vtar

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ ավարտվել է Իրանի քաղաքացի Յուսեֆ Հասսանալիզադեհի գործի դատական քննությունը:

Դատարանը հաստատված է գնահատել Իրանի քաղաքացու մեղավորությունը 4 մարդու կյանք խլած ճանապարհային պատահարի համար:

57-ամյա Յուսեֆին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կմ հատվածում Յուսեֆ Հասսանալիզադեհն իր վարած «Սկանիա» բեռնատար մեքենայով խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, սահմանափակ տեսանելիության, ճանապահի՝ դեպի ձախ շրջադարձային ու վայրէջքային թեքության պայմաններում չի պահպանել ընթացքի ավելի դանդաղ արագությամբ իր առջևից համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ-2107»-ի ու դրա առջևում գտնվող «Սկանիա» բեռնատարի անվտանգությունն ապահովող միջտարածությունը, ստեղծել է վթարային իրավիճակ, բախվել է «ՎԱԶ-2107»-ի հետնամասին, ճզմել-դեֆորմացրել է այդ մեքենան և առաջացրել է մեքենայում գտնվող չորս անձանց՝ մի ընտանիքի անդամների մահը:

«ՎԱԶ-2107» մեքենան վարում էր պայմանագրային զինծառայող, 30-ամյա Ծովակ Խ.-ն: Մեքենայում էին նրա 27-ամյա կինը՝ Տաթևիկը, 3-ամյա դուստրը՝ Նարեն ու Ծովակի 58-ամյա մորաքույրը՝ Սվետլանան…

2018 թվականի հոկտեմբերի 19-ին «Սկանիա» բեռնատարի իրանցի վարորդ Յուսեֆ Հասսանալիզադեհը առնվել է կալանքի տակ:

Գործի դատաքննության ընթացքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքներում Յուսեֆ Հասսանալիզադեհը հայտնել է, որ դեպքի օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, իր վարած «Սկանիա» բեռնատարով դուրս է եկել Երևանից և ուղևորվել Իրան: Իր առջևից ընթանում էր գործընկերը՝ Ամինը՝ նույնպես «Սկանիա» բեռնատարով:

Ժամը 18-ի սահմաններում Մեղրիի սարից իջնում էին: Ինքը նկատել է, որ Ամինը իրենից մոտ 50 մետր ներքև կարծես թե կայանել է մեքենան ճանապարհի աջ երթևեկելի գոտում: Երբ ինքը շրջադարձ է կատարել և մոտ 20 մետր ընթացել է առաջ, իր բեռնատարին վազանցել է մի սպիտակ «Ժիգուլի», որը սկսել է ընթանալ իր բեռնատարի առջևից: Այդ պահին իրենց միջև տարածությունը մոտ 5 մետր կարող էր լինել: Ինքն արգելակել է, բայց բախվել է սպիտակ «Ժիգուլու» հետնամասին, հրելով տարել, հարվածել է Ամինի մեքենայի հետնամասին: «Ժիգուլին» երկու բեռնատարների միջև տրորվել է…

Տուժողի իրավահաջորդ Վանիկ Ա.-ն հայտնել է, որ տուժողներից մեկն իր քույրն էր՝ Տաթևիկը: Նա ամուսնու, երեխայի ու ամուսնու մորաքրոջ հետ ամուսնու վարած մեքենայով երեխային բժշկական հետազոտության էր տարել Կապան: Դեպքի պահին նրանք վերադառնում էին տուն…

Գործով վկա Ամին Նադերալին հայտնել է, թե Իրանի քաղաքացի է, վարում է «Սկանիա» բեռնատար մեքենա, որով տարբեր ընկերությունների պատվերով բեռնափոխադրումներ է իրականացնում: Ամբաստանյալ Յուսեֆ Հասսանալիզադեհին ճանաչում է որպես գործընկերոջ, նա նաև իր հոր ընկերն է: Դեպքի օրն իրենք միասին՝ յուրաքանչյուրն իր բեռնատարով, դուրս էին եկել Երևանից և ուղևորվել էին Իրան:

Մեղրիի սարը իջնելիս ինքը շատ դանդաղ էր վարում մեքենան: Իր մեքենայի հետևից հանկարծ հարված է զգացել: Այդ պահին արգելակել է: Բայց մի քանի մետր առաջ գնալուց հետո է մեքենան կանգնել: Նայել է հայելուն ու տեսել է, որ Յուսեֆի վարած բեռնատարը կանգնած է իր մեքենայից յոթ-ութ մետրի վրա: Անմիջապես ինքն իջել է մեքենայից, տեսել է, որ Յուսեֆի մեքենայի խցիկի տակ ճմռված, ջնջխված սպիտակ «Ժիգուլի» կա…

Գործով վկա Պետրոս Մ.-ն հայտնել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում ինքը որդու և հարսի հետ որդու վարած «Օպել» մեքենայով Մեղրի քաղաքից ուղևորվել էր Երևան: Հասել էին ճանապարհի վերելքային հատվածին: Տեսել է, որ հանդիպակաց ուղեմասով իրենց ընդառաջ ընթանում է բեռնատար մեքենա, նրա հետևից՝ 4-5ետր հեռավորության վրա, ընթանում էր սպիտակ «07»:

Երբ իրենց «Օպելը» հավասարվել է «07»-ի առջևից ընթացող բեռնատարին, աջ շրջադարձից իր տեսադաշտում հայտնվել է մեկ այլ բեռնատար, որը բարձր արագությամբ շրջադարձը կատարելով՝ էլ ավելի բարձր աագությամբ ընթանում էր առաջ: Իր որդին մեքենան աջ է քաշել՝ կողնակի տարածք: Հավասարվել են «07»-ին: Նույն պահին բարձր արագությամբ ընթացող բեռնատարը առջևի մասով հարվածել է «07»-ի հետևի մասին ու հրելով այդ մեքենան տարել, հարվածել է առջևից շատ դանդաղ ընթացող մյուս բեռնատարի հետնամասին: «07»-ը մնացել է երկու բեռնատարների արանքում ու ճզմվել է… Իրենք անմիջապես իջել են մեքենայից, գնացել են դեպի վթարված մեքենան: Նրան հարվածած բեռնատարի վարորդի դուռը բացվել է, վարորդն ընկել է ճանապարհին: Առջևում կանգնած բեռնատարի վարորդը նրան քաշելով դուրս է բերել ճանապարհից: Իրենք տեսել են, որ «07»-ը ամբողջովին ջնջխվել է…

Դատարանը Յուսեֆ Հասսանալիզադեհին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 6 տարի 8 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...