Ինչու՞ գաղտնի զեկույցը չի ոչնչացվել, ինչպես ԱԱԾ որոշ փաստաթղթեր. Սերժ Սարգսյանի տհաճ անակնկալը յուրայիններին

Serzh Sargsyan

Հայաստանում պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ցանցի կամ ճահճի մասշտաբների մասին 2014 թվականի գաղտնի զեկույցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հնչում են կոչեր, թե վարչապետը պետք է հրապարակի գաղտնի զեկույցը: Կան հայտարարություններ, որոնց հեղինակները, ինչպես Ստանիսլավսկին, բացականչում են՝ չենք հավատում:

http://lragir.amՇատերը համարում են, թե այդպիսով Փաշինյանն ընդամենը արդարացնում է սեփական կառավարության եւ թիմի անարդյունավետությունը:

Մինչդեռ, գաղտնի զեկույցը դե ֆակտո բացահայտվել է ոչ միայն, օրինակ, ապրիլյան պատերազմի օրերին, երբ ակնհայտ դարձավ, թե կոռուպցիան ինչպես չի խնաել անգամ բանակը: Առաջին բացահայտումը դրանից երկու-երեք տարի առաջ արել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Զաքարյանն էր, որ խորհրդարանում պալատի հաշվետվության ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանի պետական բյուջեի 1/3-ը ենթակա է կոռուպցիոն, գանձագողության ռիսկի:

Այդ հայտարարությունն, ի դեպ, բարկացրել էր Սերժ Սարգսյանին, որն Իշխան Զաքարյանին սպառնաց, թե նա գերազանցում է իր լիազորությունն ու անում քաղաքական բնույթի հայտարարություններ, ինչի համար նրանով կարող է զբաղվել ՀՔԾ-ն: Իշխան Զաքարյանը լռեց:

Դա մի շրջան էր, երբ գագաթնակետին էր հասնում քրեաօլիգարխիկ համակարգի այսպես ասած իշխանական եւ ոչիշխանական բեւեռների պայքարը: 2014 թվականին ոչիշխանական բեւեռը Սերժ Սարգսյանին ներկայացրեց Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու վերջնագիր, սպառնալով ապրիլին սկսել շուրջօրյա հանրահավաքներ: Սերժ Սարգսյանը գնաց այդ փոփոխությանը, եւ Տիգրան Սարգսյանի փոխարեն նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ոչիշխանական բեւեռի ակնառու ջանքով:

2014-ին Հայաստանն ունեցել է երկու վարչապետ: Տիգրան Սարգսյա՞նն է կազմել գաղտնի զեկույցն ու ներկայացրել Սերժ Սարգսյանին, ոչիշխանական բեւեռի դեմ օգտագործելու համար, ինչը սակայն Սերժ Սարգսյանն օգտագործեց բեվեռի դեմ, բայց իր, ոչ թե Տիգրան Սարգսյանի համար՝ զոհաբերելով նրան, թե՞ Հովիկ Աբրահամյանն է կազմել գաղտնի զեկույցը Սերժ Սարգսյանի դեմ օգտագործելու համար:

Վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո, Հովիկ Աբրահամյանը դիտարկվում էր այլեւս չորրորդ նախագահ, եւ երբ օրինակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր նախագահ կամ վարչապետ չառաջադրվելու մասին՝ նախաձեռնելով կառավարման մոդելի փոփոխություն, չգտնվեց գեթ մի հանրապետական, որը նրան կհորդորեր մնալ: Բոլորը անցնում էին «աբրահամյանական ռեժիմի»:

Իրավիճակը շրջվեց 2015-ի փետրվարին, երբ փետրվարի 12-ի հայտնի ելույթով բոլորին հանելով Ծառուկանի դեմ՝ ընդհուպ անձնական որակումներով, Սերժ Սարգսյանը գործնականում վարկաբեկեց ոչ թե Ծառուկյանին, կամ ոչ միայն Ծառուկյանին, այլ նաեւ իշխող կուսակցության «պոլիտբյուրոն», ցույց տալով, որ այն գործնականում սկզբունքից եւ սեփական կամքից զուրկ օրգանիզմ է, որը պատրաստ է թեքվել ըստ իրավիճակի եւ դրանից բխող ցուցումի: Պատկերը Սարգսյանն ամբողջացրեց 2017-ի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, թույլ տալով Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն:

Գործնականում, այդ բարդ շրջափուլում կազմված գաղտնի զեկույցը եղել է Սերժ Սարգսյանի ներհամակարգային անվտանգության երաշխիքը, որ նա կազմել է այդ համակարգի ներսում իշխանության համար պայքարի վճռորոշ փուլում, երբ զուգահեռ էլ չափազանց վտանգավոր զարգացում էր ծավալվում Արցախի ուղղությամբ:

Փաստացի ստացվում է, որ այդ երաշխիքը ներկայում վարչապետ Փաշինյանի ձեռքում է, որը արդեն կաշկանդված չէ այդ համակարգի հետ այնպիսի թելերով եւ լեգիտիմության բացակայությամբ, ինչպես Սերժ Սարգսյանը: Նախկին համակարգի տարբեր թեւերի արձագանքը պայմանավորված է թերեւս այն հանգամանքով, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը թույլ տվել, որ այն հայտնվի Փաշինյանի ձեռքում: Ինչու՞ գաղտնի զեկույցը չի ոչնչացվել այնպես, ինչպես օրինակ ԱԱԾ որոշ փաստաթղթեր, ինչի մասին հայտարարեց վարչապետն ամիսներ առաջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան