Հայտնաբերվել է «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափած անձը

- in Տեսանյութեր
axjik

Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ Պաշտպանության նախարարության նախնական տպավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանաքարերի պղծման դեպքը տեղի է ունեցել մի քանի րոպեի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Դեպքը երեկոյան է եղել: Մեր տպավորությամբ` հալված, տաք վիճակում գտնվող մոմը բերել են, մի քանի րոպե շաղ են տվել գերեզմանաքարերի վրա և արագ հեռացել»,- ասաց Ալթունյանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը վստահեցրեց, որ հերոս տղաների գերեզմանները կբերվեն պատշաճ վիճակի, իսկ տարածքում կուժեղացվի հսկողությունը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջը բծեր են արվել: Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծմանդեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։