Ինչու է վարչապետն աշխատանքից ազատել իր խորհրդականներին

- in Մամուլ
ator-portfel

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։

Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։ Գասպարյանն էլ մինչև1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։

Գրչի մեկ հարվածով նրանց աշխատանքից ազատելու փաստը ոմանց տարակուսանքի տեղիք է տվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է։ Կառավարությունում կասկածներ ունեն, որ նրա պահվածքի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանին եւ Արամ Ղարիբյանին, ինչպես նաեւ օգնական Մհեր Սահակյանին:

Ազատման պատճառները չեն նշվում, հայկական ԶԼՄ-ներում նշվում է, թե դա կարող է կապված լինել ներդրողներին Հայաստանից վանելու հետ: Նկատի առնելով գլխավոր խորհրդականների ոլորտները, կարելի է ենթադրել, որ հնարավոր է խնդիրներ են առաջացել արտաքին քաղաքական ու տնտեսական որոշակի ուղղություններով:

Միեւնույն ժամանակ, պետք է նկատել, որ Ստեփանակերտում օգոստոսի 5-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը փաստացի հռչակեց նոր քաղաքականության օրակարգը, հիմնված համահայկական կոնսենսուսի 6 կետերի վրա: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը փորձ էր անում դուրս գալ հեղափոխության որոշակի շրջապտույտից ու  հետհեղափոխական դիսկուրսը «նախկին-նոր» վեճից տեղափոխել համահայկական երկխոսության եւ կոնսենսուսի հարթություն:

Իսկ նոր քաղաքականությունը պահանջում է համարժեք թիմ, նկատի առնելով այն հանգամանքը, որ գործող մեծամասնությունը զգալի մասով ձեւավորվել է հեղափոխական խնդիրների տրամաբանությամբ եւ մինչ այժմ դուրս չի գալիս այդ շրջանակից, անընդունակ լինելով գեներացնել լուրջ օրակարգեր: Հատկանշական է, որ Փաշինյանի օգոստոսի 5-ի ծրագրային ելույթը լռության մատնվեց նույնիսկ իշխող մեծամասնության կողմից:

Իրավիճակը բավական դիպուկ է նկարագրել իշխող մեծամասնության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը. «Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։ Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։ Ու էդ մարդկանց պետք է արագ ազատել էդ պատասխանատվությունից, շատ արագ»։

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ելույթի թեզերն ու դրված նպատակներն անիրագործելի չեն, սակայն պահանջում են այլ բնույթի ու տրամաբանության, դրված խնդիրներին համարժեք թիմ եւ գործունեություն: Դրանց իրականացումը հենց հեղափոխությունն է, որը երկիրը դուրս կբերի անկման իրավիճակից: