Հայաստանը չի հաստատել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետի մասնակցությունը

- in Պաշտոնական

Հայաստանը չի հաստատել է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- ասաց Նաղդալյանը:

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ համաժողովի պաշտոնական կայքում նշված է եղել Հայաստանի վարչապետի առանձնահատուկ հյուր լինելու հանգամանքը՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխության համատեքստում:

Թե որն է համաժողովը բաց թողնելու պատճառը, մանրամասնված չէ: Այն վարչապետի ծանրաբեռնված ժամանակացու՞յցն է, թե հանգամանքը, որ Լեհաստանի համաժողովը չունի այն քաղաքական կալիբրը, որից կարող է բխել Հայաստանի վարչապետի մասնակցությունն ու ելույթը:

Պետք չէ բացառել եւ այն, որ Հայաստանի վարչապետի չմասնակցության պատճառը Հայաստանում է, ավելի կոնկրետ՝ «Ամուլսարում»: Այդ հարցի շուրջ ստեղծվել է հակասական ներքին իրավիճակ, լարվածության շոշափելի ներուժով: Միաժամանակ, այդ հանգամանքից բացի, կա նաեւ խնդրի այսպես ասած «ներդրումային» կողմը: Ամուլսարի չլուծված հարցն ինքնին միջազգային բիզնես շրջանակներում Հայաստանի վստահելիության հանգամանքի վրա կախված ռիսկ է, որը կարող է բազմապատկվել այն դեպքում, երբ կայացվի շահագործումը չեղարկելու որոշում, թեեւ վարչապետը հայտարարել է հակառակ մտադրության մասին:

Մինչեւ սեպտեմբերի 4-ը շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը պետք է վարչապետին պատասխանի՝ լինելու՞ է նոր ՇՄԱԳ, կա՞ դրա անհրաժեշտությունը, թե ոչ: Եթե նախարարությունն ասի, որ նոր ՇՄԱԳ՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատում իրականացնելու կարիք չկա, ապա դա մեծ հավանականությամբ նշանակում է, որ վարչապետը պետք է հայտարարի Ամուլսարի շահագործման մասին:

Համենայն դեպս, նախարարության պատասխանը կարող է ենթադրել հենց դա, եւ մեծ  է հավանականությունը, որ նոր ՇՄԱԳ անհրաժեշտության բացակայության մասին եզրակացությունը ինքնին առաջացնի լարվածության աճ՝ մինչ վարչապետի որեւէ հայտարարություն:

Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի նախընտրում է այդ օրերին լինել Հայաստանում, քանի որ կարող է առաջանալ օպերատիվ արձագանքի անհրաժեշտություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...