Serj Robert

«Ես կարծում եմ՝ այստեղ մաքուր տեխնոլոգիայի հարց է, այսինքն՝ եթե կա ինֆորմացիա, որ մտադիր են ձերբակալել Սերժ Սարգսյանին, ապա փորձ է արվում քաղաքական օրակարգ դարձնել այս խնդիրը: Քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից եթե ասենք՝ սա կոչվում է վակցինացիա, այսինքն՝ ի սկզբանե այս թեման պաշտոնական լրահոսից առաջ է գցվում շրջանառության մեջ»,- ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով հանրապետականների կողմից Սերժ Սարգսյանին «հանձնելու» հարցին:

Նրա խոսքով՝ միաժամանակ նաև հայտարարվում է, թե դա ինչի կարող է բերել, այսինքն՝ իշխանությանը կանգնեցնում են դիլեմայի առաջ առ այն, թե ինչ ռիսկեր է սա պարունակում. «Ես չգիտեմ՝ իսկապե՞ս Սերժ Սարգսյանին կալանավորելու կամ ձերբակալելու որոշում կա, սակայն այն, ինչի մասին հիմա խոսվում է, դա իսկապես պարունակում է և՛ որոշակի ռիսկեր իշխանության համար, և՛ դիվիդենդներ»:

Վիգեն Հակոբյանը իշխանությանն ուղղված որոշակի ակնարկներ է նկատում Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցի՝ հատկապես վերջին արտահայտության մեջ, թե՝ «միֆերը պետք է պայթեցնել». «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանության կողմից կարող են ինչ-որ գաղտնազերծումներ լինել՝ կապված պայմանավորվածությունների հետ»:

Իսկ թե որն է այս խոսակցությունների նպատակը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը այսպես պատասխանեց. «Քաղաքական մշակույթի չզարգացվածության պարագայում իրավական և քաղաքական գործընթացները շատ հաճախ խառնվում են իրար: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. երբ ասում են նախորդ իշխանությունների հետ պայմանավորվածություններ, ժողովուրդը դա ընկալում է որպես հանցավոր համագործակցություն»:

Քաղաքագետի խոսքով՝ եթե անգամ եղել է լատենտ պայմանավորվածություն, որի արդյունքում կանխվել է հեղափոխության ժամանակ ուժի կիրառումը՝ դրա դիմաց ձեռք բերելով որոշակի երաշխիքներ, ապա այդ պայմանավորվածությունը պետք է ամեն կերպ պահվի քաղաքական հարթությունում, բայց ոչ՝ իրավական:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...