Serzh Sargsyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան նոր գրառում է արել Սերժ Սարգսյանի ձերբակալության թեմայով, մի կողմից արձանագրելով, որ իշխանությունը դրա վերաբերյալ հայտնի աղմուկից հետո հրաժարվել է այդ քայլն անելու որոշումից, մյուս կողմից՝ կոչ անելով բռնել Սերժ Սարգսյանին և դրանով կանխել հասունացող արյունահեղություն:

Ով և ինչպես է հասունացնում այդ արյունահեղությունը, ՀՀԿ փոխնախագահը չի մանրամասնում, ընդհանուր ակնարկելով միայն Ամուլսարի հարցի առիթով դիմակայության սրման մասին: Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հայտնի հարցազրույցը նախորդել էր Ամուլսարի հանքի վերաբերյալ աղմկոտ զարգացումներին: Այդ զարգացումներն ինչ-որ իմաստով լրահոսից դուրս թողեցին Սարգսյանի ձերբակալության թեման: Արդյոք ՀՀԿ փոխնախագահը փորձո՞ւմ է այն, այսպես ասած, վերադարձնել լրահոս, ուշադրություն գրավելով հենց արյունահեղություն կանխելու «մեխով»:

Բայց ինչի՞ համար է ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանի մերձակա շրջանակին լրահոս բերել նրա ձերբակալության թեման՝ ավելի խորացնելով այն տպավորությունը, որ իրականում հենց Սերժ Սարգսյանն է փափագում ձերբակալվել, ոչ թե իշխանությունն է փայփայում այդ մտայնությունը: Համենայնդեպս թվում է, որ Սարգսյանի շրջապատն ու կուսակիցները պետք է լինեին գոհ, որ իշխանությունը հրաժարվել է ձերբակալելու որոշումից, եթե, իհարկե, ընդհանրապես ունեցել է այդպիսի մտադրություն կամ, առավել ևս, որոշում: Բայց դրա փոխարեն վերստին հնչում են կոչեր՝ ձերբակալեք Սերժ Սարգսյանին: Ընդ որում, եթե թեմայի առաջին շրջանառումից հետո փորձագիտական դաշտում եղան կարծիքներ, որ իշխանությունը մտադիր է այդ ձերբակալությամբ շեղել հանրությանն ու լուծել Ամուլսարի խնդիրը, ապա այժմ, փաստորեն, ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն ինքն է ձերբակալությունը կապում Ամուլսարի հետ, մի կողմից հաստատելով այդ «վարկածը»՝ որ իշխանությունն ուզում էր զուգահեռ ֆոն ստեղծել այդ ձերբակալությամբ, և մյուս կողմից՝ կոչ անելով փաստորեն չհրաժարվել այդ մոդելից:

Մինչդեռ հարցն այն է, և թերևս բոլորի, առավել ևս թրծված Արմեն Աշոտյանի համար դա առավել քան հասկանալի է, որ արդեն հայտարարված-բացահայտված այդ մոդելը չի կարող ունենալ էֆեկտիվություն: Ավելին, դեռ հարց էր, թե ինչքանով էր տրամաբանական խոսել դրա էֆեկտիվության հնարավորության մասին, այսպես ասած՝ չբարձրաձայնվածության պարագայում: Եվ ուրեմն, ի՞նչն է մղել ՀՀԿ փոխնախագահին կապել Ամուլսարի հարցը Սերժ Սարգսյանի ձերբակալության հետ, այսպես ասած, «պաշտոնապես» և այն էլ «պոստֆակտում»՝ համեմելով դա նրան անպայման ձերբակալելու կոչով և, ընդ որում, դա համարելով սպասվող արյունահեղությունից խուսափելու միջոց: Ընդ որում, թերևս, լավ պատկերացնելով, որ ձերբակալելու կոչին իշխանությունը հազիվ թե հետևի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...