hivandanoc

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

«Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը»,- նշված է հայտարարությունում:

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։

Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով 6 անձ գտնվում է Երևանի երկու բժշկական կենտրոններում։ Տուժածների առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...