Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին ոչ մի մեղադրանք չի առաջադրվել

- in Հրապարակ
serzh-sargsyan

Քսան տարի քրեաօլիգարխիան լափել է երկիրը, սակայն հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում կոռուպցիայի մեղադրանքով ոչ մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա չի դատվել։

Եթե չլիներ Մանվել Գրիգորյանի «տուշոնկեքի» գործը, կարող էր տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում անցած քսան տարիներին համակարգված կոռուպցիա ու համատարած թալան չեն եղել։

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկը վերաբերում է կաշառք ստանալուն, սակայն այս պարագայում դա նախաքննության մարմնի հիմնական ակցենտը չէ։ «Դարի կաշառակերը»՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, «խնամքով» թաքնվում է, Սերժ Սարգսյանին ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ նա ուզածի պես օգտվում է Բադեն Բադենի վայելքներից՝ ծաղրելով հեղափոխությանն ու հասարակությանը։ «50/50»-ի «հեղինակային իրավունքի» կրող Սաշիկ Սարգսյանը՝ թեև մեղադրյալ է, սակայն իրավապահների «հումանիզմն» անսպառ է, ու նա երկրից ազատ ելումուտի հնարավորություն ունի։

«Հեղափոխությունից ի վեր, Հայաստանում հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախկին ռեժիմի վերից վար կոռումպացված ու այդ ախտի մեջ թաթախված ոչ մի նախագահ, վարչապետ, նախարար, ԱԺ նախագահ, պատգամավոր, ոստիկան, դատավոր կոռուպցիոն հանցագործության համար ազատազրկված չէ։ Քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում մնում է հռչակագրերի մակարդակում, մենք չենք ունենալու տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր եւ իշխանության այդքան սիրած ներառական տնտեսությունը։ Եվ վերջապես՝ քանի դեռ գործող իշխանությունը վարանում է քաղաքական ամենակոշտ գնահատականը տալ նախորդ 20-ամյա քրեական ռեժիմին, քանի դեռ պետականության դեմ գործված հանցագործները բանտարկված չեն, ՎՏԱՆԳՎԱԾ Է ինքնիշխան, անվտանգ և զարգացող Հայաստան պետություն կառուցելու հույսը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Արման Բաբաջանյանը, ու նա միանգամայն ճիշտ է։

Պատգամավորը բերել է Ինդոնեզիայի օրինակը, որտեղ կոռուպցիոն մեղադրանքներով անազատության մեջ են 10 նախարար, Կենտրոնական բանկի երկու կառավարիչ, 19 մարզպետ, հարյուրավոր օրենսդիրներ։ Ինդոնեզիայի տնտեսությունն, ի դեպ, արագ զարգանում է՝ ապացուցելով կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական աճի միջև ուղղակի կապը։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հռչակագրային բնույթ ունի ու որևէ մեկն այլ բան չի կարող ապացուցել, քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, Հովիկ Աբրահամյանը շարունակում է մնալ խոշոր կալվածատեր, Գագիկ Խաչատրյանը վայելում է իր թալանն ու այսպես շարունակ։

Նման իրավիճակը՝ հատկապես Սերժ Սարգսյանի դրվագով, հասարակության մոտ զարգացնում է դավադրապաշտական վարկածները, թե իբրև հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղել են ստվերային անդրկուլիսյան պայմանավորվածություններ։ Ցավոք, նման խոսակցությունները գնալով ավելի մեծ տարածում են գտնելու՝ նախկինների անպատժելիության ու Փաշինյանի վարկանիշի օբյեկտիվ անկման համատեքստում։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն կաշկանդել է նախկիններին քաղաքական, իրավական գնահատականներ տալու հարցում։ Եթե Փաշինյանը շարունակում է խանդավառությամբ իշխել Սերժ Սարգսյանի ստեղծած սուպերվարչապետական համակարգում, ապա բացարձակապես տրամաբանական չի լինի երրորդ նախագահին քաղաքական գնահատկան տալը կամ իրավական հետապնդման ենթարկելը։ Այլ խոսքով՝ եթե երկրում չկան ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տեղին չէ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։