Ինչ կփոխեն Արցախում՝ նախագահից ու խորհրդարանից բացի

- in Հրապարակ
Bako Sahakyan Serzh Sargsyan

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի վարչապետի հանգուցային ելույթին զուգահեռ, Երեւանն ազդարարեց Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի ժամկետ՝ 2020 թվականի փետրվար: Արդարադատության նախարարը հայտարարեց, որ այդ ժամանակ կստեղծվի փոփոխության աշխատանքային խումբ:

http://lragir.amԻնչ ժամկետ է պատկերացնում Երեւանը՝ փոփոխությունը մշակելու եւ հանրաքվեի ներկայացնելու համար, դեռեւս պարզ չէ, պարզ չեն նաեւ ուղենիշները, որոնց շրջանակում պետք է փոխվի 2015 թվականին փոխված Սահմանադրությունը:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն այդ փոփոխության մասին հայտարարել էր 2013 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ԵՏՄ մտնելու վերաբերյալ հայտարարությանը զուգահեռ: Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը չի խոսել որեւէ տեղ մտնելու կամ դուրս գալու մասին, բայց նրա ելույթը իր հիմնական շեշտադրումներով ու հաղորդագրությամբ նույնքան հանգուցային էր ռազմա-քաղաքական ազդակների իմաստով, որքան ԵՏՄ մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը: Պարզապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն իբրեւ ինքնիշխան քաղաքականության սուբյեկտ վերադառնում է համաշխարհային ասպարեզ, կամ ներկայացնում դրա հայտը Արցախի մայրաքաղաքից, որը Հայաստան է՝ եւ վերջ:

Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ Հայաստանը ստանձնում է Արցախում իշխանություն ընտրելու հանրության իրավունքի երաշխավորումը, գծելով նաեւ այն սահմանը, որի շրջանակում պետք է լինի պայքարը այդ քվեի համար: Դրա առանցքում էր ինքնիշխանությունն ու օտար երկրի շահի սպասարկման միարժեք եւ կոշտ բացառումը:

Այդպիսով, Երեւանը երաշխավորեց արցախցիների ընտրության իրավունքը: Բայց, միայն նախագահի եւ նոր խորհրդարանի՞: Բանն այն է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը ունեցավ իր դրսեւորումը նաեւ Արցախում: Ընդ որում՝ բավական հակասական դրսեւորումը: Նախ, Երեւանին զուգահեռ Արցախում էլ սկսեցին խոսել խորհրդարանական կառավարման անցնելու մտադրության մասին: Մինչ այդ, 2015-ի մայիսին, Արցախը փաստացի անցավ այդպիսի կառավարման, երբ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը մի քանի օր շարունակ փորձում էին պայմանավորվել խորհրդարանի ընտրության արդյունքի շուրջ:

Սակայն, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո կարծես թե այդ պայմանավորվածությունը փոխվեց, եւ Սերժ Սարգսյանը դուրս եկավ դրանից, իսկ Արցախում փոխվեց սահմանադրական «դիսկուրսը»: Խորհրդարանական կառավարման փոխարեն Արցախն անցավ ուժեղ նախագահական Սահմանադրության, այն ընդունելով հանրաքվեի միջոցով: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այդպիսով «ուղիղ կառավարում» մտցրեց Արցախում, դրանով գործնականում անուղղակիորեն, սակայն որոշակի պատասխանատվություն դնելով 2015-ի պայմանավորվածության կողմերի վրա: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմի հետեւանքի համար նրանցից որեւէ մեկը ոչ միայն չփորձեց պատասխանատվություն ստանձնել Սերժ Սարգսյանի հետ միասին, այլ թողեցին ամբողջ պատասխանատվությունը նրա վրա՝ թերեւս Բակո Սահակյանի որոշակի բացառությամբ, ինչի համար էլ Սարգսյանը նրան տվեց առնվազն երեք տարով իշխանությունը երկարաձգելու հնարավորություն:

Այժմ թե Հայաստանում, թե Արցախում նոր իրավիճակ է: Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը փաստորեն արձանագրեց Հայաստանում թավշյա հեղափոխության գերթավշյա արձանագրումը նաեւ Արցախում, Արցախի իշխող համակարգի հետ որոշակի կոնսենսուսի տողատակային աձանագրումով:

Զուգահեռ, ազդարարվեց Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկային ժամկետ: Կտարածվի՞ արդյոք այդ գործընթացը նաեւ Արցախում, նախագահին եւ խորհրդարանը փոխելուց բացի, արցախյան հանրությանը տալով ուժեղ նախագահական Սահմանադրությունն էլ փոխելու եւ առավել բալանսավորված քաղաքական համակարգ ձեւավորելու հնարավորություն: Թե՞ Երեւանը լինելով երաշխավոր, առնվազն տեսանելի ապագայում իր համար էլ երաշխիք է դիտարկում Արցախի ներկայիս Սահմանադրությունը, ինչպես Սերժ Սարգսյանը հետքառօրյա իրավիճակում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան