Կշարունակի՞ պնդել «ռուսական մանդատի» հայեցակարգը, թե՞ կհրաժարվի դրանից

Samvel Babayan

Արցախի մայրաքաղաքում օգոստոսի 5-ին ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի իշխանության ձևավորման գործընթացին, հնչեցրեց մի քանի նշաձող, որոնց շրջանակում պետք է դիտարկվի քաղաքական մրցակցությունը Արցախի նոր իշխանության համար: Այդ շարքում առանցքայիններից մեկը վերաբերում էր երրորդ երկրի շահերի սպասարկման անթույլատրելիությանը:

Առերևույթ դա մի նշաձող է, որ ինքնաբերաբար պետք է լինի ցանկացած պետության և ազգի պարագայում: Մյուս կողմից, Փաշինյանի այդ հայտարարությունն առանձնահատուկ լույսի ներքո է դիտարկվում՝ հաշվի առնելով մի հանգամանք. Արցախի նախագահի ընտրության գործընթացի մասնակցության հայտ ներկայացրած գործիչների թվում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Իսկ Բաբայանը, ինչպես հայտնի է, առաջ է բերել արցախյան հարցը «ռուսական մանդատի» ներքո դնելու գաղափարը:

Ասել, որ դա մինչ այդ որևէ կերպ չհնչած գաղափար է, սխալ կլինի: Ի վերջո, կա Զորի Բալայանի հայտնի նամակը Պուտինին: Բայց մի բան է Զորի Բալայանի նամակը, մեկ այլ բան՝ Արցախի նախագահի ընտրությանը մասնակցության հայտ ներկայացնող գործչի դիրքորոշում-մոտեցումը:

Ավելին՝ այդ ֆոնին, Արցախում «ռուսական մանդատի» ներքո «առանձնահատկության» մասին դասախոսել էին նաև ռուսաստանցի որոշ փորձագետներ: Կա՞ ընդհանրություն նրանց և Սամվել Բաբայանի միջև՝ թերևս, ենթադրության դաշտից է, սակայն դա սկզբունքորեն կարևոր էլ չէ: Կարևոր է, որ պաշտոնական Երևանը միարժեք և հստակ սահմանել է իր վերաբերմունքը դրա նկատմամբ՝ հայտարարելով, որ երրորդ երկրի շահի սպասարկման որևէ փորձ կարժանանա Երևանի կոշտ պատասխանին:

Թեև Փաշինյանը չի տվել որևէ անուն, այդուհանդերձ, հայտարարության այդ մասը դիտարկվել է հաղորդագրություն Սամվել Բաբայանին: Ի՞նչ կանի Արցախի պաշտպանության նախկին նախարարը: Կշարունակի՞ պնդել «ռուսական մանդատի» հայեցակարգը, թե՞ կհրաժարվի դրանից: Այստեղ կարող է հետաքրքիր լինել մի հանգամանք էլ: Արցախի հանրության ընտրության իրավունքն ապահովելու երաշխավորություն ստանձնած Նիկոլ Փաշինյանը այդպիսով, արդյոք, նաև պայմա՞ն էր ներկայացնում Սամվել Բաբայանին. հնարավոր է իրագործել Սահմանադրության այն փոփոխությունը, որին ձգտում է Բաբայանը՝ ընտրության մասնակցության իրավունքի համար, բայց հնարավոր է պայմանով՝ եթե Բաբայանը հրապարակավ հրաժարվի «ռուսական մանդատի» պատկերացումից:

Ի դեպ, օգոստոսի 5-ի հանրահավաքից ժամեր առաջ հայտարարություն էր տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը՝ ասելով, որ Բաբայանի համակիրները կմասնակցեն հանրահավաքին: Միաժամանակ, հայտարարությունն անդրադառնում էր նաև ապակայունացման վտանգի մասին մեղադրանքներին, որ ուղղվում են Բաբայանին: Հայտարարության մեջ ասված էր, թե Բաբայանը երբեք չի ապակայունացնի Հայաստանն ու Արցախը, և այդպիսի իրավիճակ առաջանալու պարագայում նա պարզապես հեռանում է՝ հանուն անձնական կամ քաղաքական շահի չվտանգելով կայունությունը: Կհրաժարվի Սամվել Բաբայանը գործընթացին մասնակցելո՞ւց, թե՞ կհրաժարվի «ռուսական մանդատի» գաղափարից: Ակնառու է այն, որ օգոստոսի 5-ին ստանձնելով Արցախի ընտրության երաշխավորի պատասխանատվություն, Նիկոլ Փաշինյանը փոխեց իրավիճակը՝ ցույց տալով, որ դեմ գնալ նոր իրավիճակին՝ նշանակում է գնալ իր դեմ: