Ինչն է դառնացրել վարչապետին. ազատվելու բացառիկ հնարավորությունը

- in Կարծիք

Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որ ժառանգել եմ Արցախի հարցում, Հայաստանի  դիվանագիտական ներկայացուցչությունների երեւանյան հավաքի մասնակիցների առաջ ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա եղել է ելույթի բաց մասում:

http://lragir.amԻսկ ու՞մ պարզ չէ, որ Արցախի հարցում ժառանգությունը մտահոգիչ է: Ընդ որում, դա մտահոգիչ է եղել նաեւ Սերժ Սարգսյանի համար, նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար, եթե նրանց դիտարկենք իհարկե իբրեւ առանձին միավորներ: Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը հենց շարժման եւ պատերազմի փուլից հայտնվել են որոշիչ շրջանակի դերակատարների շարքում, իրենց «ծանր ժառանգության» հարցում ունեն իրենց պատասխանատվության շոշափելի բաժինը:

Միաժամանակ, հատկանշական է այն, որ Հայաստանը մի անգամ ունեցել է ժառանգությունը փոխելու եւ հետագա տարիներով չծանրացնելու հնարավորություն՝ 1998 թվականի ներիշխանական հեղաշրջումը, որի արդյունքում հեռացավ նախագահ Տեր-Պետրոսյանը՝ Արցախի հարցի ֆորմալ պատճառաբանությամբ, եւ ձեւավորվեց նոր վերնախավ կամ նոր դասավորությամբ վերնախավ:

Բայց, թերեւս դա էր նաեւ պատճառը, որ այդ վերնախավը չկարողացավ փոխել «ծանր ժառանգության» կուտակման տանող ընթացքը: Իհարկե, մեկ տարի անց էլ եղավ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, որը տարբեր վարկածներով եւս կապում են Արցախի հարցի հետ, թեեւ այստեղ կապերը կարծես թե այդքան էլ ամուր չեն տրամաբանական: Համենայն դեպս, վարկածներում շատ է իրարամերժությունն ու հակասականությունը:

Խոշոր հաշվով, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ստացել է Արցախի հարցում «ծանր ժառանգությունից» ազատվելու բացառիկ հնարավորություն: Դա չի նշանակում դյուրին հնարավորություն: Այն օգտագործելը լինելու է չափազանց դժվար եւ առնչվելու է անկասկած ամենաբազմազան շերտերի եւ ոլորտների, որոնք առերեւույթ կարող են որեւէ կապ չունենալ անմիջական հարցի հետ:

Ազատվելու մի հնարավորություն էլ ստեղծվեց իհարկե 2016-ի ապրիլին, երբ հայկական բանակը կասեցրեց Ադրբեջանի գրոհն ու անցավ հակագրոհի: Հրադադարի հաստատումից հետո ստեղծվել էր բացառիկ վիճակ, սակայն այդ վիճակն օգտագործելու արդյունավետության հարցում դարձյալ իր դերը խաղաց «համատեղ հանցանքի» վրա ձեւավորված իշխող համակարգի առկայությունը, որը այդ փուլում գտնվում էր ներհամակարգային պայքարի շրջափուլում: Վերջին հաշվով, նաեւ ավելի վաղ մեկնարկած այդ շրջափուլի հետեւանքն էր ապրիլյան պատերազմը, որը սակայն հայկական բանակը իր ուժով ու կամքով վերածեց հնարավորության: Կառավարող համակարգը սակայն չուներ այդ հնարավորությունը լրջորեն զարգացնելու եւ իր իսկ կուտակած «ծանր ժառանգությունը» չեզոքացնելու կարողություն:

Առավել եւս, որ այդ «ծանր ժառանգությունը» պահպանելու հարցում կան շահագրգռված արտաքին ուժեր: Ամենեւին պատահական չէ, որ դրանք ռուսական մեդիայում փորձագիտական կարծիքների տեսքով անմիջապես թիրախավորեցին օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը, որը «ժառանգությունից» ազատվելու, ստատուս-քվոն ամրացնելու եւ դրա վրա քայլ առ քայլ պետական քաղաքականության պատասխանատվություն տարածելու համահայկական կոնսենսուսային կոչ էր:

Սակայն, թերեւս այստեղ է նաեւ խնդիրը, որ Փաշինյանը պետք է զարգացնի իր այդ կոչը, վերածելով իրական քաղաքականության, առաջարկելով կոնսենսուսի առարկայացման մեխանիզմները: Սկզբունքները Ստեփանակերտի հրապարակում նա առաջարկել է, սակայն մեխանիզմները հանրության համար դեռեւս հասկանալի եւ տեսանելի չեն՝ ինչ ճանապարհով պետք է ձեւավորվի համահայկական կոնսենսուսը: Առավել եւս, որ Հայաստանում ներքաղաքական օրակարգն այդ առումով գտնվում է ստեփանակերտյան ելույթի հետ գոնե առերեւույթ հակոտնյա տրամաբանության մեջ, իհարկե ունենալով որոշակի օբյեկտիվ հիմքեր եւ շարժառիթներ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...