Ինչի՞ հետևանք էր տեղի ունեցած վթարը՝ մարդածի՞ն էր, մարդկային սխալի՞ …

- in Տնտեսական

Գրեթե մեկ ամիս է անցել Հայաստանում խոշոր էներգավթարից, որի հետևանքով անջատվել էին Հրազդան ՊՇԷԿ հինգերորդ բլոկն ու Երևանի ՋԷԿ-ը, որոնք ատոմակայանի դադարի պայմաններում Հայաստանի հիմնական էներգաարտադրողներն են:

Դրա հետևանքով Հայաստանը կանգնեց էներգետիկ կոլապսի առաջ, որն իհարկե աղետի չվերածվեց մի կողմից՝ էներգետիկների հմուտ աշխատանքի, մյուս կողմից՝ որոշակի էներգակարողությունների առկայության շնորհիվ: Հայաստանի էներգահամակարգը ընդունեց խոշոր հարվածը, դիմադրեց և դուրս եկավ մի քանի ժամ տևած ճգնաժամից:

Այդուհանդերձ, մնաց հարցը, թե ինչի՞ հետևանք էր տեղի ունեցած վթարը՝ մարդածի՞ն էր այն, մարդկային սխալի՞, թե՞ հնարավոր է որոշակի դիտավորության հետևանք էր՝ ընդհուպ արտաքին միջամտությամբ, հաշվի առնելով այն, որ ժամանակակից տեխնոլոգիաները որքան բարձրացնում են համակարգերի կառավարման, այսպես ասած, ավտոմատացումը, նույնքան բարձրացնում են արտաքին ազդեցությամբ դրանց խոցելիության ռիսկը:

Իրավիճակին էլ ավելի ինտրիգ հաղորդեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, որը կառավարության նիստում հայտարարեց իր ղեկավարած կառույցի համապատասխան ստորաբաժանմանը տված հանձնարարության մասին՝ ուսումնասիրել վթարի պատճառներն ու հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք: Այդ հայտարարությունն անշուշտ իրավիճակին միանգամայն համարժեք հայտարարություն էր, քանի որ խոսքը վերաբերում էր Հայաստանի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքում գրեթե զրոյական վիճակի ռիսկ առաջացրած իրողությանը: Անցնում է գրեթե մեկ ամիս: Այդ հայտարարությունից մեկ օր անց Արթուր Վանեցյանը նշել էր, որ տասն օրվա ընթացքում հնարավոր կլինի ունենալ որոշակի պատկեր, պատասխան, թե ինչ է տեղի ունեցել: Միաժամանակ հայտնի է, որ ստեղծվել էր վթարի ուսումնասիրման աշխատանքային խումբ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:

Առայժմ չկա որևէ պատասխան թե՛ ԱԱԾ ուսումնասիրություն-քննությունից, թե՛ գերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունից: Ի՞նչ է պարզվել էներգետիկ խոշոր վթարի առումով, ինչի՞ հետ է գործ ունեցել Հայաստանը, ո՞վ է մարել Հայաստանի լույսը: Գործ ենք ունեցել պետության դեմ կազմակերպված դիվերսիայի՞, թե՞ անփութության կամ պարզապես տեխնիկական վթարի հետ:

Բանն այն է, որ Հայաստանը զուտ մասնագիտատեխնիկական առումով կարողացավ իրավիճակից դուրս գալ պատվով, այն էլ՝ հաշվի առնելով նոր, երիտասարդ իշխանության հանգամանքը, ինչը ավելացնում է որոշակի ռիսկային առանձնահատկություն այդպիսի արտակարգ իրավիճակներում: Սակայն ամբողջական հաղթահարման մասին հնարավոր է խոսել այն պարագայում, երբ կա նաև հստակ գնահատական՝ կապված պատճառների հետ, որովհետև դա ազգային անվտանգության հարց է՝ կրկնությունը բացառելու կամ առնվազն զրոյական հավանականության մոտեցնելու տեսանկյունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...