serzh-sargsyan

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը երեկ գրառում է արել այն մասին, որ 2018 թվականին Հայասստանում հեղափոխությունը հասունացել էր, բայց չի ավարտվել, այսօր News.am-ին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:

Նա հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եւ մի շարք գեներալների ձերբակալությունը, հանրության ուշադրությունը շեղելու համար: Նա նշել է, որ իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և այս պահին երեք դժվարին խնդիր ունի լուծելու` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ:

Իր հերթին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը պատրաստ է հանուն ժողովրդի նստել», որ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը կարող է իշխանության վերջի սկիզբը լինել:

Չի բացառվում, որ Հայաստանում որոշակի գործընթացներ տեղի ունենան Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի եւ Արցախի խնդրի շուրջ:

Ըստ ամենայնի, կառավարությունը դրական որոշում է տալու Ամուլսարի հանքի շահագործմանը, բնապահպաններն ու հասարակական խմբերը հայտարարել են, որ այդ պարագայում կոշտ դիմադրություն են ցույց տալու, որը կարող է վերածվել ոստիկանության հետ բախումների:

Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը նույնպես կարող է վերածվել քաղաքական դիմակայության: Կոնվենցիայի էությունը գրեթե չի քննարկվում, փոխարենը խոսվում է ակցիաների ու ցույցերի մասին:

Արցախյան խնդրում տարօրինակ ակտիվություն է նկատվում Ադրբեջանում, որը «գրավում է» իր իսկ տարածքները, որոնց համար սահմանապահները գեներալական կոչումներ են ստանում: Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվում է այն միտքը, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան եւ վերջ» արտահայտությունը կարող է վկայել բանակցային գործընթացի կասեցման մասին, որը կհանգեցնի էսկալացիայի աճի: Բաքուն փորձում է օգնության կանչել ռուս փորձագետներին՝ փորձելով նրանց շուրթերով «զգուշացնել» Նիկոլ Փաշինյանին բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության անթույլատրելիության մասին:

Դատելով վերջին շաբաթվա իրադարձությունների խճանկարից՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում թեժ աշուն է լինելու: Առավել եւս, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալու է ԵՏՄ գագաթնաժողովը, իսկ ռուսական ու հայկական լրատվամիջոցներում լուրեր են տարածվում, որ Պուտինը ցանկանում է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին:

«Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»,- կանախատեսել է Սերժ Սարգսյանի փեսան:

Դժվարանում ենք կանխատեսել, թե ինչ հիմքերով է Միքայել Մինասյանը նման կանխատեսումներ անում, արդյոք նա մտածում է, որ երկրի երրորդ նախագահին հնարավո՞ր է կալանավորել, եթե վերջինս հանցագործություն չի կատարել։ Միքայել Մինասյանն այս հարցերը նրբանկատորեն շրջանցում է՝ ավելի շատ ակնարկելով, թե Հայաստանում ձերբակալությունները կատարվում են քաղաքական հաշվարկներով։

Սա միանգամայն շինծու, արհեստածին վարկած է, որը նպատակ ունի քողարկել նախկինում կատարված հանցագործությունները, քաղաքական աստառ տալ ակնհայտ հանցագործ արարքներին։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը կանխամտածված տապալել է սահմանադրական կարգը կամ խոշոր կաշառք է վերցրել մի գործարարից․ այս փաստերը նախաքննության կողմից հասատատվել են ու կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե այս պատմության մեջ ո՞րն է քաղաքական հետապնդումը։

Մեկ այլ առիթով կարող ենք խոսել քաղաքականության կամ ստվերային պայմանավորվածությունների մասին։ Խոսքն այն մասին է․ որ նույն Մարտի 1-ի գործով կան ցուցմունքներ, որոնք մատնանշում են Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը, սակայն նա գործով անգամ մեղադրյալ չէ, ինչը պատճառ է դարձել, որ հասարակական միջավայրում դավադրապաշտական վարկածներ տարածվեն Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի ստվերային պայմանավորվածությունների մասին։

Հասարակությունը Փաշինյանին մեղադրում է ոչ թե անհադուրժողականության, այլ Սերժ Սարգսյանի ու քրեաօլիգարխիկ համակարգի մյուս նշանավորների հանդեպ չարդարացված «բարության» համար» ու եթե Փաշինյանն ի կատար չածի հանրային օրակարգը, ապա դժվար է լինելու խոսել հեղափոխության վերջնական հաղթանակի, նրա արժեքների կապիտալիզացիայի մասին։

«Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է: Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը»,-չարագուշակորեն կանխատեսում է Միքայել Մինասյանը։ Նրա հետ, անշուշտ, համաձայն կլինենք, եթե Նիկոլ Փաշինյանի թիմի գործողությունները սահմանափակվեն միայն լեգիտիմ ռեպրեսիվ քայլերով՝ չհանգեցնելով մարդկանց կյանքի որակի բարելամանը։ Սակայն՝ եթե նույնիսկ Փաշինյանի թիմն ապաշնորհ է, դա չի նաշանակում, թե նախկինում կատարված հանցագործությունները պետք է մնան չբացահայտված։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ։

Այն, որ երրորդ նախագահի ազատազրկումը գործող վարչախմբի վերջին ջոկերն է, ակնհայտ էր վաղուց։ Սեփական ապիկարությունը, քաղաքական անուժությունը, երկրի օրեցօր սրացող խնդիրներին անհամարժեքությունն ու անկարողությունը քողարկելու համար սկանդալային շոուների բեմադրության հարցերում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս դիմելու է իր վերջին զենքին՝ Սերժի ձերբակալությանը։

Տարիներ շարունակ ստի, կեղծիքի, ատելության արշավի եւ «սաղ Սերժնա մեղավոր» պրիմիտիվ կոնցեպտի քավորի գործերը ընդամենը մեկուկես տարվա մեջ այնքան են վատացել, որ սեփական քաղաքական կյանքը մի քանի ամիս երկարաձգելու համար նա կդիմի այդ վերջին հնարավոր քայլին։

Սերժը պատրաստ է նստել։ Սերժը նստելու է ժողովրդի խաթր, որ 15 ամիս առաջ իր պաշտոնանկությունը ցնծացող հազարավոր մարդիկ հիպնոզից վերջապես դուրս գալու պատմական շանս ունենան։

Լավ, իրան էլ նստացրեցիք, հետո ի՞նչ եք անելու։ Ո՞նց եք մարդկանց բացատրելու, թե ինչու բանտում նստած Սերժի դեպքում էլ իրենց կյանքը չի լավանում, աշխատավարձները բեն բարձրանում, Արցախի հարցը մաքսիմալ հայանպաստ լուծում չի ստանում, երկրի շուրջ սեղմվում է աշխարհաքաղաքական օղակը։ Ու ժամանակին մոլորված եւ պրոբլեմներից հոգնած մարդիկ կտեսնեն, որ իրականում սաղ Սերժը չի մեղավոր։ Ու շատ արագ կգտնեն իրական մեղավորին։

Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին թե զնդանում։

Դե, Նիկոլ, քեզ տեսնեմ։ Օգնիր մեզ ազատել Հայաստանը քեզանից։ Սերժը պատրաստ է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...