Երեւանի աղբահանության նորաստեղծ հիմնարկում աշխատելու համար դիմում են հնդիկ ուսանողները. Աշոտ Սարգսյան

- in Սոցիալական

Հետո կասեն՝ ինչու են հնդիկներին աշխատանքի ընդունում… 35% աղքատություն ունեցող երկրում շատ մեծ դժվարությամբ ենք գտնում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համար վարորդ՝ 290.000 դրամ (հարկերը ներառյալ + պարգևավճար) և բանվոր՝ 200.000 դրամ (հարկերը ներառյալ + պարգևավճար):

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսպիսի գրառում է արել Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:

«Մեքենաները օր օրի ավելանում են, իսկ աշխատողները ոչ: Մարդկանց մի մասը գերադասում է ապրել նպաստների հաշվին: Երբվանից ավելի պատվաբեր դարձավ տանը նստել ու նպաստ ստանալը, իսկ աշխատելը ամոթ բան: Նույնիսկ օրվա հացի խնդիրներ ունեցողները նման աշխատավարձով չեն գալիս աշխատելու: Ոչ մի աշխատանք ամոթ չի, ամոթը չաշխատելն է: Ցավալի է՝ հնդիկ ուսանողներն են դիմում աշխատանքի համար: Վարչապետը որ ասում էր՝ պետք է գլխում հաղթահարել աղքատությունը, այ սենց դեպքերի համար էր ասում: Տղամարդը պիտի տունը չնստի, պետք է հոգա ընտանիքի կարիքները, պետք է աշխատի, ոչ թե սպասի, թե երբ հերթական օգնությունը կստանա… »,- եզրափակել է ավագանու անդամը: