Ի՞նչ է լինելու այն պարագայում, երբ հայտարարվի հանրային դիմադրություն

- in Կեղտոտ լվացք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆեյսբուքի ուղիղ եթերում մոտ 1,5 ժամյա ելույթն ամփոփելով, ասել է, որ պետք է հնարավորություն տալ, որ Ամուլսարի հանքը շահագործվի:

Մինչ այդ, նա ասել է, որ Էլարդի փորձաքննության արդյունքներով, Սեւանի, Ջերմուկի ջրային ավազաններին ոչ մի վտանգ չի սպառնում: Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ինքը հայտարարել էր, որ փորձաքննությունը պետք է պատասխանի այդ հարցին, եւ եթե վտանգ չլինի, հանքը պետք է շահագործվի:

«Եթե այս ամենի արդյունքում պարզվեց, որ Սևանա լճի հետ կապված սպառնալիքներ կան, Ջերմուկի ջրերի հետ կապված սպառնալիքներ կան և այլն, բացառված է, որ այդ հանքը շահագործվի, ուղղակի դնելու ենք փակենք և չենք քննարկելու, որովհետև սա մեր ազգային անվտանգության հարցն է: Բայց մեր պետության, ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության շահերից է բխում, որ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Մենք պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք», ասաց վարչապետը:

Այսօր նա հանդիպել է բնապահպանների, Ջերմուկի շրջանի համայնքապետերի հետ: Զուգահեռ, Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել բողոքի ցույց, ցուցարարները փորձել են փակել Բաղրամյան փողոցը, տեղի է ունեցել քաշքշոց, բերման են ենթարկվել 6 ակտիվիստներ, կան տուժածներ:

ՄԻՊ-ը հայտնել է, որ կիրառվել է անհամաչափ ուժ: Իր հերթին, այսօր ավելի վաղ օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի ժամանակ ասել է, որ օրենքը թույլ է տալիս կիրառել ֆիզիկական ուժ, եւ զգուշացրել է, որ եթե լինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն իրենց վերադասի հետ:

Ակտիվիստները հայտարարել են, որ սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որից հետո որոշելու են իրենց անելիքը: Նրանք հայտարարել են, որ թույլ չեն տալու հանքի շահագործումը:

Ակնհայտ է, որ Ամուլսարի խնդիրը վաղուց դուրս է եկել զուտ տնտեսական ու բնապահպանական խնդրի սահմաններից եւ առնչվում է թե տեղական, թե տրանսազգային տարբեր խմբերի շահերին: Ընդհանրապես, հանքարդյունաբերությունը Հայաստանում թերեւս ամենաստվերային ոլորտն է, որոնց թելերը ձգվում եւ կորչում են օֆշորներում, ամենատարբեր սխեմաներով:

Հանքարդյունաբերական կենտրոնները դարձել են աղետի գոտիներ, որոնց հետեւանքները կարող են զգալի լինել տասնյակ տարիներ ու ավելի: Չկա այն հարցի պատասխանը, թե ինչ է շահում Հայաստանը երկարաժամկետ կտրվածքով, բացի մի քանի հազար փաստացի ժամանակավոր աշխատատեղերից ու ծիծաղելի ռենտաներից:

Այսօր ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է, որ եթե Ամուլսարը չաշխատի, ուրեմն չպետք է աշխատեն նաեւ մյուս հանքերը: Իսկ կարո՞ղ է Հայաստանն իսկապես փակել բոլոր հանքերը, եւ մեկի հիման վրա ստեղծել փակ ցիկլ, օրինակ մոլիբդենի, եւ վաճառել այն: Մասնագետների հաշվարկով, պետությունը կարող է ստանալ միլիարդներ: Նույնը վերաբերվում է ոսկուն:

Հանքարդյունաբերությունը Հայաստանում դարձել է ինքնիշխանության ցուցիչ, եւ այս խնդիրն առավել վառ արտահայտվեց Ամուլսարի շուրջ զարգացումների պարագայում:

Ի՞նչ սցենարով կզարգանան իրադարձությունները: Ամուլսարը կդառնա «օրինակելի հանքարդյունաբերությո՞ւն», ինչպես պնդում են արեւմտյան այս նախագծի լոբբիստները, ստանդարտներ սահմանելով նաեւ այլ ընկերությունների համար, որոնք շարունակում են անզուսպ շահագործումը Սոթքում, Զանգեզուրում եւ այլուր:

Եվ ի՞նչ է լինելու այն պարագայում, երբ հայտարարվի հանրային դիմադրություն: