Երևանում 40-ամյա տղամարդը իր ծանոթի հետ հարձակվել են մարմնավաճառի վրա, ծանր վնասվածքներ հասցրել, կինը թռել է մեքենայից

- in Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթացավ Հրաչյա Հ.-ի ու Նարեկ Շ.-ի գործով նախապատրաստական նիստը:

Դատարանը ստուգեց երկու ամբաստանյալների խափանման միջոցի՝ կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

40-ամյա Հրաչյա Հ.-ին ու 19-ամյա Նարեկ Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Հ.-ն ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իրենից շուրջ 20 տարով փոքր Նարեկի հետ, 2019 թվականի հունվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում պատահական տաքսիով գնացել է Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող «Նաիրիտ» գործարանի մոտ:

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյան մոտեցել է մարմնավաճառուհի Ս. Ս.-ին, նրա հետ համաձայնության է եկել սեռական բնույթի ծառայություն մատուցելու վերաբերյալ:

Ս. Ս.-ն նստել է իր կողմից շահագործվող «Նիսան Մարչ» մեքենայի ղեկին, Նարեկ Շ.-ն՝ նրա կողքի նստատեղին, իսկ Հրաչյա Հ.-ն՝ վարորդի հետևի նստատեղին:

Ս. Ս.-ն մեքենան վարել է դեպի Բագրատունյաց փողոցում գործող «Սև քար» հյուրանոցը: Տեղ հասնելով՝ փորձել է կայանել մեքենան: Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հրաչյա Հ.-ն իր մոտ եղած պարանը գցել է Ս. Ս.-ի պարանոցին, իսկ Նարեկ Շ.-ն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Ս. Ս.-ի որովայնի շրջանին ու պահանջել է նրա մեքենան:

Հրաչյա Հ.-ն, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած, որպես զենք գործադրված առարկայի կոթով հարվածել է Ս. Ս.-ի գլխին: Ապա Ս. Ս.-ին տեղափոխել են մեքենայի սրահի հետնամաս: Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Նարեկ Շ.-ն երեք և ավելի անգամ դանակով հարվածել է Ս. Ս.-ի թիկունքին:

Վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի հետին մակերեսների, որովայնի առաջնային պատի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող, աջ զստային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի ձևով՝ ուղեկցված՝ արտաքին ու ներքին սուր արյունահոսությամբ, լյարդի ու թոքերի վնասումներով, հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիտոնեումով, ճակատային ձախ կեսի, գագաթային միջային հատվածի, գագաթածոծրակային հատվածի սալջարդ վերքերի ձևով:

Այնուհետև Նարեկ Շ.-ն նստել է մեքենայի ղեկին, մեքենան վարել է Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկ, կանգնել է կարմիր լույսի տակ:

Այդ ժամանակ տուժող Ս. Ս.-ն օգտվելով մեքենայի՝ կանգնած լինելու հանգամանքից, բացել է հետևի աջ դուռը և իրեն դուրս է նետել մեքենայից:

Հրաչյա Հ.-ն ու Նարեկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, տիրանալով մեքենային, դիմել են փախուստի՝ Ս. Ս.-ին պատճառելով 1 միլիոն 56 հազար դրամի գույքային վնաս:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:

Ամբաստանյալ Հրաչյա Հ.-ն նշեց, որ տվյալ դեպքից առաջ իր նկատմամբ քրեական գործ էր քննվում՝ թմրանյութի՝ «պլանի» հետ կապված ու, իր խոսքերով, դատական ակտ կայացվել է իրեն այս գործով ձերբակալելուց կարճ ժամանակ առաջ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հրաչյա Հ.-ն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվելէ պատժի կրումից և ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով դատավճիռը Հրաչյա Հ.-ի պատժի մասով փոփոխել խստացման առումով, վերացնել Համաներման կիրառումը, Հրաչյա Հ.-ին դատապարտել 7 տարի իրական ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ մեղադրողի բողոքը բավարարվել է մասնակիորեն: Հրաչյա Հ.-ի նկատմամբ համաներման կիրառումը վերացվել է: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված 4 տարի ազատազրկմանը հաշվակցվել է նրա՝ նախնական կալանքի տակ գտնված 1 տարի 3 ամիս 3 օրը, վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի 8 ամիս 26 օր իրական ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի վերաքննիչ դատարանի որոշումն ի կատար ածվելու պահից:

