Անտրամաբանական իրավիճակ է ստեղծվել Ամուլսարի ծրագրի դեմ պայքարողների գործողություններում: Նրանք պնդում են, որ ELARD ընկերության կողմից իրականացված փորձաքննության արդյունքներն անհիմն են և դրանք հաշվի առնել չի կարելի, սակայն նույն այդ եզրակացության կոնտեքստից կտրված պատառիկներ են անընդհատ մեջբերում՝ փորձելով հիմնավորել, որ Ամուլսարի ծրագիրը վտանգավոր է:

Զավեշատլի է տեսարանը, երբ ակտիվիստները կառավարության շենքի դիմաց իրենց ձեռքում թափահարում են եզրակացության կոնտեքստից կտրված մի քանի կետերով պաստառ, և նույն պահին նույն այդ ակտիվիստները ջանք ու կոկորդ չեն խնայում՝ հայտարարելով, որ միջազգային փորձաքննությունը հիմնազուրկ է և իրենք չեն ընդունում դրա արդյունքները:

Եկեք կողմնորոշվենք. ձեզ՝ Ամուլսարի ծրագրի դեմ պայքարողներիդ համար ընդունելի և հիմնավո՞ր են փորձագիտական եզրակացության արդյունքները, թե՞ ոչ: Ի վերջո, յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հայտարարություն պետք է ունենա իր տրամաբանական կապը նախորդող ու հաջորդ քայլերի և հայտարարությունների հետ:

Լավ, համարենք, որ միջազգային փորձաքննության արդյունքները կողմնակալ են ու ձեզ համար ընդունելի չեն: Այդ պարագայում ինչո՞ւ եք շարունակ մեջբերումներ կատարում նույն այդ զեկույցից, ինչո՞ւ եք ձեր հիմնավորումների մեջ անընդհատ կիրառում այդ զեկույցի փաստարկներն ու թեզերը: Ո՞ւր է ձեր քայլերի տրամաբանությունը:

Դիտարկենք մյուս տարբերակը: Ընդունենք, որ միջազգային փորձաքննության արդյունքները ձեզ համար հիմնավոր են, և դուք ոգևորությամբ մեջբերումներ եք կատարում դրանից, որպեսզի փորձեք հիմնավորել ձեր դիրքորոշումն ու պահանջները: Այս պարագայում ինչո՞ւ են դիմում մանիպուլատիվ քայլերի՝ հրապարակելով միայն կոնտեքստից կտրված առանձին պատառիկներ ու ձևակերպումներ: Ինչո՞ւ են անտեսում եզրակացության մեջ տրված վերջնական գնահատականները: Իսկ դրանք շատ չափազանց հստակ և միանշանակ են:

Սևանի և Ջերմուկի ջրային պաշարների մասով եզրակացության մեջ հստակ ասված է. «Ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա: Իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում Սպանդարյան-Կեչուտ թունել։ Նույն կարծիքի համաձայն՝ Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա  ազդեցություն չի լինի»:

Տարածաշրջանի օդի որակի վերաբերյալ եզրակացության մեջ բառացի նշված է. «Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունն, ամենայն հավանականությամբ կառավարելի է: Բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում»:

Կենսաբազմազանության պահպանման մասով զեկյցում նշված է. «Ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել: Զեկուցման ենթակա խախտումներ առկա չեն»:

Այժմ եթե ընդունում ենք փորձաքննության արդյունքները և հաշվի ենք նստում դրանում տեղ գտած վերոնշյալ առանցքային և ընդհանրական ձևակերպումների ու գնահատականների հետ, ապա կոնտեքստից կտրված դիտարկումներով կռիվ տալը բացարձակապես ազնիվ գործելաոճ չի թվում:

Բնապահպանների ու ակտիվիստների գործողություններն ավելի ընկալելի և տրամաբանական կլինեին, եթե առաջնորդվեին բացարձակապես իրենց գաղափարական սկզբունքներով ու համոզմունքներով, այլ ոչ թե փորձ կատարեին պայքարը տեղափոխել մանիպուլյացիաների դաշտ:

Հանքարդյունաբերությունը չի եղել և չի էլ կարող լինել զարգացման հիմք կամ շարժիչ ուժ, դա ոչ ոք չի պնդում: Մեծ հաշվով երկարաժամկետում տնտեսության այս ճյուղն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան նպաստում է տնտեսության զարգացմանը:

Սակայն ստեղծված իրավիճակում ստիպված ենք ընտրություն կատարել «վատի» և «վատագույնի» միջև, իսկ այդ ընտրությունը պետք է կատարել ռացիոնալ, հստակ հաշվարկների ու գնահատականների հիման վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...