Hashvark

Եվ դա զգացվում է անգամ յուրաքանչյուր հաջորդ ամիս: Այդ մասին փաստում է նաև Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող սպառողական գների ինդեքսը:

Հերթական՝ 2019թ. հունվար-հուլիսին զեկույցում, մի շարք ապրանքատեսակների գծով թվերի աճը բավականին ակնառու է: Բայց նախ նշենք, որ հրապարակման մեջ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար, այդ գների ինդեքսի զամբյուղում ներառված է 450 ապրանք-ծառայություն:

Վիճակագրական կոմիտեն հրապարակում է այդքան ապրանք-ծառայությունների յուրաքանչյուր ամսվա տոկոսային փոփոխությունը՝ նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ: Համաձայն հերթական հրապարակման՝ 2019-ի հուլիսին սպառողական գների ինդեքսի աճը կազմել է ընդամենը 1.7%՝ նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ: Ընդհանուր առմամբ սա մեծ աճ չէ, հատկապես որ մայիսին այն կազմել է 2.8%, հունիսին՝ 2.5%: Հունվարից հետո սա ամենափոքր աճի ինդեքսն է, որ արձանագրվել է:

Բայց, ինչպես արդեն նշվեց, սա վերաբերում է 450 անուն ապրանք-ծառայությունների, որոնց թվում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են տնային կենդանիներն ու դրանց խնամքի պարագաները կամ ռեստորանները, սրճարանները, պարասրահները, որոնք այնքան էլ առաջին անհրաժեշտության չեն, ավելի շուտ՝ շքեղություն են, զվարճություն, այնինչ, սրանց գնանկումն ազդում է ընդհանուր սպառողական գների ինդեքսի վրա: Մինչդեռ հացը, հացամթերքը, մակարոնեղենը, բանջարեղենը, որոնք բնակչության հատկապես անապահով, համեմատաբար ցածր ապահոված խավի համար ապրուստի հիմնական միջոց են, պետք է առանձին դիտարկվեն՝ որպես առաջնահերթ պահանջարկ ունեցող սննդամթերք, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքների առումով ավելի ռեալ պատկեր ստացվի: Ահավասիկ. սննդամթերքի միջինացված գները 2019թ. հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, աճել են 2.8%-ով: Մինչդեռ, բնակչության կողմից ամենաշատն օգտագործվող հացը թանկացել է 5.5%-ով: Հունիսին էլ նույն ցուցանիշն էր, և այս տարվա հացի ամենամեծ աճն է: Նշենք նաև, որ առավել շատ օգտագործվող սննդամթերքների մեջ այս աճը ամենամեծերից է:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 4.4%-ով: Ամենաշատ օգտագործվողներից՝ մակարոնեղենի գները վեր են խոյացել 8.4%-ով:

Սրա դեպքում էլ այս տարվա մեջ կայուն բարձր աճ է գրանցվում: Բրնձի թանկացումը, հունիսի համեմատությամբ, որոշակիորեն դանդաղել է, մինչդեռ անցած տարվա հուլիսի համեմատությամբ աճը կազմել է 2.5%: Միսը միջինում աճել է 3%-ով: Ընդ որում՝ տավարինը՝ 0.6%, գառանն ու ոչխարինը՝ 7.4%-ով: Խոզի թարմ և սառեցված միսը գնանկում է գրանցել ամբողջ 12.1%-ով: Հիշեցնենք, որ համեմատությունը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ է: Իսկ եթե խոզի մսի գինը համեմատում ենք այս տարվա ամիսների հետ, ապա ստացվում է, որ սրա պարագայում էլ, վերջին երկու-երեք ամիսներին ավելի քան 3%-ով գնաճ ունենք: Ի տարբերություն խոզի մսի, թռչնամիսը շարունակում է կայունորեն թանկանալ թե՛ նախորդ տարվա հուլիսի, թե՛ այս տարվա անցած ամիսների նկատմամբ: Հուլիսի նկատմամբ աճը կազմել է 13.6%: Չորացված, պաղեցված միսն ու ենթամթերքը թանկացել են 2.8-3.4%-ով: Ձկան պարագայում արձանագրվել է 2.4%-անոց գնանկում, մինչդեռ ծովային մթերքների դեպքում՝ ավելի քան 26%-անոց աճ: Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 5.1%-ով: Ընդ որում՝ վերջին ամիսներին կաթնամթերքների գների կայուն աճ է արձանագրվում և դա սպասվում է նաև առաջիկայում: Անարատ կաթը թանկացել է աննշան՝ 0.1%-ով, մինչդեռ ձվի թանկացումը չնկատելը պարզապես անհնարին է, որովհետև այն կազմում է գրեթե 39%: Ընդ որում՝ վերջին մի քանի ամիսներին ձվի գինը կայունորեն աճում է: Ի տարբերություն սրա, կարագի գինը նվազել է 3.6%-ով, այլ սննդային յուղերինը՝ 6.8%-ով: Ամռան ամիսներին ամենաշատն օգտագործվող մրգերի միջինացված գինը, հունիսի 8.6%-անոց աճից հետո, հուլիսին արձանագրել է 0.1%-անոց անկում: Մինչդեռ բանջարեղենի գներն աճել են գրեթե 12%-ով: Հացից ու մակարոնեղենից հետո սննդի մեջ ամենաշատը օգտագործվող կարտոֆիլի գինն աճել է 75.4%-ով: Շաքարինը նվազել է գրեթե 5%-ով:

Մինչդեռ այս տարվա նախորդ ամիսների նկատմամբ այս ապրանքատեսակը դարձյալ սկսել է թանկանալ 5-10%-ով: Միջինում 1-2 %-ով նվազել են սուրճի և թեյի գները: Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 4.1%-ով: Առանձին ալկոհոլը՝ 2.6%-ով, իսկ գինին՝ 8.7%-ով: Ծխախոտը թանկացել է 6.6%-ով: Ներկայացվածները հիմնականում առաջին անհրաժեշտության սննդամթերքն ու ապրանքատեսակներն են, որոնց, անգամ աչքաչափով հաշվարկի դեպքում կունենանք ավելի քան 10%-անոց գնաճ:

Ցավոք, ոչ պակաս բարձր է մյուս ապրանքատեսակների գների աճը: Մասնավորապես. հագուստի և կոշիկի միջինացված գնաճը հուլիսին կազմել է 6.2%: Ընդ որում կարելի է ասել, որ թռիչքային գնաճ է արձանագրվել, որովհետև դեռ մայիսին այն կազմում էր 1.7%, հետո՝ 5.2%: Տղամարդկանց հագուստը թանկացել է 5.7%-ով, կանանցը՝ 7.4%-ով: Հագուստի այլ պարագաները՝ 14%-ով: Կոշկեղենը թանկացել է 7.5%-ով: Մանկական կոշիկը՝ ավելի քան 12%-ով: Ոչ շատ, ընդամենը 0.3%-ով թանկացել են նաև բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները: Ընդ որում՝ բնակարանի վարձավճարը թանկացել է 2%-ով: Իսկ վարձով տրվող բնակարանների բնակվարձերը՝ ավելի քան 5%-ով: Վերջին ամիսներին կայունորեն, առանց տատանումների, ամսական 1.5%-ով բարձրանում են աղբի հավաքման գները:

Տնային գործածության առարկաներից 5%-ով թանկացել է տնային տնտեսության գործածության կահույքը: Գրեթե նույնքան՝ կահավորանքն ու լուսավորության սարքերը: 6%-ով՝ մանածագործական արտադրատեսակները, ավելի քան 8%-ով՝ գործվածքներն ու վարագույրները, 9%-ով՝ անկողնու պարագաներն ու սպիտակեղենը:

Առողջապահության ոլորտը միջինում թանկացել է 1.7%-ով: Ստոմատոլոգիական ծառայությունները՝ ավելի քան 4, օժանդակ բժշկական ծառայությունները՝ 4.8%-ով: Բժշկական հետազոտական լաբորատորիաների և ռենտգեն կաբինետների ծառայությունները՝ 4.8%-ով, հիվանդանոցների ծառայությունները՝ 4.4%ով: Կրթական ծառայությունները նույնպես թանկացել են: Կրթությունը միջինում՝ 1.4%-ով, մինչդեռ նախադպրոցական կրթությունը՝ 2.8%-ով, տարրականը՝ 4.1-ով, միջնակարգը՝ 2.9%-ով և այդպես շարունակ:

Իհարկե, 450 անուն ապրանքատեսակների գների փոփոխման միջինացման արդյունքում ստացվում է առաջին անհրաժեշտության ապրանքների 1-2%-անոց գնաճ, որը կարելի է համարել թույլատրելի նորմայի շրջանակներում, մինչդեռ իրականում, ինչպես արդեն նշվեց, սրանց մի զգալի մասն այնքան էլ առաջին անհրաժեշտության ապրանք ու սպասարկում չեն, բայց էապես փոխում են գնաճի իրական պատկերը և ամենօրյա մեր սպառման առաջին անհրաժեշտության ապրանքներից 5-6%-ով հացի թանկացման, 8-9%-ով մակարոնեղենի թանկացման, 6-7%-ով մսի թանկացման, 12%-ով բանջարեղենի, 70-75%-ով կարտոֆիլի թանկացման պարագայում մենք ունենք կյանքի 1%-անոց թանկացում: Այդքանից հետո մնում է հասկանալ, արդյոք դա կապ ունի գյուղնախարարության վերացման հետ, թե այդ նախարարության գոյությունն ինքնանպատակ էր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...