Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքը /գյուղը/ հիմնադրվել է 1969 թվականին: Կեսդարյա պատմություն ունեցող համայնքի առաջին բնակիչները եկել են հիմնականում Հայաստանի տարբեր շրջաններից:

Համայնքում իրականացվող աշխատանքներն այսօր, համայնքապետարանի աշխատակազմի հետ միասին ղեկավարում է՝ գյուղացու հոգսերով ապրող, իր աշխատանքին նվիրված Մելսիկ Ղազարյանը: Նրա հետ էլ կայացավ մեր զրույցը:

– Պարոն Ղազարյան, համառոտ ներկայացրեք Ձեր կենսագրությունը:

– Ծնվել եմ Արագածոտնի մարզի Դիան գյուղում՝ 1958 թ.: 1984 թվականին ավարտել եմ Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումի Ագրոնոմիա բաժինը: Նույն տարում աշխատանքային գործունեությունս սկսել եմ գյուղատնտեսական ոլորտից, Արագածոտնի սովխոզում բրիգադիր, սերմնաբուծական տնտեսության բրիգադավար, տնօրեն:

1999 թ. ընտրվել եմ Արագածոտնի գյուղապետ, վերընտրվել եմ համայնքի ղեկավար և մինչ օրս աշխատում եմ:

Բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել եմ՝ պատվոգրերով, գյուղատնտեսության ոլորտի զարգացման՝ ոսկե մեդալով, ոսկե ժամացույցով:

– Համայնքի բնակչության հիմնական մասը, ինչո՞վ է զբաղվում:

– Մեր համայնքը շրջկենտրոնից գտնվում է շուրջ 20 կմ հռավորության վրա: Մեր բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ խաղողագործությամբ, անասնապահությամբ:

– Շուրջ 20 տարի աշխատում եք Արագածոտն համայնքի ղեկավար /գյուղապետ/, ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում, որոնք ծառայել են համայնքի բնակչության սոցիալ – կենցաղային պայմանների բարելավմանը:

– Համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում շատ աշխատանքներ ենք իրականացրել: Այս պահին շարունակվում են այդ աշխատանքները, որոնք ուղղված են բնակչության հոգսը թեթևացնելուն: 14 մլն ՀՀ դրամ ներդրել ենք՝ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար: 83  մլն դրամ՝ ջրագծեր ենք քաշել, 135 մլն ոռոգման ջրագիծ: 12 մլն դրամ էլ հատկացրել ենք կուլտուրայի տան վերանորոգմանը:

Լուսավորության հետ կապված՝ ՍՍՀՄ տարիներին մեկ ու մեջ հենասյուների վրա են տեղադրել՝ հիմա   մրցույթ եմ հայտարարել, 7,5 մլն դրամ լուսավորության հետ կապված աշխատանքների կատարման համար ենք հատկացրել:

– Որ խնդիրն է այսօր՝ համայնքի համար  հրատապ լուծում պահանջող:

– Մեր համայնքի համար առաջնային խնդիրը՝ գազաֆիկացման հետ է կապված: Համայնքում չունենք գազ, որովհետև խողովակաշարը բավականին հեռու է գտնվում: Դա է պատճառը, որ համայնքը գազաֆիկացված չէ:

Այս պահին մեր համայնքում 45 հեկտար տարածքում արևային էլեկտրակայան է տեղադրվում, Հայաստանի ամենամեծ կայաններից մեկն է: Արտադրվող էներգիան տրվում է ՀԷՑ – երին, որտեղից էլ հասնում է բնակիչներին: Մեր բնակիչները համապատասխան սարքեր են տեղադրել տանիքներին և այսօր ամբողջ համայնքն ապահոված է տաք ջրով:

– Ի՞նչ կրթամշակութային օջախներ են գործում համայնքում, համայնքապետարանը աջակցու՞մ է նրանց գործունեությանը:

– Համայնքում գորժում է դպրոց, որը գտնվում է իդեալական վիճակում: ՈՒնենք գործող նախակրթարան, որը ներկա դրությամբ դպրոցի տարածքում է, քանի որ մանկապարտեզի շենքը վերանորոգման կարիք ունի: Համայնքը շուտով կունենա հանդիսությունների սրահ: Երեխաների համար գործում են՝ երգ ու պարի, նկարչության խմբակներ: Խմբակների սաները մասնակցում են համայնքում անցկացվող միջոցառումներին, մարզային և հանրապետական մրցույթներին և բազմիցս առժանացել են մրցանակների:

Առայժմ չունենք մարզադպրոց, այդ ուղղությամբ մտածում ենք, որպեսզի մեր երեխաներն էլ կարողանան զբաղվեն սպորտով՝ առողջ ապրելակերպով և ունենան մարզական նվաճումներ:

                                                                              Մանվել  Կիրակոսյան

Գեղ. ղեկավար Դավիթ Մանուկյան, պարուսույց Լիլիթ Հովակիմյան: Արագածոտնի մարզ գյուղ Արագածոտն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...