Երևան-Բաթումի վթարի հետևանքով մահացել է 2, վիրավորվել 13 քաղաքացի, 3-վիճակը ծայրահեղ ծանր է

- in Սոցիալական

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։
Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մանրամասներ հայտնելով Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից:

«Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկություններով՝ զոհվել է ՀՀ 2 քաղաքացի: Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Վրաստանում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած քաղաքացիների անունները:

Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած:

Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 18 ՀՀ քաղաքացի:

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առյաժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...