծեծում էր:

Մոր հետ խոսելուց հետո ինքը «Ֆեյսբուքում» կարդացել է, որ Սյունիքում որդին սպանել է հորը: Տեսել է, որ իր եղբոր ու հոր տվյալներն են հոդվածում: Հաջորդ օրը գյուղ է գնացել, իմացել է, որ վիճաբանության է եղել, որի ժամանակ հայրը սպառնացել է մորն ու եղբորը, եղբայրը սպանել է նրան…

Տուժողի իրավահաջորդն ասել է՝ եթե հայրը խմած էր լինում, իրենց տանը մթնոլորտը շիկանում էր, վիճաբանություն էր լինում, նա վիրավորում ու ծեծում էր իրենց…

Ամբաստանյալի մայրը հայտնել է, որ իրենց ընտանիքում միշտ անախորժություններ են եղել: Ամուսինը խմած ժամանակ պատճառ էր փնտրում կռվելու համար, նարկոտիկ էր օգտագործում…

Նա իրեն մեղադրում էր, որ երեխաներին սխալ է դաստիարակում: Չէր ցանկանում երեխաների ուսման համար գումար տալ: Նա իրեն մշտապես ծեծում էր, բայց դանակով ոչ մի անգամ չէր սպառնացել, իսկ դեպքի օրը սպառնում էր դանակով:

Ինքը 2017 թվականին հեռացել էր ամուսնուց՝ նրա վարքագծի պատճառով, գնացել էր որդու մոտ՝ Երևան, բայց ամուսինը սպառնացել էր, թե իրենց վիզը կկտրի, ինքը վախեցել ու հետ էր գնացել…

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողը եղել է թեթև աստիճանի հարբածության վիճակում: Նրա արյան ու լյարդալեղապարկի մեջ հայտնաբերվել են նաև թմրալկալոիդների հետքեր:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Նարեկ Հ.-ն չի գտնվել պաթոլոգիական, ինչպես նաև ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Դատարանը հաշվի է առել տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործության կատարումը:

Նարեկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հունվարի 6-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...