Հրաչյա Հ.-ն ներկա գործով ձերբակալվել է 2019 թվականի հունվարի 4-ին, իսկ Նարեկ Շ.-ն ձերբակալվել է հենց դեպքի օրը՝ 2019 թվականի հունվարի 2-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս՝ ավազակային հարձակման մեղադրանքով գործով դատախազը դատական նախապատրաստական նիստում պնդեց, որ ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր և օրինական է, կալանավորման հիմքերը չեն վերացել, այնպես որ՝ արդարադատության շահից է բխում, որ ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը երկարացվի: Նրանք կատարել են ծանր հանցագործություն, ազատություն դուրս գալու դեպքում առկա է հավանականություն, որ կկատարեն նոր հանցավոր արարք կամ կթաքնվեն քննությունից կամ կխոչընդոտեն դատական քննության բնականոն ընթացքը:

Հրաչյա Հ.-ի շահերը ներկայացնող պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը դատախազի հիմնավորումներում չտեսավ կոնկրետություն: Նա միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխել, որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կիրառել գրավ՝ 500 հազար դրամի չափով:

Ամբաստանյալ Հրաչյա Հ.-ն միացավ պաշտպանի միջնորդությանը՝ նշելով, թե պաշտպանն ամեն բան ասաց «օրենքի շրջանակներում»: Հրաչյա Հ.-ն նշեց, թե ինքն ունի առողջական խնդիրներ: Բացի այդ՝ նա ասաց, թե գործով հակասական ցուցմունքներ են տվել, իսկ ինքը մեղսագրված արարքի հետ ոչ մի առնչություն չունի: Ամբաստանյալը հռետորական հարց հնչեցրեց. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մարմնավաճառությունը օրինական թույլատրվո՞ւմ ա, ես ոնց որ կամուկացի մեջ եմ»:

Նարեկ Շ.-ի շահերի պաշտպաններ Արմեն Հայրապետյանն ու Արթուր Քարամյանը նույնպես չհամաձայնեցին դատախազի դիրքորոշմանը: Նրանք նշեցին, որ իրենց պաշտպանյալը առնչություն չունի մեղսագրված արարքին: Բացի այդ, եթե նույնիսկ տեսականորեն դիտարկենք մեղսագրված արարքը, ապա այդ արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական՝ կատարվածը չի կարող գնահատվել որպես ավազակային հարձակում՝ Նարեկ Շ.-ն տուժողից ոչինչ չի պահանջել, բացի այդ՝ նա Հրաչյա Հ.-ի հետ նախնական համաձայնության չի եկել ավազակային հարձակում գործելու վերաբերյալ:

Պաշտպանները նշեցին, որ իրենց պաշտպանյալն աշխատող տղա է, զբաղվել է առևտրով, հոգացել է ընտանիքի՝ մոր և կրտսեր եղբոր կարիքները: Ազատության մեջ լինելով՝ նա չի խոչընդոտի քննությանը, չի թաքնվի, նոր հանցավոր արարք չի կատարի:

Պաշտպանները միջնորդեցին վերացնել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավ կիրառել՝ 1 միլիոն դրամի չափով:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Քիչ անց հրապարակվեց դատարանի որոշումը՝ Հրաչյա Հ.-ն ու Նարեկ Շ.-ն կմնան կալանքի տակ, պաշտպանների միջնորդությունները մերժվեցին: Դատարանը եզրահանգեց, որ Հրաչյա Հ.-ին ու Նարեկ Շ.-ին կալանքի տակ պահելու օրինական հիմքերը դեռևս պահպանվում են: