Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը

- in Իրավունք
axjik

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի փաստաբաններին պաշտոնապես ծանուցել է, որ նրանց հոր՝ Միխաիլ Խաչատուրյանի դեմ բռնության և սեռական ոտնձգությունների հոդվածներով քրեական գործի հարուցումը մերժվել է վերջինիս մահվան պատճառով:

Այդուհանդերձ, Քննչական կոմիտեն հաստատել է հոր կողմից դուստրերի հանդեպ բռնության կիրառման փաստը: Մեղադրյալ աղջիկների փաստաբանները կարծում են, որ այդ հանգամանքն իրենց թույլ կտա ապացուցել, որ հուսահատության հասած աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում և այդ պատճառով քրեական գործը պետք է կարճվի: Այս մասին հայտնում է Կոմերսանտը:

Հիշեցնենք, որ Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները 2018 թվականի հուլիսի 27-ին իրենց բնակարանում հարձակվել են իրենց հոր վրա՝ դանակով և մուրճով հարվածներ հասցնելով: Աղջիկները նշել են, որ հայրը տարիներ շարունակ իրենց ծեծել ու սեռական բռնությունների է ենթարկել: Քույրերը սպանությունից հետո կալանավորվել էին, ապա ստորագրությամբ ազատ արձակվել: Ավելի ուշ կրտսեր քույրը փորձագետների կողմից անմեղսունակ է ճանաչվել հոր սպանության պահին: