Ռուսական ընկերությունը՝ Հայաստանի սև ցուցակում. Կապը Ռոգոզինի ընտանիքի հետ

- in Վերլուծական
Russia

Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայությանն անփույթ վերաբերմունքի» հոդվածով զենքի մատակարարման տենդերի չկայանալու պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ տենդերին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը:

Այս տարվա մայիսին Հայաստանի Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել, և պահանջները բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը: ՌԻԱ Նովոստին նշում է, որ տենդերը փակվել է առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանին:

Պրոմոտեխնոլոգիաներ ընկերության մաս կազմող ORSIS-ը մի քանի տարի շարունակ Հայաստանին զենք, փամփուշտներ և օպտիկական սարքեր է մատակարարել: Այժմ ORSIS-ը սև ցուցակում է: Ռուսական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հայկական կողմի պնդումը, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի ՊՆ-ից ընկերությանը տեղեկացրել են, որ մի շարք ապրանքների գծով ընդունման-հանձնման փաստաթղթերը չեն ներկայացվել: Հայկական կողմը նաև մի քանի հարյուր հազար դոլարի բանկային երաշխիքներ է պահանջել:

ORSIS-ի ներկայացուցչի կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում փամփուշտի գործարանի կառուցման նախագիծը կարող է չիրագործվել: Նախատեսվում էր, որ գործարանը կառուցվելու է մի քանի միլիոն դոլարի հասնող ռուսական ներդրումներով:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաստատել է քրեական գործի մասին տեղեկատվությունը: «Բոլոր լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն քննչական մարմինների աշխատանքների ավարտին», – ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Գործի մանրամասները

ORSIS ընկերությունը Promtechnology խմբի մաս է կազմում, որը մի քանի տարի է մատակարարում է Երևանին զենք, զինամթերք և օպտիկա: Ընկերությունը, որն ըստ մամուլի հրապարակումների որոշակի կապեր ունի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար, Հայաստանի հանդեպ ոչ վաղ անցյալում բացասական հայտարարություններով աչքի ընկած Դմիտրի Ռոգոզինի հետ, հայտնել է, որ այժմ իրենք սև ցուցակում են:

«Գործակալությունը հայտարարել է, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում մենք տրամադրեցինք բոլոր այն տեղեկությունները, որոնք Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել է ներկայացնել: Արդյունքում՝ մեզ հայտնեցին, թե մենք չենք տրամադրել որոշ ապրանքների ընդունման-հանձնման ակտեր», – ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Ըստ նրա, ՀՀ Պաշտպանության նախարարությունը նաև պահանջել է վճարել մի քանի հարյուր հազար դոլար բանկային երաշխիք, չնայած օրենքով դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընկերությունը շահել է մրցույթում և ինքը հրաժարվել պայմանագիր կնքելուց:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցումը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներեվ, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին է:

Կապը Ռոգոզինի ընտանիքի հետ

Համաձայն ռուսական ԶԼՄ-ների հրապարակման, Promtechnology խմբի մաս կազմող հրազեն արտադրող Orsis ընկերության տնօրեն է աշխատել ոչ վաղ անցյալում Դմիտրի Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյ Ռոգոզինը:

Ռոգոզին կրտսերը, համաձայն versia.ru-ի հրապարակման, այնուհետեւ նշանակում է ՌԴ ՊՆ-ում իր հոր՝ Դմիտրի Ռոգոզինին ենթակա ընկերությունների աշխատանքի համակարգող: Այդ ժամանակ Ռոգոզինը ՌԴ փոխվարչապետ էր եւ համակարգում էր Ռազմաարդյունաբերության ոլորտը: Իսկ արդեն 2017 թ-ին նրա որդին նշանակվել է ՌԴ Միավորված ավիացիոն կորպորացիայի փոխնախագահ:

Promtechnology ընկերությունը Ռուսաստանի զենքի շուկա է դուրս եկել 2012 թ-ին Glock մակնիշի ատրճանակների արտադրությամբ, որոնք հավաքվել են Մոսկվայի զենքի գործարանի բազայի վրա: Հենց այդ գործարանը ղեկավարել է ժամանակին Ռոգոզինի որդին: Նախատեսվում էր, որ այդ ատրճանակները մատակարարվելու են Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերին, սակայն դրանց արժեքը պատվիրատուների համար բարձր է եղել:

Glock 17 ատրճանակի գինը եղել է 210 հազար ռուբլի, իսկ Glock 26 ատրճանակինը՝ 191 հազար ռուբլի, այն պարագայում, երբ մոսկովյան ցանկացած զենքի ակումբներում նույն ատրճանակները, եթե հավատանք ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հրապարակումներին, վաճառվում են 65 հազար ռուբլով: Այսինքն՝ ատրճանակների գինը փորձել են բարձրացնել չորս անգամ:

Այսքանով սակայն Ռոգոզինի որդու աշխատանքային կարիերան չի ավարտվում: Նա նշանակվում է Տուլայում Ալեքսինսկի քիմիական կոմբինատի գործադիր տնօրենի տեղակալ՝ խոստանալով վերականգնել այնտեղ վառոդի արտադրությունը: Քիմիական կոմբինատը գտնվում էր, համաձայն Ռոգոզինի հայտարարության, անմխիթար վիճակում: Վառոդի արտադրությունն այդպես էլ չի վերականգնվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...