Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

- in Կեղտոտ լվացք

Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զորակցություն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Պատգամավորը ֆեյսբուքյան էջում հերքում է այդ տեղեկությունըՙ նաեւ նշում, որ կեղծված է հոդվածին կցված եւ իրեն վերագրվող նամակը, որն, իբր, ինքն ուղղել է «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին:

«Օրեր առաջ ռուսական կայքերից մհրաեկում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։ Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ: Այս ամենը իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը»,- գրել է նա:

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին: