Ի՞նչ է սկսվում 2020-ի փետրվարից

- in Վերլուծական

2020 թվականի փետրվարին Հայաստանում կստեղծվի սահմանադրական փոփոխության աշխատանքային խումբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Սահմանադրության փոփոխության պահանջ հանրային ամենատարբեր շերտեր բարձրաձայնում են թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: Իշխանությունը, սակայն, չի շտապել այդ հարցում, թեև գործող Սահմանադրությանը կոշտ գնահատական տվել է նաև հենց իշխանությունը՝ երբ ընդդիմության կարգավիճակում էր, այսինքն՝ հեղափոխությունից առաջ: Մյուս կողմից, անշուշտ, այդ հանգամանքը չէր կարող ինքնաբերաբար նշանակել, որ հեղափոխությունից հետո առաջին գործը պետք է լինել Սահմանադրությունը փոխելը: Որովհետև պատերազմող երկրում կան, իհարկե, ահռելի քանակի այլ՝ ավելի հրատապ գործեր:

Միաժամանակ անհերքելի է, որ օպերատիվ-հրատապության ռեժիմից դուրս, պետական և հանրային երկարաժամկետ զարգացման համար Սահմանադրությանն անդրադարձը և փոփոխությունը անխուսափելի հրամայական է: Եվ այստեղ գալիս է գլխավոր հարցը: Բոլորի, կամ գրեթե բոլորի համար պարզ է, որ Սահմանադրությունը պետք է փոխել; Բայց արդյո՞ք բոլորի համար է պարզ, թե ինչպես փոխել: Այսինքն՝ ի՞նչ Սահմանադրություն ենք ուզում հնի փոխարեն, քանի՞ տոկոսն է, կամ ո՞ր կետերն է, որ պահպանում ենք, իսկ որոնք ենք փոխում: Եվ գլխավորը՝ ո՞վ է փոխում: Դարձյա՞լ իշխանությունը: Իհարկե, տարբերությունը զգալի է՝ երբ Սահմանադրությունը փոխում է ոչ լեգիտիմ, քրեական օլիգարխիա իշխանությունը, և երբ Սահմանադրությունը փոխում է լեգիտիմ, հանրային քվեով ձևավորված և չկոռումպացված իշխանությունը: Բայց լոկ այդ տարբերությունը բավարա՞ր է, եթե նկատի առնենք, որ ցանկացած իշխանություն ի վերջո ունենում է իր սուբյեկտիվ քաղաքական պատկերացումներն ու շահերը: Առավել ևս ներկայիս Հայաստանում, երբ նախկին իշխող համակարգն ու քաղաքական համակարգի չկայացածությունը ձևավորում են առանձնահատուկ ռիսկերի և մարտահրավերների միջավայր, բարձրացնելով իշխանության քաղաքական շահառության սուբյեկտիվ գործոնը: Այստեղ է Սահմանադրության փոփոխության, թերևս, գլխավոր մարտահրավերներից մեկը՝ ինչպես ձևավորել Սահմանադրության փոփոխության գործընթացի մոտիվացիոն առավելագույն օբյեկտիվ հանրային-քաղաքական միջավայր, որտեղ հնարավոր կլինի լուծել հնարավորինս երկարաժամկետ հեռանկարում դիտարկվող սահմանադրա-իրավական կարգավորումների մշակման հետ կապված հարցեր:

Ի դեպ, այդ իմաստով չափազանց խոսուն է հետհեղափոխական մեկ տարին, երբ մենք արձանագրում ենք, թե հեղափոխության ընթացքում կողք-կողքի քայլող մի շարք ուժերի և շերտերի միջև մեկ տարի անց ինչպիսի տարակարծություններ և տարաձայնություններ են առաջացել, առաջանում: Մի կողմից սա ևս բնական, օբյեկտիվ, անգամ անհրաժեշտ գործընթաց է, մյուս կողմից նաև ցուցիչ է, որ պետականության և ընդհանրապես հանրային զարգացման համար կարևոր ռազմավարական, հիմնարար փաստաթուղթը, ինչպիսին Մայր օրենքն է, պետք է մշակվի հանրային չափազանց խոր հիմք ունեցող գործակցության միջավայրում: Որպեսզի դրանից մեկ կամ հինգ տարի անց ի հայտ եկող անխուսափելի տարակարծությունների շարքում չհայտնվի նաև Մայր օրենքն իր բովանդակությամբ: