Մայրդ ռուս է, դո՞ւ ինչ գործ ունես…

- in Սոցիալական

Համացանցում տարածվել է Սոչիի օդանավակայանի ղեկավարներից մեկի եւ հայկական ազգանունով աշխատակցուհու զրույցի ձայնագրությունը, որից հաստատվում է, որ օդանավակայանի հայազգի աշխատակիցներին աշխատանքից զանգվածաբար հեռացնում են հայկական ազգանունների համար:

Ղեկավարն աղջկան ասում է, թե նա ինչ գործ ուներ նամակի հետ, չէ՞ որ նրա մայրը ռուս է, դե իսկ հայրը…

Նախօրեին տարածվել էր Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների նամակը, որում նրանք պնդում են, որ իրենց աշխատանքից զանգվածաբար հեռացնում են ազգային պատկանելության համար: Միեւնույն ժամանակ, այս թեմայի շուրջ հրապարակումներից պարզ է դառնում, որ օդանավակայանի գործողություններում կա իրավական լուրջ խնդիր, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասի վարչակազմի միջամտության բացահայտ տարրեր: Նույն այդ ձայնագրության մեջ օդանավակայանի ղեկավարն ասում է, որ իրենք չեն ամեն ինչ որոշում, որ հրահանգը վերեւից է:

Թե մինչեւ ուր է հասնում այդ վերեւը, դժվար է ասել: Ռուսաստանի իշխող վերնախավում ներկայում բարդ իրավիճակ է, որը կապված է իշխանության առաջիկա տրանզիտի հետ: Իշխանության ուղղահայացն այլեւս չի գործում, տարբեր խմբավորումները փորձում են իրենց մասնաբաժինն ունենալ իշխանության ապագա կառուցվածքում: Տեղական իշխանություններն այս իրավիճակում ընդհանրապես մնացել են «անտեր» եւ փորձում են տարբեր միջոցներով ամրապնդել իրենց ռենոմեն:

Տվյալ պարագայում, ՌԴ դաշնային տարբեր գործիչներ ու խմբեր կարող են լուրջ զենք դարձնել այս իրավիճակը, որին էլ ուղղված է օդանավակայանի ղեկավարության սադրիչ լկտիությունը:

Այս իրավիճակում հետաքրքիր էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան միջամտությունը, որը սկսել է զբաղվել ազատված աշխատակիցների խնդիրներով՝ չէ՞ որ այդ աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացիներ են:

Ի՞նչ հանգուցալուծում կունենա այս հարցը, նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանում ներքին զարգացումների այս կարեւորագույն շրջանում փաստացի հրահրվում է հայերի դժգոհությունը այն էլ այնպիսի նշանային քաղաքում, ինչպիսին Սոչին է: