Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթից եւ 2050 թվականների համար ռազմավարական նպատակների հռչակումից հետո Հայաստանում կատարվում է տարօրինակ բան:

Նպատակները թիրախավորվել են: Թիրախավորողները տարբեր են, թե նախկին համակարգից՝ մի շարք հասկանալի պատճառներով, թե նոր խմբեր եւ կազմավորումներ, թե նոր իրավիճակում նոր հավակնություն ունեցող, միաժամանակ նոր բարդույթներ վաստակած կազմավորումներ:

Բուն խնդիրը շրջանակը չէ, ովքեր թիրախավորում են հռչակված նպատակները: Եվ վերջին հաշվով խնդիրն անգամ թիրախավորելը չէ: Քննադատությունը, ընդդիմախոսությունը կարեւոր է, որքան էլ այն երբեմն հիմնված է միայն նենգափոխման, մանիպուլյացիաների եւ անձնական որոշակի հաշիվների վրա:

Բուն խնդիրն այն է, թե ինչպիսին է թիրախավորման բնույթը: Որովհետեւ, այստեղ հարվածի ուղղությունն ու խորությունը հանրային գիտակցությունն է, այդ գիտակցության մեջ տկարության, մեծ նպատակների անկարողության, թուլության գիտակցության սերմանումը, «հնարավոր չէ» փիլիսոփայության ներարկումը:

Մի շարք անհատներ, խմբեր, կազմավորումներ մի քանի օր է փորձում են համոզել, ապացուցել հանրությանը, որ հնարավոր չէ դառնալ 5 միլիոն, հնարավոր չէ ունենալ տնտեսական այդչափ աճ, հնարավոր չէ այս նպատակը, հնարավոր չէ այն նպատակը:

Մեծ հաշվով, սա նոր երեւույթ չէ: Գործնականում հետանկախական ամբողջ շրջանում, անգամ պատերազմի հաղթանակից հետո, հանրությանը գործնականում բերել են մտածողության մի ռեժիմի՝ որ հնարավոր է միայն գոյատեւել, չցցվել, չունենալ ավելորդ հավակնություն, անգամ պատրաստ լինել հրաժարվել հաղթանակի մի մասից, միայն թե ոտքերը չերկարել վերմակից ավելի: Եվ վերմակը տարեցտարի կարճացել է հենց այդ կարճամիտ փիլիսոփայությունից, որ զանազան պատճառներով հանրությանն ուղիղ կամ նուրբ տողատակերով տարիներ շարունակ ներարկել է ոչ միայն իշխող համակարգը՝ որպես իշխանության առհավատչյա, այլ նաեւ ընդդիմադիր ամենատարբեր ուժեր՝ որպես հանրության մոտ «փրկչի» գիտակցության եւ մշտական սպասման առհավատչյա:

Որովհետեւ, միայն թուլության, տկարության, որեւէ մեծ նպատակի անհնարինության ու անկարողության գիտակցությամբ փաթաթված հանրությանն էր հնարավոր, եւ թերեւս հնարավոր է՝ «վաճառել» փրկչի գաղափարը կամ կերպարը:

Այդ հույսի ու ջանքի վրա այսօր էլ կան ուժեր: Եվ դրա առիթներից մեկն է նաեւ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչած ելույթը:

Նախկինում այդպիսի ջանքը «ուտվում» էր, երբ օրինակ Սերժ Սարգսյանն էր նպատակներ շարադրում 2040-ի համար: Նրան էլ իհարկե արձագանքում էին ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանին: Ոչ լիովին նույն մարդիկ, որ այսօր արձագանքում են այդ կերպ: Նրանցից շատերը Սերժ Սարգսյանի նպատակներին ծափահարում էին: Դա իհարկե այլ խնդիր է:

Այժմ սակայն այդ ջանքը չի «ուտվում», որովհետեւ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի եւ նախկին իշխանության ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է, ունի հանրային մեծ վստահություն:

Բայց, խորքային առումով ունի թերեւս նույն խնդիրը, որը Սերժ Սարգսյանի հանդեպ խորացնողներից մեկն էլ թերեւս ինքն էր, թեեւ վերջին մեկ-երկու տարում Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր գործչի վարքագիծն այդ առումով ենթարկվում էր շոշափելի փոփոխության, դառնալով այսպես ասած արմատական դիրքերից  ներկայացող ընդդիմության կոշտ քննադատության պատճառ:

Հայտնվելով գործնականում Սերժ Սարգսյանի վիճակում, Նիկոլ Փաշինյանը արագորեն գիտակցեց, որ լեգիտիմությունն ինքնին լինելով հույժ կարեւոր, պակաս կարեւոր չէ եւ այն, թե ինչպիսին է այդ լեգիտիմության այսպես ասած կառուցվածքն ու բովանդակությունը, նաեւ արագորեն պարզելով, որ բազային առումով ինքը լեգիտիմ է որպես «փրկիչ», ինչը լեգիտիմությունը ուժից ժամանակի ընթացքում վերածում է անտանելի բեռի: Օգոստոսի 5-ի ելույթի տողատակում Նիկոլ Փաշինյանը փորձում էր ակնարկել այլ որակի եւ բնույթի լեգիտիմության համահայկական հիմք ձեւավորելու շուրջ խոսակցություն, լայն քննարկումներ սկսելու մասին:

Առայժմ չի նշմարվում, թե հանրային-քաղաքական ինչ շերտ է պատրաստ դրան, կամ ունի ցանկություն ընդհանրապես:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...