Հայաստանի նշաձողերը շոշափելո՞ւ, որի հիման վրա Կրեմլը կդիտարկի Մոսկվայի հետագա անելիքները

- in Կեղտոտ լվացք

Օգոստոսի 12-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Երևան է ժամանում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Այդօրինակ այցը հայ-ռուսական հարաբերության տիրույթում անշուշտ նորություն չէ, սակայն Պատրուշևի այցն առավել հետաքրքիր է դառնում օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթի ֆոնին, թեև հայտնի չէ՝ այցը պլանավորված էր ավելի վաղ և տեղի էր ունենալու ելույթից անկա՞խ, թե՞ իրականացվում է հենց ելույթի հետքով: Համենայն դեպս ակնառու է, որ օգոստոսի 5-ի ելույթում հնչել են շրջադարձային արտահայտություններ, որոնք առերևույթ առնչվելով արցախյան հարցին, համահայկական օրակարգին, խորքային առումով վերաբերել են անվտանգության ռեգիոնալ համակարգին՝ դրա լայն իմաստով ու շրջանակով: Իսկ դա արդեն միջազգային ընդգրկման հարց է, և այդ իմաստով Ռուսաստանի հետաքրքրությունը հատկանշական է մի քանի առումով:

Նախ՝ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքի և Կովկասի անվտանգության համակարգի ռուս-թուրքական «դաշնակցության» առումով: Գործնականում, Նիկոլ Փաշինյանի ելույթում արվող շեշտադրումները ուղղակիորեն դնում են այդ դաշնակցության ապագայի հարցը՝ Ռուսաստանը կա՛մ Հայաստանի հետ է հայկական անվտանգության համակարգի պաշտպանության շրջանակում, կա՛մ ռուս-թուրք-ադրբեջանական շրջանակում է՝ Հայաստանի դեմ:

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի պատասխանատուն կլինի Ռուսաստանը, որն ի զորու է կանխարգելել այդ պատերազմը: Ի զորու է թե ոչ՝ սա կարող է անգամ վիճելի լինել, սակայն հարցն այն է, թե Հայաստանը ինչ նշաձող է դնում Մոսկվայի առաջ:

Միաժամանակ, օգոստոսի 5-ին էլ Հայաստանն իր առաջ է դնում բարձրագույն նշաձող, և այդ իմաստով Կրեմլը, անշուշտ, պետք է պատասխանի լուրջ հարցադրումների: Պատրուշևի այցը թերևս այդ համատեքստում է: Նա գալիս է Երևանում Ստեփանակերտի ելույթից դժգոհություն հայտնելո՞ւ, թե՞ գալիս է ելույթի վերաբերյալ հետագա քննարկումների, իրավիճակը հասկանալու, գնահատելու, Հայաստանի նշաձողերը շոշափելու համար, որի հիման վրա Կրեմլը կդիտարկի Մոսկվայի հետագա անելիքները: Իսկ այստեղ իրավիճակը, իհարկե, բոլորովին միարժեք չէ, որովհետև, ի վերջո, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պատերազմով, թե առանց դրա, ռուս-թուրք-ադրբեջանական գործակցության տիրույթում Ռուսաստանն այլևս անդառնալի ծուղակում է, և դրանից դուրս գալու ռեգիոնալ հնարավորությունը Հայաստանի անվտանգության նշաձողերի բարձրացումն է:

Բանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Մոսկվային գործնականում վաղուց են դրել «կամ-կամ»-ի առաջ, և այստեղ, որքան էլ տարօրինակ հնչի, նահանջի ճանապարհ կարող է ապահովել Հայաստանը, եթե Մոսկվային իր հերթին դնի «կամ-կամ»-ի առաջ: Մոսկվայում ավելի ու ավելի բորբոքվող ներհամակարգային պայքարում, որտեղ հանգուցալուծվելու է Պուտինի երկրորդ ժամկետի դիլեման, որոշակի շրջանակներն ունեն Հայաստանի այդ «կամ-կամ»-ի կարիքը: