Կյանքը սահմանի եզրին, պատմում են սահմանամերձ գյուղերի բնակիչները

- in Սոցիալական
Tavush gyux

Թե ինչպես է կյանքը սահմանին, պատմում են սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնցից մի քանիսն իրենց երեխաների հետ այսօր Երևանում էին: Երեխաները անկաշկանդ են, շփման մեջ համարձակ:

«Գյուղում ջուր չկա, գետի ջուրն ենք օգտագործում, իսկ ջուրը տաքացնելու համար աթար ենք վառում։ Մշակութային կենտրոն էլ չկա գյուղում, երեխաների համար չկա հետաքրքրություն, չկան խմբակներ» եզդիաբնակ Թլիկ գյուղի խնդիրներն է ներկայացնում գյուղի 12 տարվա բնակիչ Լեյլա Ավդալյանը։

Թլիկում գյուղացիների համար ջրի միակ աղբյուրը Ախուրյան գետն է. «Ջուրը պոմպով մղվում է վերև՝ ցիստեռն, մարդիկ էլ կրում են տուն» պատմում է Լեյլան, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Թլիկ գյուղ՝ «Չորս երեխա ունեմ, ամուսինս էլ գյուղի դպրոցում եզդիերենի ուսուցիչ է»։ Լեյլայի փոքր դուստրը՝ Անահիտը դպրոցում լավ է սովորում, ասում է, որ իրենց դասարանում ընդամենը 4 հոգի են։ Անահիտի սիրելի զբաղմունքը նկարելն է և կցանկանար, որ դպրոցում նկարչության խմբակ լիներ։

Արմավիրի մարզի Մարգարա գյուղից Ստեփանյան Վարդինեն դժգոհում է, որ թեպետ գյուղում կա մշակութային կենտրոնի շենքը, բայց որևէ խմբակ չկա, նույնիսկ երեխաների համար խաղահրապարակ չկա։ Դպրոցից հետո երեխաները օգնում են ծնողներին, նույնիսկ հողագործությամբ են զբաղվում։ Վարդինեի դուստրը՝ Էլենը սիրում է իր գյուղը, արդեն 9-րդ դասարանում է սովորում, գերազանց առաջադիմությամբ, մասնագիտության ընտրության հարցում տատանվում է, թեպետ պարել է սիրում, բայց ոստիկան դառնալու ցանկություն էլ ունի «Մի քանի մասնագիտություն ունեմ ընտրած՝ լեզվաբան, ոստիկան, պարուհի։ Եթե պարուհի դառնամ գյուղում պարի խմբակ կբացեմ, իսկ եթե ոստիկան դառնամ Երևանում կաշխատեմ, կպահպանեմ օրենքները և ոչ ոքի թույլ չեմ տա դրանք խախտել»։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղից Դանիելյան Սոկրատը, ով ընկերների հետ էր եկել, դեռևս 12 տարեկան է, բայց ունի ընտրած մասնագիտություն և արդեն պլանավորել է իր հետագա քայլերը «Աշխարհահռչակ երաժիշտ եմ ուզում դառնալ, երաժշտական դպրոց եմ հաճախում, այս տարի ավարտեցի շվին, հիմա սկսել եմ ուսումնասիրել դուդուկը և դհոլը։ Երաժշտական քոլեջ կընդունվեմ,  հետո Կոնսերվատորիա» Սոկրատը թեպետ ուզում է աշխարհահռչակ երաժիշտ դառնալ, բայց այն հարցին որտեղ կցանկանար աշխատել, այնուամենայնիվ նախընտրեց իրենց գյուղը «Կուզենամ իմ սովորած գիտելիքները փոխանցեմ մյուս երեխաներին, ովքեր կուզեն երաժիշտ դառնալ»։

Փոքրիկ երաժիշտը գյուղի առօրյա հոգսերը հոգալու հարցում պատրաստակամ օգնում է ընտանիքի անդամներին «Խոտը հավաքում ենք, կապում ու բերում, պապիկս էլ արդեն մեծ է, կենդանիներին ես եմ երեկոյան սարից իջեցնում»։

«Կյանքը սահմանի եզրին» նախագիծն իրականացվում է «Սինոլաբ» արվեստների լաբորատորիայի և «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ. «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում և քաղաքներում ապրող երեխաների պատմություններն են:

Նարա Մարտիրոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...