Թիվ 168 դպրոցում վաղը՝ տնօրենի ընտրությանը պարզ կլինի, թե ում ձեռագիրն է գործելու

- in Կրթություն

Երևանի թիվ 168 դպրոցում տնօրենի ընտրությունը մնում է հետաքրքրությունների շրջանակներում, որովհետև աննախադեպ շատ թեկնածուներ են առաջադրվել տնօրենի մեկ պաշտոնի համար:

Թեկնածուների մեծամասնությունն իհարկե իրենց հույսը դրել են ներկայացնելիք ծրագրերի հանդեպ ընտրիչ հանձնաժողովականների գիտակցության վրա, սակայն նրանց անհասանելիությունն անձնական տվյալներով ու հեռախոսահամարներով, մեզ համար գոնե այլ բանի մասին են գուժում:

Եթե գրագետ ու բանիմաց թեկնածուները ծրագրերի բազմաբովանդակությանն ու այլընտանքային կրթության տեսլականի մտքին են զոռ տալիս, ապա նախկին իշխանությունների ձեռագրերով, կամ՝ հովանավորչությամբ առաջադրված թեկնածուները, ընտրական հին տեխնոլոգիաներին են դիմում ու համոզում, սպառնում, խոստումներ են շռայլում հանձանաժողովականների հանդեպ:

Այլ կերպ դժվար էլ է պատկերացնել, երբ առաջադրվածների թվում իրենց դիրքերն են պահպանում նույնանունազգանվամբ երկու թեկնածուները՝ Նարինե Մատինյանները, մեկը՝ թիվ 173 դպրոցի գործող տնօրեն, մյուսը՝ թիվ 188 դպրոցից: Անզեն աչքով էլ, մեր կարծիքով, տպավորություն է ստեղծվում, որ վերջինիս առաջադրել են որևէ այլ թեկնածուից ձայները շեղելու մտադրությամբ: Այդպես, հիշեցնենք, ՀՀԿ-ականներն էին անում համայնքի ղեկավարների ընտրություններում, մասնավորապես՝ Տուշոնկա՝ Մանվել Գրիգորյանն ընդդեմ, Ճոյտ՝ Հակոբ Հակոբյանի: Նման դեպքեր էլի շատ կային …

Իսկ ահա Արմինե Բադալյանի հետ վերջապես ստացվեց հաղորդակցվել հեռախոսով, պարզվեց անհասանելի էր, որովհետև Ռուսաստանում էր հանգստանում: Նա նույն դպրոցի 66 մանկավարժներից մեկն է, ով դեռևս հինգ տարի առաջ է ստացել տնօրենի ընտրությանը մասնակցելու հավաստագիրը, արդեն ավարվում էլ է սահմանված ժամանակահատվածը. Իսկ ինչո՞ւ չմասնակցեի, երբ Հայ առաքելական եկեղեցու կողմից տարվա լավագույն ուսուցիչ եմ ճանաչվել, մի տարրակարգ ունեցել եմ գրած, նորն էլ՝ պատրաստ է …

Նրան հարցրեցինք, թե ի՞նչ եք կարծում, ընտրությունը տեղի է ունենալու ըստ ծրագրերի՞, թե՝ կանխորոշված սցենարով, ինչին ի պատասխան, Ա. Բադալյանն ասաց. Անգամ չգիտեմ, կարող եք պատկերացնել, այնքան դժվար է որևէ բան կանխորոշել, երբ ստվերային գործընթացներ են տեղի ունենում:

Տիկին Բադալյանը, թեև ծանոթ չէ ընտրությանը մասնակցելիք 17 թեկնածուներին, սակայն ինքն էլ տպավորություն է ստացել, որ ներկայիս գործող իշխանությունները թողել են ազատ՝ ով կընտրվի, կընտրվի, մինչդեռ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց ձեռագիրն են փորձում խառնել այս գործընթացում:

Թիվ 168 դպրոցի տնօրենի ընտրությունը կարող է մի յուրահատուկ ինդիկատոր դառնալ նոր ու ազատ Հայաստանում կրթօջախի տնօրենի ընտրության ավանդույթների ձևավորման հարցում առհասարակ, և՝ այս ընտրության արդյունքների վրա նախկինների ազդեցության հնարավորությունով՝ մասնավորապես: «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենքի շենացնելը՝ առաքինություն»: Երջանկահիշատակ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինի այս խոսքն այլևս դարձել է դպրոցի նշանաբանը: Հուսանք, որ յուրաքանչյուրը դպրոցի տնօրենի ընտրությանը կմոտենա հատկապես այս սկզբունքով, որովհետև պետության շենացման հիմքերում կարևորագույն տեղ ունի կրթօջախը, իսկ այնտեղ արդարությունը:

Վերջում հավելենք, որ թիվ 168 դպրոցում ընտրիչ հանձնաժողովի անդամներ՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Անդրեասյանն ու ծնողկոմիտեի ներկայացուցիչ Մարինա Խորասանյանը շարունակեցին մնալ անհասանելի՝ գոնե մեզ համար: Հետաքրքիր կլինի հետևել, թե հատկապես նրանք ո՞ւմ են ընտրելու, կամ՝ ինչո՞վ և ինչպե՞ս են առաջնորդվելու իրենց դպրոցի տնօրենի ընտրության հարցում:

Մրցույթը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 20-ին ժ.13:00-ին, Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոցում: Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Բաշինջաղյան 1-ին նրբանցք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...