Իմ Քայլում՝ մտածում են Հայաստանի բարօրության մասին ու դեմեր կան

- in Ով ով է ...

Առաջիկայում կառավարությանը երկու բարդ որոշում պետք է կայացնի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման եւ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման վերաբերյալ:

Հայաստանի տարբեր հանրային-քաղաքական խմբեր արդեն հայտարարել են այս հարցերի շուրջ բողոքի ելույթների մտադրության մասին:

Այս խնդիրների շուրջ տարաձայնություններ կան նաեւ ԱԺ մեծամասնության շրջանում, որոնք արդեն հրապարակային դրսեւորումներ են ունենում: Չի բացառվում, որ այս խնդիրները կարող են նաեւ մեծամասնության հետագա փոփոխությունների հիմք դառնալ: Մեծամասնության պատգամավորներից մեկն, օրինակ, օրերս ակնարկել էր, որ դրա անդամների մի մասն այդպես էլ մնացել է ակտիվիստ ու չի հասկացել, որ իրենք արդեն պետական պաշտոնյաներ են:

Ըստ էության, Ամուլսարի ու կոնվենցիայի հարցերում մեծամասնությունը կարող է «կիսվել» հենց այդ հիմքով, թեեւ բաժանումն իհարկե պայմանական է եւ միաժամանակ՝ ավելի խորքային: Տվյալ պարագայում գործ ունենք գլոբալ աշխարհի իրողությունների եւ ըստ այդմ՝ «ինտեգրման» ու «մեկուսացման» երկու հակադիր փիլիսոփայության ու մոտեցումների հետ, թեեւ Հայաստանում այս խնդիրների շուրջ զարգացումներն առայժմ առավելապես ենթարկված են ներքին ավելի մանր կոնյունկտուրային:

Պե՞տք է աշխատեցնել հանքը եւ ընդունել կանանց իրավունքների վերաբերյալ կոնվենցիան: Ի՞նչ է սպասվում դրական եւ բացասական որոշումների պարագայում, Հայաստանը գնում է ինտեգրմա՞ն, թե «մեկուսացման» ճանապարհով, դրանից բխող հետեւանքներով: Կա՞ այլ ճանապարհ, երբ մի կողմ է դրվում նման ըստ էության արհեստական ընտրությունը եւ օրինակ համահայկական ներուժի եւ օրենսդրական կարգավորումների միջոցով կազմակերպվում է հանրային-պետական կյանքը:

Հայկական քաղաքական ավանդույթի ուժով նման հարցերը չեն քննարկվում, դրանք առավելապես ենթարկված են ներքին մանր կոնյունկտուրային: Եվ այս հարցում իր պատասխանատվության մեծ բաժինն ունի իշխող մեծամասնությունը, որն այս ընթացքում չձեւավորեց քաղաքական քննարկումների նոր հարթակներ ու մշակույթ, ինչը հայկական հանրային-քաղաքական դաշտը կմաքրեր բարդույթներից ու մարգինալությունից:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է. Երեկվա իմ գրառումից հետո տրամաբանական է, որ ես ներկայացնեմ իմ կարծիքը Ամուլսարի հարցի շուրջ։ Առավել եւս որ արդեն շատերի համար այն գաղտնիք չէ, եւ ավելի ազնիվ կլինի պարզ ասել ամեն ինչ։ Ես իրավիճակը հասկանում եմ այնպես, որ Էլարդի եզրակացությունը եթե ոչ ամբողջապես բացասական է, ապա առվազն ավելի շուտ բացասական է, քան դրական։ Այսինքն, այդ եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։

Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը եւ բաց եմ ցանկացած փաստարկների եւ նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է։

Ամեն դեպքում, պետք է շարունակել ուսումնասիրել խնդիրը, լսել փաստարկներ բոլոր կողմերից, քննարկել հնարավոր ելքերը եւ հետեւանքները։ Այդ գործընթացը պետք է հնարավորինս բաց եւ հասկանալի լինի հանրության համար։ Համոզված եմ, որ անկեղծ ու կառուցողական քննարկումների արդյունքում ի վերջո կգտնենք ամենաօպտիմալ լուծումը։ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս՝ անկախ նրանից հանքին դեմ ենք թե կողմ, մտածում ենք Հայաստանի բարօրության մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...