Ինչպես էին Գյումրին ատում Երևանի տաքուկ անկյուններում ծվարած նախորդ ռեժիմի ներկայացուցիչները

- in Կեղտոտ լվացք
Gyumri

Բոլոր հաշվարկներով Գյումրին աշխարհի ամենաաղքատ տարածքներից մեկն է (ՀՆԱ, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտ և այլն), բացի այդ համարվում է աղետի գոտի, բայց Գյումրին Ապրիլյան պատերազմի կրակների մեջ այրվող Արցախին ամենամեծ քանակության օգնություն ուղարկած քաղաքներից մեկն է: Պատերազմի թեժ պահին քչերն են այս փաստի վրա ուշադրություն դարձրել, բայց իսկապես տպավորիչ էր:

Գյումրու շուկան արևելքին բնորոշ անցուդարձով և ավանդույթներով լցված յուրօրինակ մի հավաքատեղի է, այնտեղ առևտուր չկա, մթերք գնելու գումար չկա, բայց ծիծաղն ու հումորը երբեք չեն դադարում:

 

Սպորտի զարգացման համար Գյումրիում նույնիսկ տարրական պայմաններ չկան և թվում է, թե միակ տարածված սպորտաձևը պետք է լինի փողոցային ֆուտբոլը, որտեղ դարպասների փոխարեն քարեր են դրվում, բայց Գյումրին աշխարհին տալիս է Օլիմպիական չեմպիոններ:

Հանուն արդարության պետք է նշել, որ աշխարհում ռուսական զորքերից վախենում են բոլորը, երևի թե դա անպարտելիության միֆ է, բայց գյումրեցի տղեքրը իրենց քարերով կարողացել են վախեցնել այդ զորքին՝ այն աստիճան, որ ռուս զինվորները ընդամենը մի քանի տարի առաջ վախենում էին վստահ քայլել փոքրիկ այդ քաղաքով, իսկ որոշները նույնիսկ չէին էլ ուզում այլևս Հայաստանում ծառայել:

Շատ ասելիք կա, Գյումրու շենքերը, մարդիկ, մշակութային յուրօրինակ արժեք ներկայացնող դռները, նույնիսկ Գյումրու ցուրտը, բա գյումրեցի աղջիկները: Երևի աշխարհի ամենասիրուն երևույթներից մեկն է գյումրեցի աղջկա սեթևեթանքը՝ համեմված յուրօրինակ իր բարբառով:

Այս ամենի հետ զուգընթաց չենք կարող չարձանագրել, թե ինչպես էին Գյումրին ատում Երևանի տաքուկ անկյուններում ծվարած նախորդ ռեժիմի ներկայացուցիչները։ Խնդիրն այն է, որ այս քաղաքում նրանք մշտապես հիմարի կարգավիճակում էին հայտնվում։ Որքան էլ, որ ընտրությունները կեղծված լինեին, միևնույն է, Գյումրիում հաղթում էին ընդդիմադիր թեկնածուները։

Ի դեպ գյումրեցիների այս մոտեցումն անհետևանք չէր մնում, պատասխանը ծայրահեղ աղքատությունն էր ու աղետի գոտու հետևողական չվերականգնումը։ Պարզապես չեմ կարողանում այլ բացատրություն գտնել։ Իսկապես նախկինները Գյումրին չեն վերականգնել ոչ այն պատճառով, որ չեն կարողացել, այլ պարզապես թքած են ունեցել ինչպես քաղաքի, այնպես էլ բնակիչների վրա՝ դրսևորելով տատալ անտարբերություն։ Ավերակներում ապրող խեղճ մարդկանց շատ ավելի հեշտ է կաշառել ու ահաբեկել։ Եթե փորձենք հաշվել պետությունից թալանված փողերը, ապա դրանք բավական են Գյումրին և առհասարակ աղետի գոտին մի քանի անգամ վերականգնելու համար: Բայց իշխանության ներկայացուցիչները մարդկանց անմարդկային դոմիկներից հանելու փոխարեն գերադասել են գողանալ ու պետական գումարները թաքցնել օֆշորային գոտիներում: Երևի թե այդպիսի պայմաններում ապրող գյումրեցիները իսկապես հերոսներ են՝ նրանք ապրում են ավերակների մեջ, խաբված են ու լքված, բայց դեռ շարունակում են ապրել:

Շնորհավորում եմ Գյումրու տոնը և հույս հայտնում, որ Հայաստանի նոր իշխանությունները կկարողանան վերականգնել տեքստիլ արդյունաբերության երբեմնի կենտրոնի ոչ վաղ անցյալի հմայքը։ Սա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ամենամեծ մարտահրավերներից մեկն է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...