Զոհրաբ Մնացականյանը քաղաքական երկխոսության պակաս չի տեսնում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

- in Պաշտոնական

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում քաղաքական երկխոսության պակաս չի տեսնում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Ուշադրություն դարձնենք, թե որքան ակտիվ է եղել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունն այս շրջանում: Այս տարվա ընթացքում երկխոսության շարունակականությունը և մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար են: Ինչ վերաբերում է բարձր մակարդակով հանդիպմանը, սա եղել և մնում է մեր օրակարգի մեջ, վստահ եմ` այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային, եթե գնահատական տանք, տեսնենք, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներում, և ինչ հաճախականությամբ, այդ առումով մենք որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով չենք ունեցել այս տարվա ընթացքում»,- ասաց Մնացականյանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության հարցը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին:

«Սա յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է: Սա նաև օրակարգ է մեր երկխոսության մեջ` Միացյալ Նահանգների հետ: Այդ առումով դեռ մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ: Սա շատ ակտիվ քննարկվող հարց է»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ չի նշում, բայց վստահեցնում է, որ այդպիսի հանդիպումները շարունակական են լինելու:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Բավական առիթներ ունեցել ենք խոսելու բանակցային դինամիկայի մասին: Վերջին հանդիպումը կայացել է երկու ամիս առաջ: Դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից առաջ մարտին, դրանից առաջ հունվարին, և այս դինամիկան պահպանվում է: Նախատեսվում է սրա շարունակությունը, և մենք երբևէ այդ դինամիկայի առումով սպասեցնել չենք տվել, և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ ձեզ, որպեսզի մի փոքր համբերությամբ զինվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ հանդիպման ժամն ու օրը համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ: Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է:

Արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տեղի է ունեցել հունիսի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: