ՀՀԿ գործիչները սկսել են Սարգսյանին «հանձնելու» կամ նրան «նստեցնելու» հրապարակային ակցիա

- in Կեղտոտ լվացք

Հայաստանի զինված ուժերի հրամանատարությունը տարակուսած էր, իսկ մի մասի համար էլ անընդունելի էր, որ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանի զինված ուժերը կուտակվում էին սահմանի տարբեր հատվածներում, հատկապես Արցախի պաշտպանության շրջաններում, անտեսելով դա՝ Երևան էին բերվում սահմանային կորպուսի զորամիավորումներ, ներառյալ՝ Արցախի պաշտպանության բանակից:

Սա հատված է Հայաստանի ռազմական հետախուզությունը մոտ տասը տարի ղեկավարած, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցուցմունքից, որը նա՝ որպես վկա տվել է Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում: Կարապետյանը 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր: Նա պաշտոնանկ արվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմից մոտ երեք շաբաթ անց և անցած տարվա դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց կառավարության ղեկավարի խորհրդական:

Գեներալ-մայորն իր ցուցմունքում ասել է․ «Ինձ և հրամանատարական կազմի շատերի համար զարմանալի էր, որ տարածաշրջանում տիրող վտանգավոր իրավիճակն անտեսելով Երևան քաղաք էին բերվել նաև սահմանային կորպուսների զորամիավորումներ: Խոսքը չի վերաբերում սահմանային դիրքերին կամ հենակետերին: Դա ինձ համար անընդունելի էր, քանի որ սահմանում իրավիճակը բավականին լարված էր և ցանկացած պահին կարող էր պրովոկացիա լիներ և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ ուժերի անհրաժեշտություն առաջանար: Ի՞նչ կարիք կար սահմանային կորպուսներից զորքը հանել, բերել Երևան, երբ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող էին վերահսկվել այլ զորքերի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում Երևանի կայազորում տեղակայված զորամասերի ուժերով: Անհասկանալի էր, թե ինչու է 3-րդ բանակային կորպուսից տեխնիկա բերվել՝ ԲՄՊ տեսակի զրահամեքենաներով: Այդ զրահամեքենաներն ի՞նչ պետք է անեին: Կարծում եմ, դրանց անհրաժեշտությունը չկար»:

Ռազմական հետախուզության երկարամյա ղեկավարը հավելել է․ «Ավելին նշեմ, ինչո՞ւ էին Արցախի պաշտպանության բանակից զորամիավորումներ բերվել, երբ դրանք ավելի շատ պետք էին հենց Արցախի պաշտպանական հատվածներում, որտեղ, ինչպես նշեցի, այդ օրերին դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել»:

Ի դեպ, ըստ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարության, ԱԱԾ ու ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները, Քոչարյանը նշել է, որ երեկոյան 00-ից հայտարարում է արտակարգ դրություն, մինչդեռ արտակարգ դրության մասին հրամանագիրը հրապարակվել է օրեր անց՝ մարտի 1-ին: Այդ խորհրդակցության ժամանակ էլ, ըստ Կարապետյանի, Սերժ Սարգսյանը առաջարկել է ստեղծել առանձին զինվորական վարչակազմ՝ Երևանի կայազորի այդ ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ:

Գեներալի այս ցուցմունքը օբյեկտիվորեն շարադրում է դրամատիկ իրադարձությունների ընթացքը՝ հաստատելով այն վարկածը, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ փետրվարի 23-ից նախապատրաստել է սահմանադրական կարգի տապալում՝ կեղծված ընտրությունների արդյունքները ֆորմալիզացնելու ճանապարհով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու նպատակով։ Ի դեպ, Կարապետյանի ասածները հաստատում են այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը եղել է հանցավոր պլանի գործուն մասնակից՝ փաստացի պատասխանատվություն ստանձնելով Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ առանձին զինվորական վարչակազմի ձևավորման համար։

Համոզված եք՝ սա միակ փաստը չէ, որ թույլ կտա քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի դեմ՝ նրան որպես մեղադրյալ ներգրավվելով Մարտի 1-ի գործում։ Այնուամենայնիվ, այս օրերին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հնչել այն մասին, որ Սերժ Սարգսյանի դեմ կարող է քրեական հետապնդում սկսվել, կամ, որ նա կարող է ազատազրկվել։ Այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ վերջին երկու օրվա ընթացքում՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ, ՀՀԿ գործիչները սկսել են Սարգսյանին «հանձնելու» կամ նրան «նստեցնելու» հրապարակային ակցիա։

Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական և տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «․․․Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին, թե զնդանում։ Դե, Նիկոլ, քեզ տեսնեմ։ Օգնիր մեզ ազատել Հայաստանը քեզանից։ Սերժը պատրաստ է»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը։

Նիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը․ ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալությանը, գրում է խորհրդարանի նախկին փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։

«․․․Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ։ Դա կազդարարի հին փուլի ավարտը և մեկ այլ փուլի սկիզբ՝ այն է՝ հին «վիշապների» ժամանակաշրջանի ավարտ և նոր վիշապի ծննդյան փուլ։ Ու այդ ժամ Հայաստանի կունենա նոր վիշապ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով»,- սա էլ հատված է Արփինե Հովհաննիսյանի ֆեսբուքյան գրառումից։

Այսպիսով՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ, ՀՀԿ գործիչները սկսել են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանին «հանձնելու» կամ նրան «նստեցնելու» հրապարակային արշավ, որը կարծում եմ՝ բազմաշերտ գործընթացի մեկնարկ է ու առնվազն չի կարող զգացմունքային պոռթկումի դրսևորում լինել։

Առաջին վարկածն այն է, որ Սերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է ու, նախկին համակարգի ներկայացուցիչները լավ հասկանում են՝ երրորդ նախագահը չի կարող «չոր» դուրս գալ խաղից՝ հատկապես, որ հասարակությունը նրա հարցում նույնքան կոնսոլիդացված մերժողական դիրքորոշում ունի, որքան՝ Ռոբերտ Քոչարյանի հարցում։ Այլ խոսքով՝ հանրապետականներն այս գլխից փորձում են Սերժ Սարգսյանի համար «քաղհալածյալի» կերպար կերտել։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ հանրապետականների բարձրացրած աղմուկը որևէ կապ չունի իշխանության հնարավոր քայլերի հետ ու ընդամենն արտացոլումն է այն բանի, որ հին համակարգի ներսում պայքար է սկսվել առաջնորդության համար։ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր աշնանային սրացումներ՝ հավակնելով իր շուրջ համախմբել հին համակարգի սեգմենտներին, շատ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը փորձում է «հալածյալի կերպարով» կանխել Քոչարյանի առաջնորդությունը՝ պահպանելով առնվազն այսօրվա ստատուս քվոն կամ հասնել նրան, որ հին համակարգի բոլոր սեգմնետներն ընդունեն իր դոմինանտությունը։

Սակայն ուշագրավ է, որ սոցապ նախկին նախարար, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, որը հեղափոխության օրերին՝ հակադրվելով ՀՅԴ որոշմանը, դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը՝ սեփական մանդատի զոհաբերության հաշվին, ֆեյսբուքյան գրառումով պարարտ հող է ստեղծել դավադրական տեսությունների զարգացման համար։ «Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այստեղ նոր բան չկա: Ուշագրավ-անակնկալ է մեջբերվող այս հատվածը․ այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը:

Սպասենք փակագծերի բացման: Գող, թալանչի, սուտասան, բանսարկու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ: Միքայել Մինասյանը իշխանափոխության ընթացքից տեղյակ մեկն է: Նաև՝ իշխանություն-Փաշինյան տևական հարաբերություններից»,- գրել է Վարդանյանը:

Վարդանյանը, որը պահպանում է իր ջերմ հարաբերությունները Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստացի ակնարկում է, որ հեղափոխությունից առաջ կամ դրա դրամատիկ օրերին Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղել են ստվերային պայմանավորվածություններ։

Եթե հետևենք այս վարկածին, ապա ՀՀԿ գործիչները, թերևս, մտավախություններ ունեն, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանը մտադիր է պայմանավորվածություններ խախտել ու հենց այդ նպատակով են աննախադեպ աղմուկ բարձրացրել՝ հրապարակային «քսիվ» ուղարկելով վարչապետին։ Իսկ եթե մենք էլ տրվենք դավադրական տեսություններին, կարող ենք նույնիսկ ենթադրել, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը պարզապես նոր առևտուր են առաջարկում Փաշինյանին՝ Սերժի կալանավորման թեման կամ նույնիսկ փաստը հրամցնելով վարչապետին՝ նրան հնարավորություն ընձեռելով հասարակության ուշադրությունը շեղել, ասենք՝ Ամուլսարի թեմայից։ Իհարկե, ՀՀԿ-ն նման գործարքի կարող է գնալ ամենևին էլ ոչ հումանիստական նկատառումներից ելնելով։

Որն էլ լինի ճշմարտությունը՝ Սերժ Սարգսյանին «կալանավորելու» թեման կարող է հարուցել նոր զարգացումներ՝ կանխատեսելի ու անկանխատեսելի սցենարներով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...