Հո ախմախ չի, որ հետ գա. Նիկոլը կբռնի կնալա. Սեյրան Սարոյանը Միհրան Պողոսյանի, Սուրիկ Խաչատրյանի մասին

- in Պնակալեզներ
Seyran Saroyan

Իր առանձնատանը հանդիպելով լրագրողներին եւ պատասխանելով հարցին, թե ինչու հետ չի գալիս Միհրան Պողոսյանը, գեներալ Սեյրան Սարոյանը պատասխանել է՝ հո ախմախ չի, որ հետ գա, որ հետ գա՝ Նիկոլը բռնելու ա նալա:

Խոսելով Միհրան Պողոսյանի ու Միքայել Հարությունյանի մասին, նա ասել է, որ եթե մեղավոր չեն, ինչու են փախել Հայաստանից:

«Սուրիկ Խաչատրյանը Եվրոպայում ա, շատ ծանր օպերացիա է տարել, շատ վատ վիճակում ա: Թողեք էդ մարդը իրա մահով մեռնի, մեղք ա: Իրոք շատ վատ ա, մինչեւ հիմա կոմայից դուրս չի եկել, ինչքան գիտեմ: Սիրտը նոր օպերացիա են արել, Փարիզում ա», իր առանձնատանը լրագրողներին ասել է ՀՀԿ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Ի թիվ այլ հարցերի, նա յուրահատուկ մեկնաբանություն է արել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ: Նա ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական օրենք է:

«Այ էն հոդվածը, որի մեջ գրված ա՝ ես էս տան պապան եմ, իմ կնիկն էլ մաման ա, իմ տղերքն էլ պապա ու մամա ունեն: Հիմա սրանք ուզում են մունդռեն էս ամեն ինչը: Պատկերացնում ես՝ տղերքը գան ու ասեն՝ պապա 1, պապա 2: Պապա պիտի էթա, երեխա վերցնի ու պահի», ասել է նա:

Սեյրան Սարոյանն ասել է նաեւ, որ «Նիկոլ Փաշինյանի ճանաչելով՝ հաստատ վստահ եմ, որ չի թողի վավերացնեն»:

Գեներալ Սեյրան Սարոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է Մարտի մեկի գործին: Հարցին, որ ըստ BBC-ի՝ Մարտի մեկին ցուցարարներին կրակելու օպերացիան ղեկավարել է գեներալ-մայոր Սամել Կարապետյանը՝ Օգանովսկին, նա պատասխանեց. «Չեմ կարա հավատամ ըտենց բան: Ես չգիտեմ՝ BBC-ին ինչ ասեց, թե չասեց, էտ օրը սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երևանում են եղել, հիմա ինչ խաբենք իրար»:

Անդրադառնալով իր ու գեներալ Մանվել Գրիգորյանի դերակատարության մասին հարցին, ասաց. «Էդ մի տեղը բախնտերս բերեց, որ ես Մանվելի հետ թողինք եկանք տուն, մենք տնից դուրս չենք եկել: Թե չէ հիմա էդ էլ էին կապել մեր գլխին, մեզ քրքրել էին: Էնյանից իշխանությունն էր ուզում, որ մենք խառնվեինք, էս յանից ժողովուրդը, որ սաղ շառը գցեին մեր երկուսի վրեն: Բոլորը գնացել են հանդիպման, բացից Մանվելից: Մենք վաբշե մի շաբաթ տնից դուրս չենք եկել»,- նշեց նա:
Սարոյանն ասաց, որ Մարտի մեկի գործով չի հարցաքննվել, ինչ պետք է պատմի, եթե ոչինչ չի տեսել: Նա հավելեց, որ ճիշտ է ասում Խաչատուրովը, թե՝ զինվորական են, հրաման են կատարել: Ըստ նրա՝ էլ ի՞նչ բանակ, եթե զինվորականը հրաման չկատարի:

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ Սարոյանն ասաց. «Մի բանը, եթե պտի մինչև վերջ չեթա, մենք մեզի խայտառակ ենք անում, էդքանը»: