Հայրենի եզերքի երազը – Լուսանկարներ

- in Մշակույթ
Nkarich

Հայաստանի Ժուռնալիստների տան ճեմասրահը տասնամյակներ առաջ՝ 1990-ականների սկզբին ևս ծառայել է՝ որպես սրահ բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսների համար: Այդ ցուցադրություններից մեկն ամբողջապես նվիրված էր երիտասարդ նկարիչ-մանկավարժ Վաղարշակ (Վաղիկ) Խաչատրյանի արվեստի՝ հնարավորինս համապարփակ ներկայացմանը: Դա Վաղիկի առաջին անհատական ցուցահանդեսն էր: 1990-ի օգոստոսն էր…
Ռադիոակնարկը, որ նվիրեցի իրեն, վերնագրեցի «Հայրենի եզերքի երազը…»:

Մարդու մասին առավել ճշգրիտ կարելի է դատել իր երազանքներով: Հայրենի եզերքի երազ գույներն ու անցյալի նվիրական մասունքները, հարազատ դիմագծերից ու աչքերից նայող կարոտն ու կանչը, բնության անվրդով լռությունը, մտովի վերադարձը դեպի կորուսյալ աշխարհներ,- այս ամենը Վաղարշակ Խաչատրյանի աշխատանքների անդրանիկ ցուցադրությունը դարձնում էր մի մտերմիկ, հուզախռով զրույց արվեստագետի և ակնդրի միջև:

Երեք տարի առաջ (1987-ին), ավարտելով բարձրագույն մասնագիտական ուսումը Երևանում, Վաղարշակը վերադարձավ հայրենի Զովաբեր գյուղ՝ երեխաներին գեղեցկի աշխարհին հաղորդակից դարձնելու: Եվ թերևս ոչ ոք իր դասընկերներից և ուսուցիչներից չէր կարող ենթադրել, որ ուսանողական ոչ այնքան վստահ քայլեր անող Վաղարշակը, ինստիտուտն ավարտելուց երեք տարի անց պիտի այսպիսի հասուն գործերով հանդես գա: Աշխատել էր ո՛չ ցուցադրելու, այլ հոգու՛ համար, նկարել էր, որովհետև ձեռքը չէր կարող պարապ մնալ, միտքը չէր կարող չստեղծագործել…

Ժուռնալիստների տան ճեմասրահում անսովոր աշխուժություն էր տիրում: Այստեղ էին հավաքվել Վաղարշակի նախկին համակուրսեցիները, դասախոսները, գործընկերները. նաև նրանք, ովքեր, տեսնելով ցուցահանդեսի ազդագիրը, ժամ առաջ այցելել և դիտել էին նրա նկարները. ու համակված նկարչի ջերմ ու մտերմիկ աշխարհով՝ հիմա ուզում էին մոտիկից ծանոթանալ նրա հետ, իրենց համակրանքի խոսքն ասել:

Ցուցահանդեսը բացեցին Լևոն Ղազարյանը (199 0–ին՝ Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի բաժնի վարիչ) և Աիդա Թոփուզյանը (1990 –ին՝ Ժողովրդական կրթության փոխնախարար):

«Շատ ոգևորիչ է, որ սա նկարիչ-մանկավարժի ցուցահանդես է: Վաղարշակ Խաչատրյանն աշխատում է Սևանի շրջանի Զովաբեր գյուղի դպրոցում, միաժամանակ դասավանդում Հրազդան քաղաքի թիվ 8 դպրոցում և պիոներ պալատում,- ասաց Լևոն Ղազարյանը:- Այս ցուցահանդեսը, իմ կարծիքով, հայտնություն է: Նկարիչը ցանկություն չի ունեցել ցուցահանդես ունենալու, մեր պատահական հանդիպումն առիթ դարձավ այս ցուցահանդեսի բացման, և ինձ թվում է՝ այն շատ հետաքրքիր է: Չեմ ուզում խոսել ցուցահանդեսի գեղարվեստական արժանիքների, ստեղծագործությունների նրբաճաշակության մասին և այլն, միայն մի բառ կասեմ՝ նկարչին մեծ ապագա է սպասվում»:
«Ես է; եմ ուզում միանալ այն կարծիքին, որ իսկապես այսօր շատ գեղեցիկ ցուցահանդես է բացվում,- ասաց Աիդա Թոփուզյանը:- Նմանատիպ ցուցահանդեսներն արդեն ավանդույթ են դարձել մեր հանրապետությունում: 10 տարի է, ինչ մենք յուրաքանչյուր ուսումնական տարվա և՛ նախօրյակին, և՛ ընթացքում բացում ենք մեր մանկավարժ-նկարիչների և նրանց աշակերտների ցուցահանդեսները: Վաղարշակ Խաչատրյանի ցուցահանդեսը ևս իր շարունակությունն է ունենալու՝ իր սաների ցուցահանդեսը բացելու առումով: Ես ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդ նկարչին, ուսուցչին, ցանկանալ նրան մեծ հաջողություններ, ցանկանալ, որ նրա արվեստը, իր սերը գեղեցկի նկատմամբ, իր ստեղծագործական եռանդը շարունակի ներդնել մեր երեխաների գեղագիտական դաստիարակության գործում»:

Ցուցահանդեսի այցելուներին ամենից ավելի ուրախացնում էր այն, որ ահա այսպիսի շնորհալի նկարիչն ապրում, ստեղծագործում է, և, որ ամենակարևորն է, դասավանդում է իր հարազատ դպրոցում. մեր դպրոցներն այնքա՜ն կարիք ունեն ստեղծագործական մտքի տեր ուսուցիչների: Այդ մասին խոսեց նաև նկարիչ Ստեփան Մինասյանը և ապա շարունակեց. «Մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո նա որոնումների մեծ ճանապարհ է անցել և այդ որոնումներից հետո մեր ազգի այս վերածնության շրջանում կարողացել է նաև իր ստեղծագործությունների մեջ ընդգծել այդ վերածննդի եզրերը: Մի քանի աշխատանքներում հատկապես արդեն բացահայտ երևում է նրա ազգային մտածելակերպը: Ես անձամբ խորհուրդ կտայի, որ այդ նույն տեսանկյունով շարունակի աշխատել»:
«Հայոց ուսուցիչների միությունն» այս ցուցահանդեսը կազմակերպելու առիթով Վաղարշակ Խաչատրյանին պարգևատրեց դիպլոմով և կրծքանշանով:

Մեր զրույցում Վաղարշակը պատմեց. «Նկարել սկսել եմ մանկական տարիներից: Այդ տարիներն ինձ համար գունագեղ էին, ինձ դրդում էին նկարել: Դեռ մանկուց սիրել եմ բնությունը, բնության գողտրիկությունը: Ամեն մի անկյուն ինձ համար նկար էր: Տարիների հետ ավելի սերտորեն կապվեցի նկարչությանը: Նկարում էի ամեն ինչ՝ բնության տեսարաններ, դպրոցական ընկերներիս, տարբեր թեմաներով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի գեղարվեստական ուսումնարան: Այստեղ էլ ինձ նորովի երևաց նկարչական աշխարհը, ամբողջապես տարվեցի ստեղծագործելով: Ինձ համար այդ տարիներին հաճելի էր նկարել մարդկանց, տեսնել նրանց և՛ թախիծը, և՛ երջանկությունը ու այս բոլորը հաղորդել կտավին: Հետագայում ինձ համար ավելի հոգեհարազատ էր թեմատիկ նկարչությունը:
Մանկավարժությունը համատեղել եմ արվեստի հետ: Երկուսն էլ անսահման հրաշալի են: Մանկավարժությամբ զբաղվելուն համատեղ նաև ստեղծագործում եմ: Նոր երանգավորում է ստացել իմ աշխարհը: Այժմ մտածում եմ զուտ հայրենասիրական թեմաների շուրջ: Ուզում եմ տեսնել հայրենիքս ազատ, մարդկանց՝ երջանիկ, երազում եմ Վանա լիճը, Արարատը: Սրանց վկայությունն է «Առավոտ լուսոյ» կտավը.

պատկերել եմ Արարատի սպիտակափառ գագաթը, որի վրա՝ հայ աղջկա սիմվոլիկ պատկերը՝ թևերը տարածած կապույտ երկնքին, նրա գլխավերևում ճախրում են ճերմակ աղավնիները: Հայրենասիրական թեմայով են արված նաև «Արձագանք», «Խորհրդավոր այց», «Հայտնություն», «Ղարաբաղ», «Ցնծություն» կտավները:
Ինձ համար ստեղծագործելու աղբյուր է հանդիսացել հանճարեղ Սայաթ-Նովայի կերպարը: Սայաթ-Նովային եմ նվիրել մի շարք: Այս շարքում Սայաթ-Նովային փորձել եմ պատկերել նորովի: Միանգամից ասեմ՝ ազդվել եմ հանճարեղ Սերգեյ Փարաջանովից: Սայաթ-Նովայի երաժշտությունն իմ ընկալմամբ բազմերանգ է՝ վարդագույնի, կարմիրի նուրբ զուգորդումներով:
Ես գիտեմ, որ փնտրումների մեջ եմ: Ինստիտուտն ավարտելուց հետո սկսվել է ստեղծագործական մի նոր շրջան. իմ վերջին շրջանի նկարներում երևում է՝ ստեղծագործություններս ավելի ազատ են, թեթև ու անկաշկանդ»:

Բարձր էին բոլոր այն արվեստագետների ու արվեստաբանների գնահատականները, որոնք այցելեցին Վաղիկ Խաչատրյանի ցուցահանդեսը: Ահա թե ինչպես գնահատեց նրա ստեղծագործությունը նկարիչ Ղարիվ Եղիազարյանը. «Զարմանալի ժողովուրդ է մեր ժողովուրդը: Այսօր կրակոցներ են մեր երկրի սահմաններին. դուք գիտեք՝ ի՛նչ է կատարվում մեր սահմանամերձ շրջաններում. բայց այստեղ բացվում է ցուցահանդես: Այսպես միշտ է եղել: Եվ արարման ոգին է, որ որ մեզ փրկել է: Այսպիսին է նաև այս պահը, երբ բացվում է Վաղարաշակի ցուցահանդեսը: Դիտելով նրա գործերը՝ ես տեսա մարդուն՝ անմիջական, պարզ, իսկական հայ մարդուն, մանկավարժ-նկարչին:
Եվ բացելով իր ցուցահանդեսը՝ նա խոսք ունի ասելու հոգու, սրտի, ուզում է իր տառապանքին, խոհերին հաղորդակից դարձնել դիտողին: Դիտելով այս կտավները՝ ես տեսա բնության երգը: Բույրով է լցված Վաղարշակի հոգին. նրա անմիջականությունը, նրա խոսքը, իրոք, հասնում են մարդու հոգուն և մտքին: Այս գործերը լի են բանաստեղծական երանգով, ասելիքը հետաքրքիր է, յուրահատուկ ոճ կա, և զգացվում է նրա բազմակողմանի կոմպոզիցիոն մտածելակերպը: Դիտելով նրա կտավները՝ տեսնում եմ մեր նախնիներին, ինչին նա առանձնահատուկ նշանակություն է տվել և ստեղծել իր նկարչական աշխարհը»:

«Մենք, իրոք, հերոսական ազգ ենք այն իմաստով, որ այս վիճակում ստեղծագործում ենք,- սա մեջբերում է արվեստաբան Մերի Երզնկյանի խոսքից:- Եվ եթե հիմա Վաղարշակի ստեղծած արժեքները, ինչպես տեսնում եմ, պրոֆեսիոնալիզմի տեսակետից որոշակի մակարդակի վրա են, ապա հույս կա, որ այդ մակարդակը տասնապատիկ է զարգանալու: Որովհետեև եթե այս վիճակում նա հոգի, սիրտ ունեցավ ստեղծելու, ապա ի՞նչ է խանգարում, որ նա և մեր բոլոր ստեղծագործող երիտասարդներն ապագայում (որը, հուսանք՝ ավելի լավը կլինի) առավել լավ չեն աշխատի, գեղեցիկը չեն ստեղծի: Այդ գեղեցիկով հենց մենք կհավերժանանք: Կցանկանայի, որ մոտ ապագայում Վաղարշակն ավելի բարձր աստիճանների բարձրանա իր կատարողական վարպետության մեջ:
Ցուցահանդեսը հետաքրքիր է իր կամերային, ինտիմ բնույթով: Շատ անկեղծ բացահայտել է իր մարդկային էությունը սեփական ստեղծագործություններում::
Կուզեի նշել բազմազանությունը և՛ կերպարվեստի տեսակի առումով, և՛ ժանրային: Ներկայացված է գեղանկարչություն, գրաֆիկա, իսկ ժանրային առումով՝ բնանկար, դիմանկար: Պետք է ասեմ, որ շատ լավն են նկարչի գծանկարները: Ընդհանրապես, նկարչին բնութագրելիս, նրա գրագիտությունը բացահայտելիս, գնահատում են նրա գծանկարը: Գծանկարում նրա դիմանկարները խոսում են այն մասին, որ ունի շատ լուրջ, պրպտող միտք, ինչի շնորհիվ ի հայտ է բերում իր պրաֆեսիոնալ ունակությունները»:

Գեղանկարչոոթյան մեջ էլ Վաղիկն անկեղծէ և շատ անմիջական: Շատ հետաքրքիր են առաջին հերթին դիմանկարները. կա մի ներքին թարմություն, որը կարողանում է ի հայտ բերել նկարիչը: Հայտնի է, որ ոչ բոլոր նկարիչներին է հաջողվում իրենց ուզածը մարմնավորել պահանջվող որակով և մակարդակով: Նշենք «Ավոյի դիմանկարը», «Աղջկա դիմանկարը», «Տիգրանի դիմանկարը», որոնք արդեն ամբողջական գործեր են: Հետաքրքիր է նրա «Սայաթ-Նովա» շարքը՝ և՛ գծանկարներով, և՛ գեղանկարչությամբ: Կոմիտասի կերպարն է շատ հետաքրքիր մեկնաբանված: «Եվ ընդհանրապես, կա մի մեծ լրջություն, որն արդեն մեծ արժեք է ներկայացնում երիտասարդ նկարչի համար,- նկատում է Մերի Երզնկյանը:- Նա կարող է կատարելագործվել՝անգամ այլ թեմաների չդիմելով. նա կարող է իր խոսքն ասել արվեստում: Այս արվեստն, իհարկե, նվիրված է հայ ժողովրդին. փոքրիկ, գեղեցիկ ընծա է այս ծանր օրերին, երբ հայն ուժ ու կարողություն է գտնում իր մեջ ստեղծագործելու և իր ժողովրդին պարգևել փոքրիկ ուրախություն»:

Հասմիկ Սարգսյան
1990 թվական, օգոստոս

Հ.Գ. Այս ռադիոակնարկը Հայաստանի պետական ռադիոյի եթերում հեռարձակվելուց հետո անցել է ուղիղ 29 տարի: Դրանց հաջորդած տարիները Վաղիկ Խաչատրյանի համար եղել են դարձյալ ստեղծագործելու, որոնումների ու հայտնությունների տարիներ: Բնույթով իր անձը չցուցադրող, համեստ ու պարկեշտ լինելով՝ նա չի աղմկել իր արվեստի շուրջ, ու դա ինչ-որ տեղ ստվերել է բուռն անցուդարձով ու զարգացումներով լեցուն հայ կերպարվեստում նրա անունը: Բայց չտեսնել այն, ինչ նա ստեղծում է, անհնար է: Վերընթերցելով նրա անդրանիկ ցուցահանդեսի մասին շարադրանքս և վերադիտելով ներկայումս նրա ստեղծած կտավների, գծանկարների շարքերը՝ պարզորեն տեսա, որ նկարիչը մնացել է հավատարիմ իր ընտրած թեմաներին՝ բազմազան դարձնելով դրանք, խորացնելով ասելիքն ապրած տարիների փորձառության իմաստնությամբ, հավելելով հոգեբանական շերտեր, ավելի տեղ տալով հոգևորին՝ Աստվածայինի և մարդկայինի մասին իր գեղանկարչական մտածումներով: Հայրենի բնաշխարհի պատկերները զուգորդվել են նահապետական կենցաղվարության վերարժևորումներով, որոնք նաև աշխատանքի գունեղ երգեր են, հողի մարդու՝ գեղջուկի և խնոցի հարող, հաց թխող գեղջկուհիների հավաքական կերպարների մերօրյա արարումներ: Երազի դրախտային թռչունը ափին՝ կնոջ կերպարից մինչև հայրենի բնաշխարհի առավոտների ու երեկոների թանձրագույն, բազում վառ երանգանցումներով աբստրահարումներ, Քրիստոսի խորահայաց ու վերասլաց պատկերների միջոցով սեփական հոգեքննություններն ի տես դնելը, Սայաթ-Նովայի կերպարի նոր բացահայտումները՝ կոմպոզիցիոն անսպասելի լուծումներով, դիմանկարներում բնորդների հույզն ու ապրումը կայացած նկարչի ձեռագրով վերարտադրելը, ի վերջո, ինքնադիմանկարները՝ անհատականության խորատիտումով և ներքին բախումներով,- այս ամենը Վաղիկ Խաչատրյանի ներկայիս արվեստի սեղմ նկարագիրն է, որը շերտ առ շերտ, գույն առ գույն, հայացք առ հայացք բացվում են՝ նրա կերպարվեստի աշխարհը մուտք գործելու դեպքում:

На изображении может находиться: рисунокНа изображении может находиться: 1 человекНа изображении может находиться: дерево, на улице и природаНет описания фото.На изображении может находиться: один или несколько человекНет описания фото.Нет описания фото.Нет описания фото.Нет описания фото.На изображении может находиться: на улицеНет описания фото.На изображении может находиться: на улицеНа изображении может находиться: рисунокНа изображении может находиться: один или несколько человек и на улицеНа изображении может находиться: растение и на улицеНа изображении может находиться: небо, облако, на улице и природаНа изображении может находиться: растение и на улице