ՀՀԿ-ում խառնվել են իրար. ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր հայտարարում Փաշինյանը

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արած հայտարարությունը: Բանն այն է, որ Ն. Փաշինյանը անակնկալ հայտարարել էր, թե մոտավորապես 2014 թ.-ին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել:

Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված, այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, եւ ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ է առաջացրել տարբեր քաղաքական ուժերի շրջանակում: Նախորդ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին կարող է խոսքը լինել: Նշվում է նաեւ, որ իշխանությունները մտահոգված են այն բանի համար, որ հնարավոր է այդ փաստաթուղթն առաջիկայում հրապարակվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր լծվել են այդ փաստաթղթի հրապարակման գործին: