Ամուլսարի թեմայով վարչապետ Փաշինյանի եւ հանքարդյունաբերության գոտու շրջակա համայնքների բնակիչների հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել Իմ քայլը խմբակցության հետ:  Ամուլսարի հարցը, որ հեղափոխությունից հետո մեկ տարի անց զարգանում էր այսպես ասած «դանդաղ գործող ականի» էֆեկտով, կարծես թե մոտ է «պայթյունին»:

 http://lragir.amՀասկանալի ու սպասելի էր, որ նոր իրավիճակում, երբ մի խումբ մարդիկ փակեցին Ամուլսարի ճանապարհն ու դադարեց հանքի կառուցման գործընթացը, գործընթացին միանալու եւ այն քաղաքական կամ տնտեսական այլ շահի ծառայեցնելու շահագրգիռ խմբերն ավելանալու են, թե նախկին իշխանության տարբեր շրջանակների հաշվին, թե նոր իշխանությանը չհարող քաղաքական սուբյեկտների, որոնց համար թանկ է այդ իշխանության նկատմամբ դժգոհությունը կապիտալիզացնելու ցանկացած առիթ:
Ներկայում, անցնող օրերին հանգուցալուծման շունչը զգալուն զուգահեռ, այդ միտումները դարձել են առավել նկատելի:

Սակայն, դա այն է, ինչ թերեւս սպասելի էր, առնվազն մեկ տարի առաջ հանքի ճանապարհը փակելուց հետո: Նոր իշխանության համար թերեւս անսպասելի էր ճանապարհի փակումը, որ արդեն իսկ անարգել, գործնականում առանց որեւէ ֆիզիկական դիմադրության սկսած հանքի կառուցումը մնալու էր կիսատ: Իշխանությունն ակնհայտորեն չկողմնորոշվեց որեւէ արագ արձագանքի հարցում, միաժամանակ կաշկանդված լինելով հեղափոխական վարկով:

Խնդիրը մնաց, իսկ ժամանակն իր հետ որեւէ օրիգինալ լուծում կարծես թե չբերեց՝ հանքը կամ պետք է աշխատի, կամ՝ փակվի: Փակվելու դեպքում պետք է կարգավորվի Հայաստան պետության հարաբերությունը միջազգային ներդրող ընկերության հետ: Կա՞ բնապահպանական անկասելի վտանգ, թե ոչ, այս հարցն էլ շարունակում է լինել լուրջ վեճերի առարկա: Բայց հարցերը թերեւս դրանով չեն սահմանափակվում:

Մեկ այլ հարց է, թե ինչ պետք է լինի հանքարդյունաբերության մյուս օբյեկտների հետ, որոնք աշխատում են տարիներ շարունակ, ակնհայտորեն զիջելով այն ստանդարտներին, որ հանքի շահագործման համար առաջարկում եւ ներդնում է Լիդիան ընկերությունը:

Այստեղ ի դեպ առկա են այլ հարցեր, թե ինչու՞ բնապահպանական եւ քաղաքացիական շարժումը կամ խմբերը նույնքան աշխույժ եւ կոշտ չեն հանքարդյունաբերական այլ ծրագրերի հանդեպ, որոնց սեփականատերերը կամ հայաստանյան նախկին իշխանությանը հարող շրջանակներ են, կամ ռուսական ընկերություններ: Ինչու՞ է հանքարդյունաբերության ոլորտում բարդագույն իրավիճակ ստեղծվել հենց արեւմտյան ներդրումային ծրագրի հանդեպ:

Այդ հանգամանքն իր հերթին հետաքրքիր է մի քանի այլ նախադեպերի ֆոնին: Կարծես թե ձեւավորվում է յուրօրինակ մի շղթա: Իհարկե, որեւէ կերպ հնարավոր չէ պնդել որեւէ օրինաչափության մասին, բայց այդուհանդերձ հատկանշական է, որ Հայաստանում որպես կանոն տեւական բարդ գործընթացում հայտնվում են առավելապես արեւմտյան խոշոր ներդրումային ծրագրերը ՝ անկախ ոլորտից:

«Ոդիսականի» վերածվեց Քարֆուր հիպերմարկետի մուտքը Հայաստան, ընդհուպ քաղաքական դիմադրության բախվեց Որոտանի Կասկադի ձեռքբերման գործընթացը՝ որը ամերիկյան խոշոր նեդրում էր, Լիդիան ընկերության հետ էլ ամեն ինչ հարթ չէր անգամ նախկին իշխանության շրջանում, եւ նկատելի էր, որ Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալու-չտալու հարցը նաեւ ներհամակարգային տարբեր թեւերի միջեւ պայքարի առարկա էր:

Մինչ այդ, Հայաստանում բավական բարդ ստացվեց եւ տապալվեց գործնականում առաջին փորձերից մեկը՝ էլցանցերի մասնավորեցումը, որին մասնակցում էին արեւմտյան ընկերություններ, եւ մրցույցից դուրս էին մնացել ռուսականները՝ ստանդարտներին չբավարարելու պատճառով: Ի վերջո, մրցույթը տապալվեց, իսկ ցանցերը միանձնյա հայտնվեցին ռուսական ընկերության ձեռքում:

Այդ ամենից դուրս, կա սկզբունքային մեկ այլ հարց՝ Հայաստանը պե՞տք է ունենա հանքարդյունաբերություն, թե՞ ոչ: Իդեալում, հանքարդյունաբերությունից պետք է հրաժարվել: Սակայն Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները չափազանց բարդ են տնտեսական այդպիսի ռեսուրսից հրաժարվելու համար:  Ըստ այդմ, հարցը պետք է լինի օգտագործման ստանդարտներն ու ազգային հարստության տնօրինման իրավա-կազմակերպական ձեւերը: Բայց Հայաստանը թերեւս պատրաստ չէ այդ հարցերի խորքային, բովանդակային, մասնագիտական քննարկումների, քանի որ չի տիրապետում այդօրինակ քննարկումների կազմակերպման ձեւերի, մեխանիզմների, մշակույթի: Այստեղ արդեն գործ ունենք ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ լայն իմաստով հանրային-քաղաքական հոգեբանական, արժեհամակարգային ճգնաժամի հետ, որ հետխորհրդային շրջանում իշխող եւ ընդդիմադիր քաղաքական էլիտաները ոչ միայն չեն փորձել հանգուցալուծել, այլ խորացրել են հնարավոր բոլոր առիթներով ու միջոցներով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...